

ԷկոԼուր
Եթե ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն տա «Արփա - 3» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծին, ապա Ջերմուկի անտառտնտեսությունում կհատվի 442 ծառ եւ թուփ։ ՓՀԷԿ-ի նախագծում նշված է. «Հատվող ծառերի քանակը ըստ տեսակի հետևյալն է. կաղնի՝ 317 հատ, ուռենի՝ 75 հատ, տանփենի՝ 6 հատ, հացենի՝ 7 հատ, սալորենի՝ 9 հատ, կեչի՝ 28 հատե։ Ծառերը հատվելու են 2650մ երկարությամբ և 1220մմ տրամագծով ճնշումային խողովակաշարի անցկացման համար։ Նշված տարածքը գտնվում է ծովի մակարդակից 2250-ից 2325մ բարձրության վրա։ Թեպետ «Ջինջ Արփա» ընկերությունը պարտավորվում է հատված ծառերի փոխարեն տնկել 500 ծառ։ Ծառատունկը կիրականացվի ՓՀԷԿ-ի շենքի և դերիվացիոն խողովակաշարի տարածքում: Պատվիրատուն կապահովի տնկարկների խնամքը հետագա 4 տարիների ընթացքում։
Նշենք, որ նման բարձր տարածքներում ծառերը մեծ դժվարությամբ են աճում։
Հիշեցնենք, որ Արփա գետի վրա կառուցվող «Ջերմուկ-1» ՓՀԷԿ-ի շինարարության համար էլ հատվելու է 300-500 ծառ:
Օրերս մամուլում ահազանգ հրապարակվեց Ջերմուկի հարակից տարածքներում ծառահատումների մասին, ինչին հետեւած ՀՀ բնապահպանության նախարարության արձագանքից պարզ դարձավ, որ ծառահատումները պայմանավորված են փոքր ՀԷԿ-ի շինարարությամբ, բայց թե որ ՓՀԷԿ-ի, պարզ չէ, միայն հստակ է, որ «Արփա-3» ՓՀԷԿ-ի կառուցման նախագիծը դեռ փորձաքննություն է անցնում։
Հիշեցնենք, որ «Ջինջ Արփա» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարություն փորձաքննության է ներկայացրել «Արփա-3» ՓՀԷԿ-ի 2 նախագիծ։ Առաջին նախագծում նշված էր․«Նախագծվող ՓՀԷԿ-ի տարածաշրջանն ընդգրկված է «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրի տարածքում, որը ստեղծվել է Արփա գետի ավազանի բարձրադիր հատվածներում գտնվող հանքային աղբյուրների պահպանման համարե։ Այն բանից հետո, երբ բնապահպան հասարակայնությունը իր դժգոհությունն ու բողոքը հայտնեց ՓՀԷԿ-ի ջրաբանական արգելավայրում կառուցվելու կապակցությամբ, «Ջինջ Արփա»-ն փորձաքննության ներկայացրեց նոր նախագիծ, որում նշված է, որ ՓՀԷԿ-ը արգելավայրի տարածքից դուրս է եւ պայթեցման աշխատանքներ չեն իրականացվելու։
Նշենք, որ նոր նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ դեռ չեն անցկացվել։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասինե ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Լիազորված մարմինը, ազդակիր համայնքի ղեկավարները եւ ձեռնարկողը 30 օրացուցային օրվա ընթացքում կազմակերպում ու ապահովում են հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը եւ լսումները: Հասարակայնության կարծիքը նշված ժամանակամիջոցում ներկայացվում է ազդակիր համայնքի ղեկավարներին կամ անմիջապես լիազորված մարմինե: Երկրորդ նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է սույն թվականի փետրվարի 14-ին։ 30 օրը վաղուց անցել է, բայց լսումները չեն կազմակերպվել։
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Ապրիլ 08, 2014 at 11:23
