

ԷկոԼուր
«Ջինջ Արփա» ՍՊ ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել «Արփա-3» փոքր ՀԷԿ-ի նախագիծը։ ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել ՀՀ Վայոց ձորի մարզում, Արփա գետի վրա:
ԷկոԼուրի լրագրողները 2013թ. Ջերմուկ քաղաքում սոցիալական հարցում անցկացրեցին` պարզելու բնակչության արձագանքը ՓՀԷԿ-ի վերաբերյալ:
Նոյեմբերի 14-ին Ջերմուկի քաղաքպետարանում անցկացված ՓՀԷԿ-ի հասարակական լսումներին Ջերմուկի 5394 բնակչից ներկա էր ընդամենը 1-ը: 6 հարցվածից 5-ը ընդհանրապես տեղյակ չէր լսումներից:
Հարցվածներից 5-ը նշում է, որ ՓՀԷԿ-ը չի փոխի իրենց կյանքի որակը: Միեւնույն ժամանակ 4 հոգի կարծում է, որ ՓՀԷԿ-ի կառուցումը կազդի իրենց ջրամատակարարման վրա, կնկատվի գետում ձկան պաշարների նվազում, իսկ 5-ը համոզված է, որ ՓՀԷԿ-ից հետո արտագաղթը իրենց քաղաքում կավելանա:
6 հարցվածից ՓՀԷԿ-ի կառուցմանը կողմ արտահայտվեց 3-ը, 2-ի համար միեւնույն էր, դեմ էր`1-ը:
ՓՀԷԿ-ի նախագիծը ընկերության կողմից ներկայացված թվով երկրորդ նախագիծն է: Առաջին նախագծի համաձայն` ՓՀԷԿ-ը պետք է կառուցվեր «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրի տարածքում: Այն բանից հետո, երբ բնապահպան հասարակայնությունը իր դժգոհությունն ու բողոքը հայտնեց ՓՀԷԿ-ի ջրաբանական արգելավայրում կառուցվելու կապակցությամբ, «Ջինջ Արփա»-ն փորձաքննության ներկայացրեց նոր նախագիծ, որում նշված է, որ ՓՀԷԿ-ը արգելավայրի տարածքից դուրս է եւ պայթեցման աշխատանքներ չեն իրականացվելու:
«Արփա-3» ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում Ջերմուկի անտառտնտեսությունում կհատվի 442 ծառ եւ թուփ։
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Ապրիլ 26, 2014 at 14:12
