

ԷկոԼուր
Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարին միացել են նաև բիզնեսմեններն ու ներդրողներն աշխարհի տարբեր երկրներից:
Փարիզում անցկացվող ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովի շրջանակներում անցկացված բիզնես-ֆորումի ժամանակ նրանք կոնկրետ խոստումներ են տվել՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և էներգիայի մաքուր աղբյուրներին անցնելու վերաբերյալ: Ֆորումի մասնակիցների թվում էին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:
«Կլիմայի վերաբերյալ Փարիզում անցկացվող գագաթնաժողովին ես կոչ արեցի բիզնեսմեններին աջակցել կլիմայի փոփոխության դեմ տարվող պայքարին և ցույց տալ, որ կանաչ բիզնեսը՝ լավ բիզնես է: Աշխարհի տարբեր երկրների ընկերություններ արձագանքեցին այս կոչին: Աշխարհի առաջատար կորպորացիաները ցույց տվեցին, որ իրենք կարող են զբաղվել կլիմայի փոփոխության հարցերով և հասնել ֆինանսական հաջողությունների», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Նա նշել է, որ բիզնեսմեններն ու ներդրողները հասկանում են, որ մաքուր և ցածրածխածնային աղբյուրներին անցնելու գործընթացը սկսված է, և այն անդառնալի է:
«Մասնավոր սեկտորի կոլեկտիվ գործողությունները կլիմայի փոփոխության դեմ պայքարում օրեցօր աճում են: Բիզնեսմեններն ու ներդրողները աշխարհի տարբեր վայրերից աջակցում են կլիմայի վերաբերյալ համաձայնագրի ընդունմանը, որը կհնչեցնի անհրաժեշտ և հստակ ազդանշաններ՝ կապված համաշխարհային շուկայի հետագա զարգացման հետ», - ասել է Բան Կի Մունը և հայտնել, որ ավելի քան հարյուր մասնավոր ընկերություններ հայտարարել են ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վերաբերյալ կոնկրետ պարտավորությունների մասին:
«Միայն անցյալ տարի ավելի քան 2000 ընկերություններ և 500 ներդրողներ գրանցել են իրենց պարտավորությունները կլիմայի փոփոխության ոլորտում: Բայց որպեսզի թույլ չտանք գլոբալ ջերմաստիճանի բարձրացում 2 աստիճանից ավելի, մենք պետք է առաջ շարժվենք և շատ արագ», - նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:
Տեղեկատվությունը վերցված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքից:
Դեկտեմբեր 09, 2015 at 18:21
