Հայաստանը ջրի սուր կարիք է ունենալու

Հայաստանը ջրի սուր կարիք է ունենալու

ԷկոԼուր

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ծրագրերի կանխատեսումների համաձայն` ինչքան ժամանակ անցնի, այնքան Հայաստանը ջրի սուր կարիք է ունենալու: Մինչեւ 2030 թվականը գետերի ամբողջ հոսքը նվազելու է 6,7%-ով, մինչեւ 2070 թվականը` 14,5%-ով, իսկ մինչեւ 2100 թվականը 24,4%-ով: Այս մասին հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ՄԱԿ-Ի ԵՏՀ «Միջազգային լճերի եւ անդրսահմանային ջրհոսքերի պահպանության եւ օգտագործման մասին» կոնվենցիային նվիրված միջազգային գիտաժողովի ընթացքում: Գիտաժողը կազմակերպել էր «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն:

Դիանա Հարությունյանը նշեց նաեւ ձյան տեսքով տեղումների ծավալի կրճատման մասին: 1961-1990 թվականների հետ համեմատած mինչեւ 2030 թվականը տեղումները կկրճատվեն 7-11%-ով, իսկ մինչեւ 2100 թվականը կարող են կրճատվել մինչեւ 40%-ով: Կվատանա նաեւ ջրի որակը, քանի որ նրանում կավելանան աղտոտիչ նյութերը:  Նա ասաց, որ այդ ամենը կազդի նաեւ պարենային անվտանգության վրա: «Վնաս կհասցվի ցանքատարածություններին: Միայն երաշտի պատճառով բերքատվությունը կնվազի 15-34%-ով»,- ասաց Դ. Հարությունյանը:

Ծանր հետեւանքների թվում են սովը, համաճարակային վիճակի վատթարացումը եւ նույնիսկ առողջապահական համակարգի ենթակառուցվածքների ոչնչացումը:

Մեր կողմից նշենք, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ծրագրերի կանխատեսումների ժամկետները ավելի են մոտենում: Եւ վերջին տասնամյակում ծնված երեխաները կարող են այդ ծանր հետեւանքներն իրենց վրա զգալ  ոչ միայն 2030 թվականին, այլ նաեւ 2070 թվականին: Իսկ նրանք, ովքեր հիմա են ծնվում, հնարավորություն ունեն դա տեսնել նույնիսկ 2100 թվականին:

Նոյեմբեր 15, 2012 at 12:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր