WWF-Հայաստանը ներկայացնում է տվյալների բազա՝ որտեղ կարելի է կառուցել ՓՀԷԿ-եր, որտեղ` ոչ

WWF-Հայաստանը ներկայացնում է տվյալների բազա՝ որտեղ կարելի է կառուցել ՓՀԷԿ-եր, որտեղ` ոչ

ԷկոԼուր

«Հարավային Կովկասում պատվարների կայուն զարգացման խթանում գետավազանների մակարդակով» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը /WWF-Հայաստան/ մշակել է տվյալների բազա՝ որտեղ կարելի է կառուցել ՓՀԷԿ-եր, որտեղ` ոչ:

ԷկոԼուրի հետ զրույցում WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ ծրագիրը տարածաշրջանային է, իրականացվում է 3 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում:

«Ծրագրի հիմնական ուղղությունը կապված է հիդրեէներգետիկայի զարգացման հետ: Այսինքն, ինչպես են փոքր ՀԷԿ-երը ազդում կենսաբազմազանության վրա, իսկ հիմնական նպատակը՝ հավաքագրել տեղեկատվություն գործող ՓՀԷԿ-երի վերաբերյալ, տեղադրել դրանք GIS համակարգում և հավաքագրել տեղեկություն այդ գետավազաններում հանդիպող հազվագյուտ, անհետացող տեսակների վերաբերյալ», - ասաց Կարեն Մանվելյանը:

Վերջինս նշեց, որ բոլոր այդ տվյալները հավաքագրվել, ներկայացվել են մի քանի աշխատանքային հանդիպումների ժամանակ, և այդ ամբողջ տեղեկատվությունը վերլուծության ենթարկվելուց հետո արդեն կորոշվեն այն հիմնական առաջնահերթ բնապահպանական տարածքները գետավազաններում, որոնք առկա են Հայաստանում:

«Դա հիմք կտա ապագայում այդ քարտեզների հիման վրա մշակել այն քարտեզները, որոնք ցույց կտան՝ որտեղ կարելի է կառուցել փոքր ՀԷԿ, որտեղ` ոչ: Դա նախատեսվում է ծրագրի երկրորդ փուլում, բայց այսօր էլ մենք ունենք արդեն բավականին լավ տվյալների բազա, որը թե բնապահպանության, թե էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին, թե տարբեր շահագրգիռ կողմերին թույլ կտա հասկանալ՝ Հայաստանում որ գետավազաններն են շատ հարուստ կենսաբազմազանությամբ, որտեղ կարելի է կառուցել ՓՀԷԿ-եր, որտեղ` ոչ, կամ որտեղ պետք է ավելի ուշադիր լինել այդ փոքր ՀԷԿ-երի շահագործման գործում»,- նշեց WWF-Հայաստանի տնօրենը:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Հունվար 12, 2015 at 13:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր