Եղեգիս համայնքը գտնվում է Վայոց ձորի հյուսիս-արևելյան մասում և ընդգրկում է 16 բնակավայր։ Համայնքի գրեթե բոլոր բնակավայրերը տեղակայված են Եղեգիս գետի և նրա վտակների հոսքերի երկայնքով, ինչով էլ պայմանավորված է տեղի բնակչության գործունեության անմիջական կախվածությունը գետերի վիճակից։ Համայնքը հարուստ բնություն, կենդանական աշխարհ ունի, պատմամշակութային հուշարձաններ, ինչը նպաստում է տուրիզմի զարգացմանը։ Համայնքի բնակիչներն օգտագործում են վառելափայտ, ինչը մեծ ճնշում է անտառի վրա։ Հաճախակի են ապօրինի անտառօգտագործումն ու արածեցումները։
Եղեգիսը խոցելի է կլիմայական առումով, ինչը բացասաբար է անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների եկամուտների վրա։ Հաճախակի դիտվում է բնական աղբյուրների և նրանցից սնվող գետային հոսքերի սակավաջրություն կամ իսպառ ցամաքում։ Հաճախակի են երաշտի դեպքերը, որոնք որպես հետևանք հանգեցնում են բերքի կորստի։ Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհները հանգեցնում են նյութական և մարդկային կորուստների։ Համայնքում անցյալ տարիներին կարկուտի հետևանքով բերքի կորուստը կազմել է 50 տոկոսից ավելի:
ԷկոԼուրի թիմը Եղեգիս համայնքում ակտիվ բնակիչների և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ անցկացրեց հանդիպում՝ քննարկելու ԷկոԼուրի մշակած «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կանաչ էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և առաջարկվող միջոցառումները» տեղեկատվական մոդուլի նախագիծը։ Փաստաթղթի նպատակն է նպաստել համայնքի լիարժեք ներգրավմանը և իր շահերի պաշտպանությանը կլիմայական և էներգետիկայի ոլորտների պետական քաղաքականությունների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում, աջակցել համայնքի սոցիալական, էկոլոգիական և տնտեսական զարգացմանը՝ հասնելու կլիմայական արդարության և էներգետիկ աղքատության կրճատման։
«Այս փաստաթուղթը հիմք է դառնալու առաջարկությունների համար, որպեսզի էներգետիկ և կլիմայական քաղաքականություններում ներդրվի կամ ուժեղացվի սոցիալ-բնապահպանական բաղադրիչը։ Մենք ուզում ենք, որ համայնքներն ուժեղանան և լիարժեք պաշտպանեն իրենց շահերը», - նշեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։
«Այսօր մենք գուցե միանգամից չենք նկատում գլոբալ տաքացումը, բայց աստիճանաբար տեսնում ենք փոփոխություններ մեր կյանքում՝ շոգը, կանաչ սարերը դարչնագույն են դառնում և այլն։ Կլիմայի փոփոխությունից վնաս է կրում գյուղատնտեսությունը։ Պետք է քարոզվեն նոր տեխնոլոգիաները ու դառնան հասանելի գյուղացիների համար։
Իսկ հիդրոէներգետիկայի ազդեցությունը Եղեգիս համայնքի համար ցավոտ թեմա է, որովհետև հիդրոէլեկտրակայանների չարաշահումը հանգեցրել է գյուղացիների համար խնդիրների։ Այլընտրանքային էներգետիկան՝ արևային, լուծում է, որը կնվազեցնի գյուղացիների ծախսերը։ Գազաֆիկացված գյուղերում էլ մարդիկ գերադասում են փայտ վառել, որովհետև գազը թանկ է։ Արևային էներգետիկայի զարգացումը դրական իմաստով կազդի գյուղացիների սոցիալական վիճակի վրա։
Մոդուլում շատ լավ վերլուծություն է կատարված, և ինձ համար կարևոր են առաջարկությունները, որոնցից ամեն մեկը կարող է համայնքի համար մի ծրագիր է դառնալ», - ասաց «Աշխատանք և հայրենիք տարածքային զարգացման» ՀԿ-ի նախագահ Ռուզան Ղազարյանը։
«Մենք վերլուծել ենք համայնքի հողային և ջրային ռեսուրսների, հիդրոէներգետիկայի, անտառի, աղբահանության հետ կապված խնդիրները, նաև ֆինանսական հնարավորությունները և զարգացման ծրագրերը։ Փորձել ենք հասկանալ, թե ինչ ռեսուրսներ ունի համայնքն իր զարգացման համար», - նշեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։
Այլընտրանքային էներգետիկա, փոքր ՀԷԿ-եր
Եղեգիս գետի և նրա վտակների վրա ներկայում գործում է 17 ՓՀԷԿ, որոնցից 15-ը Եղեգիս համայնքի վարչական տարածքում։ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիայի արտադրության համար տրված է ևս 5 լիցենզիա։ Եղեգիս գետի հոսքի ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով կազմում է 51.46 %-ով, իսկ նախատեսվող ՓՀԷԿ-երի շահագործման դեպքում այն կհասնի 76.69 %-ի, ինչն արգելված է ՀՀ Ջրային օրենսգրքով։
Փոքր ՀԷԿ-երի ճնշումը Եղեգիս գետի և իր վտակների վրա դարձել է սոցիալ-տնտեսական զարգացման, կենսապայմանների ու կենսապահովման վրա ազդող հիմնական գործոն: Վատացել են Եղեգիս գետի ջրի ֆիզիկաքիմիական ցուցանիշները, գետի սանիտարական վիճակը, վերացել է հանգստի գոտիների մի մասը, ամռանը չորացած գետի ափամերձ տարածքը կորցրել է կանաչ ծածկույթը, վատացել է միկրոկլիման։ Ակտիվ բնակչությունը փորձել է պաշտպանել բարենպաստ պայմաններում ապրելու իր իրավունքները, սակայն բնակչության կարծիքը հաշվի չի առնվել։
«Եղեգիս գետի վրա ազատ սանտիմետր չկա։ Ջուրը ՀԷԿ-ից դուրս է գալիս, մտնում մյուս ՀԷԿ-ի խողովակաշար։ Մեր համայնքը ջրով ամենահարուստ համայնքներից էր, բայց հիմա աղբյուրները ցամաքել են։ Արտաբույնք գյուղում ունեինք 40 աղբյուր, մեկը չի մնացել։ Բնական լիճ կար, ցամաքել է։ Սա ՀԷԿ-երի հետևանքն է։ Աղբյուրների սնուցման մայրը ճահճուտն է, բայց խոնավություն չկա, ճահճուտները վերացել են։ Գետը հենց մտավ խողովակ, գետի հունը ցամաքեց։ Վաղը մեծ խնդիր է առաջանալու, գետի ափերի ծառերն են սկսելու չորանալ։ Մեր ձորն այս շրջանի սիրտն էր՝ իր գեղեցկությամբ, ջրային ռեսուրսներով, գետի կարմրախայտով։ Հիմա գետում ոչ թե կարմրախայտ, գորտ էլ չի ապրում», - ասաց Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ շատ բնակավայրեր օգտվում են ջրային ռեսուրսներից առանց ջրօգտագործման թույլտվության։ «Տեղը գալիս է՝ ՀԷԿ-ն ասում է՝ ՋԹ-ն իմն է, ջուրն իմն է։ Մենք նախաձեռնել ենք ՋԹ ստանալու գործընթաց։ Մենք պետք է համապատասխան ծավալի ջուր ունենանք, որ ՋԹ-ով այն բաժանվի և՛ ՀԷԿ-երին, և՛ համայնքին», - ասաց նա։
«Հիմա մեր ջրային ռեսուրսները տրամադրել ենք ՀԷԿ-երին, բայց պետությունը պետք է վերցնի իր հսկողության ներքո, քանի որ պետության ռեսուրսն է», - նշեց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը։ Ըստ նրա՝ պետք է ջրամբարներ կառուցել՝ պայքարելու համար սակավաջրության դեմ․ «Թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջուրը տարեցտարի նվազում է, ունենք այնպիսի աղբյուրներ, որ ոչ ոք չէր մտածի, որ այդ աղբյուրները չորանալու են։ Հիմա այդ աղբյուրները չկան»։
ՓՀԷԿ-եր շահագործող ընկերությունները չեն աջակցում համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ «ՀԷԿ-ի սեփականատերը պետական պարտավորվածություն ունի կատարելու՝ մոտ 450 հազար դրամ տարեկան և 60 հազար սերվիտուտի պայմանագրով վճար: Դրանից դուրս եթե ասես՝ արի համայնքի բնակչի կողմից վճարվող գումարը վերցրու քո վրա, ինքը կպատճառաբանի, որ չի կարող», - ասաց Արթուր Ստեփանյանը։
«Այս ոլորտում չկա կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն», - նշեց Ինգա Զարաֆյանը։
«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը պետք է վարքագծի նորմ լինի։ Պետք է հասկացնել ՀԷԿ-երի սեփականատերերին, որ այս համայնքում դուք ընդհանուր բարիքից եկամուտներ եք ստանում, պետք է կիսվեք տեղի բնակիչների հետ», - ասաց Ռուզան Ղազարյանը։
«Առաջարկենք օրենսդրական փոփոխություն էներգետիկայի ոլորտում, որ բիզնեսն աջակցի տնտեսական ծրագրերի իրագործման համար։ Օրինակ, համայնքում սեփական արևային կայանների տեղադրում», - ասաց Վիկտորյա Բուռնազյանը։ Նա նշեց, որ ՓՀԷԿ-երը 2024 թվականից պետք է վճարեն բնօգտագործման վճար և առաջարկեց համայնքի տարածքում շահագործվող ՓՀԷԿ-երից ստացվող ֆինանսական միջոցներն ուղղել էներգախնայողության և կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման ծրագրերի իրականացման համար։ Այս առաջարկությունը հավանության արժանացավ հանդիպման բոլոր մասնակիցների կողմից։
Էներգետիկ աղքատության կրճատման համար ԷկոԼուրի փորձագետներն առաջարկեցին ներդնել էժան էներգետիկ տեխնոլոգիաներ, որպեսզի համայնքը հրաժարվի հեշտ հասանելի վառելափայտից։ Սրան կարող է նպաստել Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագրին» միանալը՝ ստանալու համար անհրաժեշտ փորձագիտական խորհրդատվություն էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման վերաբերյալ, ինչպես նաև մասնակցությունն այլ միջազգային ծրագրերին։
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը նշեց, որ համայնքն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ։ «Ունենք ծրագիր մշակած, բայց չունենք ֆինանսավորում», - ասաց նա։
Հանդիպման ժամանակ հավաքագրվեցին առաջարկություններ կլիմայի փոփոխության հարմարվողականության, կանաչ էներգետիկայի և կանաչ աշխատատեղերի ստեղծման, համայնքի կայուն զարգացման վերաբերյալ։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կանաչ էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և առաջարկվող միջոցառումները» մոդուլը մշակել է «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի ֆինանսավորմամբ՝ «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագրի շրջանակներում, ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Օգոստոս 16, 2023 at 14:48