ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող. Հայաստանում ոչ մի փոքր ՀԷԿ մաքուր զարգացման մեխանիզմով չի կառուցվել (շարունակություն)

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող. Հայաստանում ոչ մի փոքր ՀԷԿ մաքուր զարգացման մեխանիզմով չի կառուցվել (շարունակություն)

ԷկոԼուր

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Մաքուր զարգացման մեխանիզմով (ՄԶՄ) խրախուսվում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը` որպես մաքուր արտադրությունը: Սակայն Հայաստանում ՄԶՄ սխեմայով ոչ մի փոքր ՀԷԿ չի կառուցվել: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Հայաստանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը: Ներկայացնում ենք մեր հարցազրույցի շարունակությունը:

 «Ճիշտ է` Կիոտոյի արձանագրության տակ ոչ մի ՓՀԷԿ չի արվել, բայց ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, որը ՄԶՄ ազգային լիազորված մարմինն է, հաստատված է փոքր ՀԷԿ-երի մոտ 10 փաթեթային նախագիծ: Ընդ որում կա փաթեթ, որ 10 ՓՀԷԿ միասին է հաստատված, կա 3 ՓՀԷԿ միասին հաստատված: Բայց դա հետագա ընթացք չի ստացել: Կարգն այսպես է, երկիրը` ինքը, հաստատում է նախաձեռնողի համար: Հաստատելուց հետո ընդունող երկիրն էլ, ասենք եթե պիտի ֆինանսավորի Ճապոնիան, Դանիան, կամ մեկ այլ երկիր, կամ ինչ-որ բանկ, պետք է նրանք էլ հաստատեն: Դրանց հաստատումն էլ դեռ բավարար չէ. պետք է հետո  հաստատվի միջազգային հաստատող օրգանի` Կիոտոյի արձանագրության տակ գործող Մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային լիազորված մարմնի կողմից: Մենք այդ միջազգային լիազորված մարմնի կողմից հաստատված ունենք 6 նախագիծ, որոնցից 3 փոքր ՀԷԿ: (ԷկոԼուր` այդ նախագծերն են` «Նուբարաշենի աղբավայրի», «Լուսակերտի կենսագազի գործարան»-ի, «Եղեգիս» ՓՀԷԿ-ի, «Արգիչի» ՓՀԷԿ-ի, «Ջրաձոր» ՓՀԷԿ-ի, «Մեթանի արտանետումների կրճատումը գազաբաշխիչ ցանցերում» նախագծերը: Հայաստանում, ըստ Արամ Գաբրիելյանի, ՄԶՄ մեխանիզմով գործում է միայն Նուբարաշենի աղբավայրի ծրագիրը): Դրանք որպես այդպիսին հաստատվել են, սակայն մաքուր զարգացման մեխանիզմի սխեմայով չեն իրականացվել: ... Այն փոքր ՀԷԿ-երը, որոնք միջազգայնորեն են հաստատվել, բայց չեն իրականացվել, այնտեղ մենք պայման էինք դրել, որ եթե դուք անում եք Կիոտոյի արձանագրության տակ, ապա պետք է ավելի շատ ջուր թողնեք գետում` 1000 լիտր վայրկյանում, ավելի փոքր ագրեգատ դնեք եւ այլն»,- պարզաբանեց Արամ Գաբրիելյանը:

Անդրադառանալով Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման խրախուսմանը եւ ՓՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի բարձր սակագնին` Արամ Գաբրիելյանն ասաց, որ դա Կիոտոյի արձանագրության հետ բացարձակ կապ չունի: «Եթե փոքր ՀԷԿ-ի կառուցումը խրախուսվում է պետության կողմից, ՓՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի համար սակագինը խրախուսական է, ապա Մաքուր զարգացման մեխանիզմով չի կարելի դա անել, արգելված է. ՄԶՄ-ն` ինքը, խրախուսական է, կրկնակի խրախուսում չի թույլատրվում:  ՄԶՄ -ն խրախուսական է, այսինքն` որքան ջերմոցային գազ կրճատվեց ՓՀԷԿ կառուցելով»:

Այն հարցին, թե ինչու է այդ դեպքում պետությունը խրախուսում փոքր ՀԷԿ-երի կառուցումը, Արամ Գաբրիելյանն ասաց, որ դա կարեւոր են համարում  մեր երկրի ազգային անվտանգության համար եւ հավելեց. «Պաշտոնապես դա է, բայց ոչ պաշտոնապես ուրիշ բան է: Ոչ պաշտոնապես այն է, որ լոբբինգ կա, մասնավորն անում է, ամեն ինչ անում են, որ բարձր սակագին սահմանեն (սակագինը 24 դրամ է առանց  ավելացված արժեքի հարկը հանելու): Հիմա այդ գումարն էլ չի հերիքում, որովհետեւ 150-ից ավելի սարքել են, որը քիչ ջրերով է մնացել, ավելի դժվար է, այդ 24 դրամի մեջ էլ չեն տեղավորվում»:

Փետրվար 20, 2015 at 13:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր