


Սահմանամերձ Գեղանուշ բնակավայրը գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 6 կմ դեպի հարավ։ 2017 թվականին Գեղանուշն ընդգրկվեց Կապան խոշորացված համայնքի կազմում։ Այստեղ բնակվում է ավելի քան 300 մարդ։ Գեղանուշցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ։ Գյուղում կարիքները շատ են, իսկ աշխատատեղեր չկան։ Մարդիկ ստիպված են հասնել Կապան քաղաք աշխատանքի համար։ Երիտասարդները նախընտրում են վարձով քաղաքում ապրել կամ մեկնում են արտերկիր։

Գեղանուշ բնակավայր
Գեղանուշը հարուստ բնություն ունի։ Գյուղի 7740 հեկտար հողից 5455 հեկտարն անտառային հողեր են, որից անտառածածկը, ըստ պաշտոնական տեղեկատվության, 4437 հեկտար է։ Գյուղի տարածքում է հոսում Ողջի գետի աջ վտակը՝ Գեղանուշ գետը։

Ողջի գետ
Մարզում լեռնահանքային արդյունաբերության զարգացման արդյունքում որոշվել է Գեղանուշում կառուցել Կապանի լեռնահարստացման ֆաբրիկայի պոչամբարը՝ Գեղանուշի պոչամբարը, որն ընդհատումներով շահագործվում է 1962 թվականից։ Պոչամբարի կառուցման համար փոխվել է Գեղանուշ գետի հունը, գետի ջրերն ուղղվել են բետոնե թունել։

Գեղանուշի պոչամբար
Արդեն ավելի քան 60 տարիների ընթացքում Գեղանուշի պոչամբարն ընդլայնվել է, իրականացվել է պատվարի բարձրացում։ Համաձայն 2024 թվականի՝ Գեղանուշի պոչամբարի նախագծի փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի՝ 2023 թվականի մարտի 31-ի դրությամբ պոչամբարում կուտակված են եղել 7.35 միլիոն խմ պոչեր: 2025 թվականին ընկերությունը հայտ ներկայացրեց՝ ավելացնելու արտադրողականությունը՝ տարեկան 600 հազար տոննայից հասցնելով մինչև 1 միլիոն տոննա։ Իսկ պոչամբարը վերընթաց տեսակի մոդելից կվերակառուցվի կենտրոնահեն տեսակի մոդելի՝ հասցնելով 17․4 միլիոն խմ ծավալի։ Այս հայտը ՀՀ շրջակա միջավայրի կողմից դեռ չի ստացել եզրակացություն։

Գեղանուշի վարչական շենքը
Գեղանուշի բնակիչները բազմիցս բարձրաձայնել են պոչամբարի ռիսկերի մասին։ Իրենց մտահոգությունները նրանք պատմեցին նաև վերջերս գյուղ այցելած չեխական «Առնիկա» կազմակերպության, «Էկոլուր» տեղեկատվական և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ների ներկայացուցիչներին։ Կազմակերպություններն իրականացնում են «Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագիրը, որի նպատակն է օգնել համայնքներին պարզել շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը, աջակցել նրանց անցում կատարել ավելի մաքուր և առողջության համար անվտանգ գործունեության։ Ծրագիրը ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից։

ՀԿ-ների ներկայացուցիչները՝ Գեղանուշում
Ժաննա Սարգսյանն ավելի քան 40 տարի բնակվում է Գեղանուշում։ Պատմեց, որ շատ սիրում է իր գյուղը, կյանքը՝ գյուղում, պարզապես խնդիրներն են շատ։

Ժաննա Սարգսյան
«Ճանապարհներն են քանդված, առողջական վիճակն է վատ մարդկանց։ Պոչամբար ունենք մեզ շատ մոտ, վերջին տարիներին անընդհատ բարձրացնում են։ Քամին որ փչում է, ձորից բարձրանում է մեզ վրա փոշին ու հոտը։ Մեր կանաչ բնությունը չորանում է, այգիների բերքը փչանում է։ Գիտենք, որ գումար են տալիս համայնքին, բայց չգիտենք՝ ինչ են անում այդ գումարը», - ասաց Գեղանուշի բնակչուհին։

Բնակավայրի ճանապարհ
Հիշեցնենք, որ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի՝ մինչև 1 միլիոն տոննա արտադրողականության ավելացման, Գեղանուշի պոչամբարի վերակառուցման և Գեղանուշ գետը տեղափոխող թունելի վերանորոգման նախագծերի հանրային քննարկման ժամանակ Կապանի համայնքապետ Գևորգ Պարսյանը պահանջ ներկայացրեց ընկերությանը՝ սոցիալական ծրագրերի տարեկան փաթեթը 180 միլիոն դրամից հասցնել նվազագույնը 300 միլիոն դրամ։

Գեղանուշ
Ժաննա Սարգսյանի կարծիքով՝ հանքարդյունաբերական ընկերության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի հենց այն բնակավայրերին, որոնք անմիջապես ազդեցություն են կրում։ Դրանով կլուծվեն առկա սոցիալական խնդիրները։

Բնակավայրը գազաֆիկացված չէ
ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի և Կապանի համայնքապետարանի միջև կնքված սոցիալ-տնտեսական համագործակցության հուշագրով 2022 թվականին նախատեսվել է Գեղանուշ բնակավայր տանող ճանապարհի վերանորոգում, Գեղանուշի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծահաշվարկաին փաստաթղթերի կազմում։ Գեղանուշի բնակիչների համար Գեղանուշ-Կապան-Գեղանուշ տրանսպորտի ծառայության համար ընկերությունը «Կապանի Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՓԲԸ-ին վճարել է 3241000 դրամ, Գեղանուշի միջնակարգ դպրոցին տրամադրել է նստարաններ։ «Կապանի Նորոգշին» ՍՊԸ-ին Գեղանուշ համայնքի համար Գեղանուշի պոչամբարին կից նոր ճանապարհի վերանորոգման համար վճարել է 33238850 դրամ։

Բնակավայրի փողոց
2023թ-ին 3437000 դրամ է վճարել «Կապանի Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՓԲԸ-ին Գեղանուշ-Կապան-Գեղանուշ տրանսպորտի ծառայության համար, Գեղանուշ բնակավայրի պատվարին կից ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների հսկողության համար «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ին վճարել է 300000 դրամ։
Բնակիչները ցանկանում են պարզել, թե ինչով է պայմանավորված առողջական խնդիրների սրացումը, որքանով են աղտոտված հողն ու բերքը։ «Թող պարզվի, իմանանք, պոչամբարի՞ց է այս հիվանդությունները, թե ինչ-որ ուրիշ տեղից, ուրիշ բանից։ Ամեն ինչ հնարավոր է», - նշեց Ժաննա Սարգսյանը։

«Առնիկա»-ի փորձագետները փորձանմուշներ վերցրին բնակիչների տնամերձ այգիներից, Գեղանուշի պոչամբարի հարակից տարածքից, նաև կենսանմուշներ՝ բնակիչներից։ Փորձանմուշները հետազոտվելու են Չեխիայում՝ սերտիֆիկացված լաբորատորիայում, իսկ արդյունքները ներկայացվելու են տեղի բնակիչներին։ Արդյունքների մասին տեղեկատվությունը լինելու է բաց և հասանելի բոլոր շահագրգիռ կողմերին։

«Առնիկա»-ի շրջակա միջավայրի թունավոր նյութերի փորձագետ Նիկոլա Ելինեկ
Սույն hոդվածը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Տրանսֆորմացիոն համագործակցության ծրագրի շրջանակում։
Հոկտեմբեր 30, 2025 at 12:05
