Սոնյա Շիֆերս․ «Քաղաքացիական հասարակության ազատ գործելու հնարավորությունը մեր հիմնադրամի համար առանցքային արժեք է»

Սոնյա Շիֆերս․ «Քաղաքացիական հասարակության ազատ գործելու հնարավորությունը մեր հիմնադրամի համար առանցքային արժեք է»

Հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ «COP 29-ին ընդառաջ» կլոր սեղան քննարկումը։

Նպատակն էր ներկայացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության դիրքորոշումը Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի հերթական` 29-րդ համաժողովի (COP 29) վերաբերյալ և պետական մարմիններից լսել Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի մասնակցության և COP-ի շրջանակներում Հայաստանի կլիմայական օրակարգի վերաբերյալ: 

Կլոր սեղանի մասնակիցներին ողջունեց Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Սոնյա Շիֆերսը։ Նա կարևորեց միջոցառման կազմակերպումը, ինչը հնարավորություն է ընձեռում բոլոր շահագրգիռ օղակներին խորացնել համագործակցությունը: «Այս հանդիպումը մեզ համար կարևոր է ոչ միայն հայկական քննարկումները կլիմայի և COP-ի հարցերի շուրջ ավելի լավ հասկանալու համար, այլև որովհետև ցանկանում ենք նպաստել Հայաստանի կառավարության, պաշտոնական հաստատությունների և քաղաքացիական հասարակության միջև այդ հարցերի շուրջ համագործակցության ամրապնդմանը, որպեսզի նախքան COP-ը կլիմայի ոլորտում և ընդհանուր առմամբ բոլոր ներդրումներն ու վերջնարդյունքներն ավելի լավ ուսումնասիրենք»,- նշեց նա։ 

Անդրադառնալով Բաքվում COP 29-ի կազմակերպմանը՝ Սոնյա Շիֆերսը նշեց․ «Կլիմայական ճգնաժամը գնալով ավելի հրատապ է դառնում, և գլոբալ առաջընթացը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հարցում շատ անհրաժեշտ է: Համաժողովը տեղի կունենա Բաքվում՝ Բաքվի և Երևանի միջև հայ ռազմագերիների՝ 32 հայ ռազմագերիների և Հայաստանից 2 ադրբեջանցիների ազատ արձակման համաձայնության արդյունքում։ Միևնույն ժամանակ, Բաքուն շատ խնդրահարույց հյուրընկալող է հատկապես Հայաստանի համար նաև քաղաքացիական հասարակության տեսանկյունից: Հետևաբար, ես ուրախ եմ, որ մենք կարող ենք բաց և վստահության վրա հիմնված միջավայրում քննարկել, թե ինչպես է Հայաստանի քաղաքացիական հասարակությունը վերաբերվում Բաքվում անցկացվող COP 29-ին: Մենք կապված ենք Գերմանիայի Կանաչների կուսակցության հետ, ինչն ակնհայտորեն նշանակում է՝ կլիման մեզ համար շատ կարևոր հարց է»,- նշեց նա:

«Քաղաքացիական հասարակության ազատ գործելու հնարավորությունը մեր հիմնադրամի համար առանցքային արժեք է»,- ասաց նա՝ հավելելով,- «Մենք սերտորեն համագործակցում ենք Human Rights Watch-ի և Amnesty-ի հետ և համատեղ միջոցառում ենք կազմակերպելու Բաքվի COP-ում՝ Կապույտ գոտում: Մեր կողմից COP-ում նշանակված երեք ադրբեջանցի գործընկերներից մեկն օգոստոսին ձերբակալվել է դավաճանության մեղադրանքով և նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում իր հակապատերազմական և հակազգային դիրքորոշման համար: Այսպիսով, մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր գերմանացի քաղաքական գործիչ և գերմանական քաղաքացիական հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ, ով մեկնում է Բաքու, գիտակցի քաղաքական համատեքստը և տեղեկացված լինի Ադրբեջանի ջանքերի մասին՝ օգտագործելու COP-ը «կանաչ լվացման»/greenwashing/ և «խաղաղության լվացման»/peacewashing/ խթանման համար»:

Սոնյա Շիֆերսը նշեց, որ մինչ այժմ իրենք կազմակերպել են բազմաթիվ փաստաբանական հանդիպումներ Գերմանիայում՝ Բունդեսթագում, Արտաքին գործերի նախարարությունում, Էկոնոմիկայի նախարարությունում և Գերմանական զարգացման կորպորացիայում։ «Նոյեմբերի 4-ին Transparency International-ի հետ կկազմակերպվի միջոցառում Բեռլինում, որը կհեռարձակվի ուղիղ եթերում: Մենք կունենանք COP-ի վերաբերյալ նյութեր, որոնք կհամադրեն կլիմայի, արտաքին քաղաքականության և մարդու իրավունքների խնդիրները՝ կապված Ադրբեջանի հետ, ինչպես նաև կլինի մեկ հոդված Հայաստանից»,- ասաց նա։

Կլոր  սեղանը  կազմակերպվել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ`«Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում: 

Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Հոդվածի բովանդակության համար պատասխանատու է միայն հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ:  

Հոկտեմբեր 24, 2024 at 13:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր