

ԷկոԼուր
Կարո՞ղ ենք մենք արդյոք միջոցներ ձեռնարկել մեղմացնելու կլիմայի փոփոխության հետեւանքները, եթե Ջերմոցային գազերի ազգային կադաստրի տվյալները չեն արտացոլում իրականությունը: ԷկոԼուրի հետ զրույցում հարցի շուրջ իր մտահոգությունը հայտնեց Կլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրության փորձագետ Արթուր Գեւորգյանը. «1990թ-ին Հայաստանի անտառների վիճակը բարվոք էր: Անտառները մեծ ներդրում ունեին ջերմոցային գազերի կլանման գործում, որոնք համարժեք են 837,1 հազար տոննա CO2-ի: Բայց իրավիճակը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ անտառները սկսեցին հատել առանց վերահսկողության, տարեկան աճը գերազանցող մասշտաբներով: Դա հանգեցրեց նրան, որ անտառները կլանողից վերածվեցին ջերմոցային գազերի արտանետումների աղբյուրի: Բնափայտը մեծ չափերով սկսեց օգտագործվել որպես վառելիք` այրման ժամանակ արտանետելով ծառի կուտակած ջերմոցային գազերը: Արդյունքում անտառի աճի եւ անտառհատումների միջեւ հավասարակշռությունը խախտվեց, եւ 2000թ-ին մենք դրական ցուցանիշ ստացանք անտառներում արտանետումների առումով, որը համարժեք է 441 հազար տոննա CO2-ի»,-ասաց Արթուր Գեւորգյանը:
ԷկոԼուրի նկատառում: Ջերմոցային գազերի ազգային կադաստրը հիմված է ջերմոցային գազերի արտանետումների եւ կլանումների հաշվարկների վրա որոշակի ժամանակահատվածի համար` 1 տարի: Այն բաղկացած է 5 բաժիններից, որոնցից մեկը ընդգրկում է արտանետումների ցուցանիշներ այնպիսի հողային կատեգորիաներից, ինչպիսիք են անտառային հողերը, գյուղատնտեսական հանդերը, ջրային տարածքները, բնակեցված վայրերը եւ այլն:
«Կախված անտառների կառավարումից` անտառի գործառույթը արմատապես փոխվել է: Պարզվեց, որ անտառային կենսազանգվածի կորուստներն ավելի շատ են, քան մեկ տարում նրա աճը: Կադաստրի տվյալները երկորդ ազգային հաղորդագրության մեջ արտացոլել են մեր դաժան իրականությունը»,-ասաց փորձագետը:
Արթուր Գեւորգյանի համաձայն` Երրորդ ազգային հաղորդագրության նախագծում տեղի է ունեցել Կադաստրի նախկին տվյալների խեղաթյուրում: Ուղղումների անվան տակ փոփոխություններ են մտցվել 2000թ-ի ցուցանիշներում: Եւ 441 հազար տոննա CO2-ին համարժեք արտանետումների փոխարեն Կադաստրում հայտնվել է 470.8 հազար տոննա CO2-ին համարժեք կլանում: Այսինքն, այլ պատկեր է ստացվում: Ինչով է պայմանավորված այս մեծ տարբերությունը (մոտ 1 միլիոն տոննա CO2 ) երկու տարբեր ազգային փորձագետների տվյալներում` պարզ չէ: Այս հարցին ընդհանրապես անդրադարձ չի կատարվում Երրորդ ազգային հաղորդագրության նախագծում, եւ այսքան կտրուկ փոփոխությունների փաստի մասին լռում են (էջ 111, Կլիմայի փոփոխության երրորդ ազգային հաղորդագրության նախագիծ):
«Ընդ որում, այդ մեծ տարբերությունը, որ համարժեք է տարեկան մոտ 8000 հեկտար անտառհատման արդյունքում CO2-ի արտանետմանը, մեր երկրում է: Ներկայացված նախագծում նաեւ անհրաժեշտ կերպով արտացոլված չէ կանաչ տարածքների կորստի հետ կապված ջերմոցային գազերի դինամիկան, օրինակ, վերջին տարիների ընթացքում Սեւանա լճի ջրերի տակ մնացել են շատ անտառածածկ տարածքներ, ինչը պաշտոնապես ամրագրված է Սեւանա լճի վերաբերյալ միջոցառումների ծրագրում: Դա պետք է հստակորեն վերահսկվեր Կադաստրում ջերմոցային գազերի արտանետումների առանձին տողով. «Անտառային հողեր` վերափոխված ջրի տակ մնացած հողերի»: Բայց տեղեկատվությունը բացակայում է: Մարդիկ կարող են սխալ պատկերացում ունենալ, թե իբրեւ մեր անտառները գտնվում են հիանալի վիճակում եւ անհագստության առիթ չկա: Սակայն, իրականում, սա փորձ է հանրությունից թաքցնել այսպիսի անտառտնտեսության ակնհայտ բացասական հետեւանքները , որը հանգեցնում է անտառների շարունակական դեգրադացման եւ Հայաստանի անտառների կորստի»,- նշեց Արթուր Գեւորգյանը եւ կոչ արեց բոլոր շահագրգիռ կողմերին եւ ակտիվ հասարակությանը ներգրավվել այս սկզբունքային հարցի քննարկումներին:
ԷկոԼուրի հաջորդ նյութում կարդացեք Կլիմայի փոփոխության երրորդ ազգային հաղորդագրության հեղինակների մեկնաբանությունները:
Հունիս 13, 2014 at 17:47
