

Արդեն ավելի քան 6 տարի է` Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները զրկված են Աստղաձոր գետից օգտվելու հնարավորությունից: Գյուղի միջով անցնող գետի ջուրը 2016թ. ամբողջությամբ տեղափոխվել է Զոլաքար համայնք «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրերի իրականացման արդյունքում: Ծրագրերն իրականացվել են Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) վարկային միջոցներով: Միայն ջրագծի կառուցման համար ծրագրով հատկացվել է 1 միլարդ 237 միլիոն դրամ: Ջրի վերաբաշխումը կատարվել էր առանց Աստղաձոր գյուղի բնակիչների մասնակցության և առանց ծրագրի մասին նրանց կարծիքը հաշվի առնելու: Գյուղում չէին անցկացվել հանրային քննարկումներ, չէր գնահատվել ծրագրի ազդեցության ռիսկերը Աստղաձոր գյուղի բնակիչների սոցիալ-էկոլոգիական վիճակի վրա: ԷկոԼուրը դեռևս 2018թ. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին (IFAD) և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին էր ուղարկել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի 40 բնակիչ բողոքը՝ պահանջելով Աստղաձոր գյուղի մասով ծրագիրը ճանաչել չգոհացնող և IFAD-ի միջոցներով ջուրը վերադարձնել գյուղին: 2019թ. IFAD-ի անկախ փորձագետները ժամանել էին Հայաստան և հանդիպել շահագրգիռ կողմերի`Աստղաձոր համայնքի բնակիչների և իրենց խնդիրը բարձրաձայնող «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի թիմի և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի հետ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն էլ բողոքի առնչությամբ առաջարկել էր դիմել դատարան, ինչը տեղի բնակիչներն ավելի վաղ արել էին, սակայն՝ առանց որևէ արդյունքի: Բնակիչներն իրենց խախտված իրավունքների վերականգնման պահանջով դիմել էին նաև Գեղարքունիքի մարզի գլխավոր դատախազին: Խնդրի լուծման առնչությամբ պատասխանատու բոլոր մարմիններին դիմելուց հետո բնակիչները դիմել էին նաև Բնապահպանական հանրային դատարան՝ ակնկալելով հանրային դատարանի աջակցությունն իրենց իրավունքների վերականգնման համար: ՀՀ դատախազությունը, 2020թ. ստանալով Բնապահպանական հանրային դատարանի ԲՀԴ /03/20 վճիռը, այն ուղարկել էր Մարտունու ոստիկանություն` գործի նախաքննությունը իրականացնելու նպատակով: Սակայն ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննության խմբի ավագ տեսուչի 15.06.2020թ. որոշմամբ մերժվել էր քրեական գործի հարուցումը: Այդ որոշումն աստղաձորցիները բողոքարկել էին Գեղարքունիքի դատախազին, որն` իր 06.07.2020թ. գրությամբ պատասխանել էր, որ աստղաձորցիները չեն ներկայացրել հայտարարություն հանցագործության մասին, հետևաբար, իրենց բողոքին ընթացք չի տրվում: Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը մերժել էր նաև Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի մի խումբ բնակիչների և Բնապահպանական հանրային դատարանի դատավորների բողոքը Մարտունու բաժնի քննչական խմբի գլխավոր տեսուչի անգործության մասին: Դատախազը բողոքի մերժումը հիմնավորել էր դրա ժամկետանց լինելու պատճառով:
Աստղաձոր գետը
2019թ. Աստղաձորում իրականացված սուբվենցիոն երկու ծրագրերի շրջանականերում 1300 գծամետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանց էր կառուցվել Զորավար Անդրանիկ փողոցում, որը բարելավել էր խմելու ջրի մատակարարումը շուրջ 400 տնտեսություններում: Սակայն ջրագծի փոխումը Աստղաձոր բնակավայրի խմելու ջրի խնդիրը չի լուծել, քանի որ խմելու ջրի մատակարարումն իրականացվում է բացառապես արտեզյան խորքային հորերից:
Մի քանի տարի տևած բնակիչների շահերի պաշտպանության այս պայքարն արդարացի լուծում չի ստացել: Այսօր էլ աստղաձորցիները զրկված են մաքուր խմելու ջուր ունենալու կենսական իրավունքից: Չունեն նաև բավարար քանակի ոռոգման ջուր:
«Անորակ ջուր է, խորքայինները խմելու պիտանի չեն, անասունը չի խմում էդ ջրից: Հազար խոշոր եղջերավոր ունեինք, հիմա չկա, որովհետև էդ ջուրը չկա: Մարդը սածիլ է տնկում, մինչև Սևանա լճից ջուր չգա, ջուր չկա, որ ջրենք: Ասում են գյուղատնտեսությանը զարկ տանք: Բայց ինչպես ապահովենք այդ պարենը, եթե ջուր չկա»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասացին Աստղաձորի բնակիչները: Աստղաձորի վարչական ղեկավար Մխիթար Ալեքսանյան. «Աստղաձորում խմելու ջուրը միայն խորքային հորերից են վերցնում, իսկ ոռոգման ջուրը ժամանակին տեղումների մեծ քանակի պատճառով շատ է եղել, սակայն աստիճանաբար տեղումների նվազման հետևանքով ջուրը պակասել է: 1970-ականներին կառուցել են պոմպակայան, մինչ օրս օգտվում ենք, հնացած մաշված պոմպեր են, վերանորոգվում է, բայց արդյունավետությունը չունի»: Բնակիչները նշեցին, որ ջրի խնդրի լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է մտածել ջրաղբյուր գտնելու մասին, հետո միայն՝ ջրագծերի անցկացման մասին: «Պետք է ինչ-որ տեղից ջուր հայթայթել, ջրագիծ կառուցել»,- ասաց մի բնակիչ:
Աստղաձորի բնակիչ Վրեժ Պողոսյանն էլ նշեց, որ եթե անգամ ջուր գտնեն, անհրաժեշտ է ներքին ցանցը վերականգնել: «Գյուղում ճանապարհներն ասֆալտապատել են: Եթե ջրագիծ կառուցենք, պետք է քանդվի ասֆալտը: Պետք է կոյուղին ու ջրագիծը կառուցեին, նոր ասֆալտ անեին: Ինչքան գումար, որ դրել են, այդքան միջոցները քամուն են տվել»,- ասաց նա:
Բնակիչները պատրաստ են իրենց առաջարկությունները ներկայացնել Մարտունի խոշորացված համայնքում նախատեսվող ֆորումին՝ սոցիալ-էկոլոգիական քաղաքականության քննարկմանը: Համայնքի համար մշակվող սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը պետք է ստեղծվի Մարտունու սոցիալ-էկոլոգիական ռիսկերի, խնդիրների և առաջնայնությունների տվյալների հավաքագրման, կարիքների վերհանման ու սոցիալ-էկոլոգիական տվյալների բազայի վերլուծության հիման վրա:
Ապրիլ 27, 2022 at 10:50