ԱՄՆ-ն կրկին միանում է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրին

ԱՄՆ-ն կրկին միանում է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրին

Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) եռամյա դադարից հետո կրկին միանում է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրին: ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը սույն թվականի հունվարի 20-ին՝ Վաշինգտոնում կայացած երդմանակալության արարողությունից անմիջապես հետո, մի շարք հրամանագրեր է ստորագրել, այդ թվում՝ Փարիզյան համաձայնագրին միանալու մասին:

Փարիզյան  համաձայնագիրը միջազգային փաստաթուղթ է, որը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերին՝ Փարիզում և 2017թ. դրությամբ վավերցվել 125 երկրի կողմից: Փարիզյան համաձայնագրով բոլոր երկրների փոխհամաձայնությամբ որոշվել է զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի (1850թ.) ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճանից ցածր մակարդակում` միաժամանակ ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը: Այդ նպատակի համար երկրները ստանձնել են ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման պարտավորություներ:

ԱՄՆ-ն դուրս էր եկել այս համաձայնագրից 2017թ-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հատուկ այս առիթով կազմակերպված ուղիղ հեռարձակման ընթացքում հայտարարել էր. «Որպեսզի կատարեմ Ամերիկան և նրա քաղաքացիներին պաշտպանելու իմ սրբազան պարտքը, հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները դուրս է գալու Փարիզի կլիմայական համաձայնագրից և բանակցություններ է սկսելու կրկին միանալու կա՛մ Փարիզի համաձայնագրին, կամ բոլորովին նոր մի համաձայնագրի, սակայն այնպիսի պայմաններով, որոնք արդարացի են Միացյալ Նահանգների, ամերիկյան բիզնեսի, աշխատավորների, ժողովրդի և հարկատուների նկատմամբ»:

Նշենք, որ ջերմոցային գազերի արտանետման ծավալով աշխարհում առաջատար են համարվում ԱՄՆ-ն և Չինաստանը:

Մոլորակի ջերմաստիճանի բարձրացման 20C շեմը չհատելու համար ածխաթթու գազի արտանետումների թույլատրելի հաշվեկշռի (2900 գիգատոննա) 65%-ը՝ 1900 գեգատոննան, սպառվել է դեռ 1870-2011թթ. ընթացքում: Մնացել է  ընդամենը 1000 գեգատոննա, որը կարելի է արտանետել մթնոլորտ: Եթե այդ սահմանը հատվի, ապա գլոբալ տաքացման գործընթացը կդառնա անկառավարելի:

Հունվար 22, 2021 at 16:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր