

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նամակով պատասխանել է Արագածոտնում արևային էներգետիկայի զարգացման վերաբերյալ էկոԼուրի հարցմանը:
ԷկոԼուր.
- 90,1 ՄՎտ ընդհանուր հզորությամբ քանի արևային կայան է կառուցվել Արագածոտնի մարզում:
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան.
- 90,1 ՄՎՏ ընդհանուր հզորությամբ ՀՀ Արագածոտնի մարզում կառուցվել է 14 արևային կայան։
ԷկոԼուր.
- Այդ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցման համար քանի՞ հեկտար հողատարածք է հատկացվել:
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան.
- Արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցման համար հատկացվել է ընդհանուր 178,2 հա։
ԷկոԼուր.
- Այդ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցման համար քանի՞ հա գյուղատնտեսական նշանակության հողի կատեգորիա է փոխվել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիայի:
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան.
- 90,1 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցման համար 178,2 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր և այլ հողատեսքերի նպատակային նշանակությունը փոփոխվել է էներգետիկայի գործառնական նշանակության։
ԷկոԼուր.
- Արդյո՞ք մարզում հատկացվելու է տարածք արևային ֆոտովոլտային կայանների շահագործման արդյունքում առաջացած թափոնների պահման համար, եթե այո, ապա ո՞ր բնակավայրի տարածքում և քանի՞ հա:
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան.
- Եթե նկատի ունեք արևային կայանների շահագործման ժամկետը լրանալուց հետո առաջացող թափոնները, ապա մարզի տարածքում դրա անհրաժեշտությունը կառաջանա 25-30 տարի հետո։
ԷկոԼուր.
- Արդյո՞ք նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանների շահագործման արդյունքում առաջացած թափոնների վերամշակում կամ ուտիլիզացում և ո՞ր մարմնի ֆինանսական միջոցներով:
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան.
- Ներկա պահին թափոնների ուտիլիզացման խնդիր չկա, ուստի այս պահին տվյալ խնդրի վերաբերյալ համապատասխան մարմինների կողմից կայացված որոշումներ չկան։
ԷկոԼուր.
- 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շրջանակներում «Մասդար» ընկերությունը, Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Թալին համայնքների հետ կնքված նվիրաբերության պայմանագրի համաձայն, իրականացրել է 320 000 000 դրամի չափով համայնքի զարգացման համար վճարում: Նվիրաբերված գումարն ամբողջությամբ ուղղվելու է կնքված պայմանագրով սահմանված՝ համայնքներում տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացմանը: Տնտեսական և սոցիալական ի՞նչ ծրագրեր են իրականացվում կամ իրականացվելու այդ գումարով:
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան.
-2021 թ․ «Մասդար» ընկերության կողմից նվիրաբերված 320 մլն ՀՀ գումարից նախատեսվում է օգտագործել 60 մլն ՀՀ դրամը (2022թ․ Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի համար նախատեսվում է իրականացնել սուբվենցիոն ծրագրով ոռոգման ջրի ցանցի հիմնանորոգում։ Աշխատանքների իրականացման մեջ համայնքի կողմից կատարվող ներդրումը կազմում է 60 մլն ՀՀ դրամ, որը հատկացվելու է «Մասդար» ընկերության կողմից նվիրաբերված գումարից)։
Մարտ 07, 2022 at 13:51