ՓՀԷԿ-երի պատճառով էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրացա՞

ՓՀԷԿ-երի պատճառով էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրացա՞

ԷկոԼուր

ՓՀԷԿ-երն  արտադրում են ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան հաշվարկված ու ծրագրավորված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Այս մասին նոյեմբերի 11-ին  ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ  տեղի ունեցած փոքր ՀԷԿ-երի հիմնախնդիրներին, ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված համաժողովի ժամանակ:

Ըստ պաշտոնական տեղեկատվության`  2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում  ՓՀԷԿ-երի կողմից արտադրվել է 80 մլն կվտժ քիչ էլեկտրաէներգիա: 2013 թվականի հուլիսի 1-ից մինչև 2014-ի հունիսի 31-ը /մարժային տարում/  քիչ է արտադրվել 176 մլն կվտժ էլեկտրաէներգիա, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից մինչև այս տարվա վերջը, կանխատեսումների համաձայն, այդ պակասորդը կկազմի 186 մլն կվտժ: Դրա արդյունքում  փոքր ՀԷԿ-երի թերարտադրած էժան էլեկտրաէներգիայի փոխարեն Հայաստանի էլեկտրական ցանցերին (ՀԷՑ) է տրվում համեմատաբար թանկ էլեկտրաէներգիա:  2013 թվականի ընթացքում չարտադրված էլեկտրաէներգիայի և մատակարարված էլեկտրաէներգիայի գումարային տարբերությունը կազմում է 1մլրդ 253 մլն դրամ: 2014 թվականի մարժային տարում /օգոստոսի 1-ից միչև 2015 թվականի հուլիսի 31-ը / սպասվող վնասը կկազմի 3մլրդ 680 մլն դրամ:

«Այդ գումարները ՀԷՑ-ի բալանսում ձևավորվում են որպես վնասներ, ինչը  հետագայում հանձնաժողովը ստիպված նախատեսում է սակագնի մեջ և ավելացնում հասարակության բեռը: Ցանկացած չարտադրված 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար վճարում է հանրությունը՝ սակագնի տեսքով: Ձեր կողմից չարտադրված էլեկտրաէներգիայի ազդեցությունը սակագնի վրա կլինի 0,66 դրամ՝ 1 կվտժ-ի համար: Այս բոլորը կուտակվում է, հետո զարմանում ենք, թե ինչու և ինչպես բարձրացան  սակագները»,- ասել է նախարար Երվանդ Զախարյանը: 

2014 թվականի  հոկտեմբերի 1–ի  դրությամբ՝ Հայաստանում աշխատում է 162 ՓՀԷԿ,  մոտ՝ 277  Մգվ հզորությամբ: Ըստ տրամադրված լիցենզիաների` այսօր  կառուցման փուլում են ևս 65 ՓՀԷԿ-եր՝ նախագծային 131 Մգվ հզորությամբ:

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը  էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների հանդեպ կուտակել է մոտ 15 մլրդ դրամի պարտք, իսկ նրա վարկային պորտֆելը՝ մոտ 224 միլիոն. դոլար է:

Նշենք, որ փոքր ՀԷԿ-երի կողմից էլեկտրաէներգիայի արտադրության նվազման գլխավոր պատճառը հանրապետությունում արձանագրված սակավաջրությունն է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի համաձայն`  2014թ-ի համար գետերում ջրային հոսքը կանխատեսվել է 30-60 տոկոս: Մասնավորապես, Ախուրյանի գետավազանում ջրային հոսքը կազմել է 15-20 տոկոս, Քասախում՝ 20-30 տոկոս, Հրազդանի գետավազանում ապրիլին կազմել է 50 տոկոս, մայիսին՝  22 տոկոս, հունիսին՝  30 տոկոս:  Լիարժեք լցվածություն չի գրանցվել նույնիսկ 4 խոշոր ջրամբարներում: Ախուրյանի ջրամբարում առավելագույն լցվածությունը կազմել է 281 միլիոն խ/մ, այն ինչ 2013 թ-ին կազմել է 492 միլիոն խ/մ, Արփի լճի լցվածությունը կազմել է 43.6 միլիոն խ/մ, իսկ 2013-ին կազմել էր 66 միլիոն խ/մ, Ազատի ջրամբարում՝ 48.9 միլիոն խ/մ, 2013-ին՝ 52 միլիոն խ/մ, Ապարանի ջրամբարում՝ 24.7 միլիոն խ/մ, 2013 թ-ին կազմել էր  52.3  միլիոն խ/մ: Ընդ որում, սա վերջին 25 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է: Սա հետեւանք է Հայաստանում գլոբալ տաքացման: Ըստ  Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի Հայաստանում ջերմաստիճանի բարձրացման տեմպը մոտ 20-25 տոկոսով ավելի բարձր է, քան աշխարհում:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Նոյեմբեր 12, 2014 at 14:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր