

ԷկոԼուր
«Որոշ վառելիքաէներգետիկ ռեսուրսների օգտագործման արդյունքում զգալի ջերմոցային գազերի արտանետումներ են առաջանում մթնոլորտ: Դա կարող է բերել կլիմայի փոփոխության անդառնալի հետևանքների, մենք զգում ենք արդեն բացասական հետևանքներն այդ ուղղությամբ: Այս գործոնն արդեն հաշվի է առնվում ՀՀ կառավարության կողմից՝ մասնավորապես ռազմավարական ծրագրերը մշակելիս»: Այս մասին սույն թվականի մայիսի 4-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Էներգետիկ անվտանգության լույսի ներքո ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղիների քննարկում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը:
Նա ներկայացրեց էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը, որ նախատեսում է այնպիսի էներգակիրների օգտագործում, ներկրում, արտադրում, որոնք չեն արտանետում մթնոլորտ ջերմոցային գազեր:
«Անդրադառնամ էներգետիկայի բնագավառում էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգին: Այդ փաստաթղթի ոգուց բխում է այնպիսի էներգակիրների օգտագործումը, ներկրումը, արտադրումը, որոնք չեն արտանետում մթնոլորտ ջերմոցային գազեր: Մասնավորապես զարգացումները հիմնականում վերաբերում են ատոմային էներգետիկային, վերականգնվող էներգետիկային, էներգախնայողությանը, էներգակիրների արտադրության և մատակարարման դիվերսիֆիկացված ուղիներին: Եթե մեզ հաջողվի իրականացնել այս հայեցակարգային դրույթները, բերել ծրագրերի մակարդակի և հայթայթել միջոցներ դրանք իրականացնելու համար, հավատացեք, շատ ու շատ քիչ արտանետումներ կունենանք էներգետիկայի ոլորտից և տարիներ անց կխոսենք հակառակի մասին:
Հայեցակարգի դրույթներից բխում է, որ մինչև 2020 թվականը Հայաստանի Հանրապետությունում սպառվող ամբողջ էներգիայի 20%-ը, իսկ տրանսպորտում սպառվող ամբողջ էներգիայի 10%-ը պետք է լինեն վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էներգակիրներ:
Փոքր ՀԷԿ-երը շատ չնչին մասն են կազմում: Մենք փոքր ՀԷԿ-երի մասով բավականին ներուժ յուրացրել ենք, իսկ ևս մոտ 100-120 մեգավատ գումարային դրվածքային հզորությամբ կայանների համար արդեն տրամադրվել են համապատասխան լիցենզիաներ: Եթե դրանք կառուցվեն, ապա կապահովվի ՀՀ կառավարության ռազմավարությունը փոքր ՀԷԿ-երի բնագավառում:
Կան հստակ թիրախային ցուցանիշներ: Հողմային էներգետիկայի բնագավառում մինչև 2025 թվականը պետք է կառուցվեն 200 մեգավատ գումարային դրվածքային հզորությամբ հողմակայաններ: Նախատեսվում է կառուցել «Լոռի բերդ» ՀԷԿ-ը՝ մոտ 66 մեգավատ դրվածքային հզորությամբ և «Շնող» ՀԷԿ-ը՝ մոտ 75 մեգավատ դրվածքային հզորությամբ: Զարկ ենք տալու երկրաջերմային էներգետիկային և արևային էներգետիկային: Մոտ 9 միլիոն դոլարի դրամաշնորհային միջոցներ են տրամադրվելու Կարկառի երկրաջերմային տեղանքում հորատման միջոցով երկրաբանական հետախուզական աշխատանքների, տեխնիկատնտեսական հիմնավորման և այլնի իրականացման համար: Ռեսուրսի հաստատման դեպքում հնարավոր է միևնույն, նաև այլ աղբյուրներից միջոցներ ներգավել երկրաջերմային կայաններ կառուցելու համար: Արևային էներգետիկայի բնագավառում մոտ 40-50 մեգավատ հզորությամբ կայաններ պետք է կառուցվեն: Դրանք մեզ թույլ կտան գնահատել ֆինանսական, տնտեսական գրավչությունը՝ այդ ծրագրերի: Նախատեսվում է այդ կայանների համար սահմանել սակագին: Այդ սակագինը լինելու է ուղենիշային այն մասնավոր ներդրողների համար, ովքեր կգան այստեղ՝ արևային էլեկտրակայաններ կառուցելու համար: Մոտ 2 միլիոն դրամաշնորհային միջոցներ կտրամադրվեն` արևային էներգիայի մոնիտորինգի համար, դրան պետք է հաջորդեն մոտ 26 միլիոն միայն Կլիմայի ներդրումային հիմնադրամների Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի կողմից տրամադրվող միջոցները, որոնք պետք է համալրվեն այլ աղբյուրներից միջոցներով, և կառուցվեն այդ կայանները»:
|
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Մայիս 18, 2015 at 14:51
