

ԷկոԼուր
Տարբեր շահերը պետք է խրախուսեն բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանում փոքր ՀԷԿ-երի ոլորտի կարգավորմանը: Փոքր ՀԷԿ-երի ոլորտի կարգավորման խնդիրները քննարկվեցին ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում ստեղծված Համակարգող կոմիտեի առաջին նիստի ժամանակ:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ծրագրի համակարգող բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը և Հայաստանում ՄԱԶԾ-ի բնապահպանական ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը առաջարկեց հարմարեցնել ՓՀԷԿ-երի անձնագրավորումը էներգետիկայի և փոքր ՀԷԿ-երի ոլորտի օրենսդրական բարեփոխումների հետ:
WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը տեղեկացրեց այն տարածքների քարտեզագրման աշխատանքների մասին, որոնք տարբերվում են հարուստ կենսաբազմազանությամբ և պետք է սահմանափակված լինեն փոքր ՀԷԿ-երի գործունեության համար:
Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը ներկայացրեց այլընտրանքային էներգետիկայով զբաղվող բիզնեսի ներկայացուցիչներին անհանգստացնող հարցերը: Նա ընդգծեց, որ բիզնեսը պետք է ունենա մոտիվացիա, որը կխթանի նրանց մասնակցությունը գործընթացին:
Ծրագրի համակարգող, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց «կանաչ» անձնագրերի ստեղծման վերաբերյալ ընթացող գործընթացը: «Կանաչ» անձնագրեր պետք է տրվեն գետերի վրա կառուցված 100 փոքր ՀԷԿ-երի:
Քննարկմանը նաև մասնակցում էին ՀՀ ԳԱԱ-ի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, www.ecolur.org կայքի գլխավոր խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 09, 2015 at 15:21
