

ԷկոԼուր
Ուսումնասիրությունների համաձայն` Հայաստանն ունի բավական մեծ սեփական վերականգնվող էներգիայի հիդրոպաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա բավարարել 2025թ էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 30%-ը: Այս մասին Հայաստանում վերականգնվող էներգետիկային նվիրված համաժողովի ժամանակ ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը:
Այսօր վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են հիդրոպաշարները: Հիդրոէներգետիկան 2013 թվականին ապահովել է Հայաստանի էլեկտրական էներգիայի տարեկան արտադրանքի մոտ 29%-ը:
Թե որքանով հնարավոր կլինի հետագա տարիներին հիդրպաշարների հաշվի մեծացնել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, մեծ հարց է, քանի որ կլիմայի փոփոխության գործընթացների արդյունքում Հայաստանում գրանցվում է սակավաջրություն: Կլիմայի փոփոխության մասին երկրորդ ազգային զեկույցի համաձայն` կանխատեսվում է, որ Հայաստանի տարածքի գումարային գետային հոսքը մինչև 2030թ. կնվազի մոտ 6.7%-ով, մինչև 2070թ.` 14.5%-ով, մինչև 2100թ.` մոտ 24.4%-ով: Արդեն իսկ գրանցվում է գետերում ջրի հոսքի պակաս: Եւ սակավաջրության ցուցանիշները գերազանցում են կանխատեսումներում նշված թվերը: ՀՀ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի տվյալներով 2014թ-ին մասնավորապես Ախուրյանի գետավազանում ջրային հոսքը կազմել է 15-20 տոկոս, Քասախում՝ 20-30 տոկոս, Հրազդանի գետավազանում ապրիլին ջրային հոսքը կազմել է 50 տոկոս, մայիսին՝ 22 տոկոս, հունիսին՝ 30 տոկոս:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Դեկտեմբեր 16, 2014 at 12:14
