Էկոլուրը ՀՀ վարչապետին և նախարարներին ներկայացրել է կլիմայի և էներգետիկայի ոլորտների վերաբերյալ օրենսդրական և ինստիտուցիոնալ առաջարկություններ

Էկոլուրը ՀՀ վարչապետին և նախարարներին ներկայացրել է կլիմայի և էներգետիկայի ոլորտների վերաբերյալ օրենսդրական և ինստիտուցիոնալ առաջարկություններ

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին է ուղարկել էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտների քաղաքականություններում սոցիալական և բնապահպանական պատասխանատու գործելակերպի մշակույթի ներդրման վերաբերյալ օրենսդրական և ինստիտուցիոնալ առաջարկությունների փաթեթը։

«ԷկոԼուր»-ն առաջարկությունները մշակել է «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որպես Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակիցներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագրին աջակցել են ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիրը և «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագիրը։

Ծրագրի նպատակն է․

- նպաստել Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտների քաղաքականությունների տեղայնացմանը համայնքներում
- համայնքային հենքի վրա բացահայտված հիմնախնդիրների իրավական կարգավորման համար մշակել օրենսդրական և ինստիտուցիոնալ առաջարկություններ, որոնք կնպաստեն նաև էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտների քաղաքականություններում սոցիալական և բնապահպանական պատասխանատու գործելակերպի մշակույթի ներդրմանը։

«Էկոլուր»-ի կողմից 2023-2024թթ․ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում իրականացվող կլիմայի փոփոխության և էներգետիկայի ոլորտների քաղաքականությունները բավարար չեն տեղայնացված համայնքներում, որոնք այդ քաղաքականությունների անմիջական կրողն են։

- Համայնքների սուբվենցիոն ծրագրերում չի գնահատվում կլիմայական ազդեցության բաղադրիչը։

- Սուբվենցիոն ծրագրերը չեն դիտարկվել, գնահատվել և պլանավորվել ջերմոցային գազերի արտանետումների կրճատման տեսանկյունից։

- Համայնքները չունեն կամովին ստանձնած նման պարտավորություններ։

- Համայնքներն ունեն մասնագետների պակաս՝ մշակելու կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանը, ինչպես նաև էներգետիկ անցմանն ուղղված ծրագրեր։

- Համայնքների հնգամյա զարգացման ծրագրերում առկա չէ կլիմայական և կայուն էներգետիկ միջոցառումների պլան։

- Համայնքներն ունեն կլիմայական քաղաքականության մասին իրազեկվածության ցածր մակարդակ։

- Համայնքների կարողությունները չեն բավարարում կլիմայական աղետների դիմակայմանը։

- Էներգետիկ աղքատությանն ուղղված միջոցառումները բավարար չեն կամ ընդհանրապես բացակայում են։

Խնդիրների կարգավորման համար մշակվել է օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների 15 առաջարկ։ Ծրագրի թիրախ 4՝ Արագածոտնի մարզի Թալին, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Եղեգիս և Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքների համար մշակվել են էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման միջոցառումներ, որոնք ամփոփված են առանձին 4 մոդուլներում։

էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտների քաղաքականություններում սոցիալական և բնապահպանական պատասխանատու գործելակերպի մշակույթի ներդրման վերաբերյալ օրենսդրական և ինստիտուցիոնալ առաջարկությունների փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ։

Սեպտեմբեր 20, 2024 at 18:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր