«Մենք ջրի խնդիր ընդհանրապես չունենք». Լիճքի համայնքապետ

«Մենք ջրի խնդիր ընդհանրապես չունենք». Լիճքի համայնքապետ
ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում ԷկոԼուրն այցելեց ՀՀ Սյունիքի մարզի Լիճք համայնք: Ըստ պաշտոնական տվյալների՝ Լիճք համայնքն ունի 201 բնակիչ, ըստ համայնքապետի՝ 115: Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է: Որպես ոռոգման աղբյուր օգտվում են Մեղրի գետի ջրից, որի վրա կառուցված է փոքր հիդրոէլեկտրակայան (ՓՀԷԿ):

Հարցին՝ առաջացնում է արդյոք ՓՀԷԿ-ը խնդիրներ ոռոգման համար, Լիճքի բնակիչը պատասխանեց. «Գյուղի ներքևում, որտեղ գտնվում են արոտները, ջրելու տեղերը, կեսից շատը համարյա չորացել է: Ջուրը գետում շատ է, բայց այդտեղից արդեն մտնում է խողովակ ու գնում»:

Ի պատասխան նույն հարցի Լիճքի համայնքապետ Հովհաննես Միրզոյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Մենք ի սկզբանե ՀԷԿ-ի տերերի հետ պայմանավորվել ենք, որ իրենց ջրառի կետը կառուցեն գյուղի ներքևում, որ մեր ոռոգմանը չխանգարի: Այդպես էլ արել են: Իրենց ջրառը գտնվում է գյուղի ներքևում, այնտեղ անմշակ հողատարածքներ են», - ասաց Հովհաննես Միրզոյանը և վստահեցրեց, որ սեփականատերերն` իրենք, չեն ցանկանում մշակել իրենց հողատարածքները: «Անգամ տնամերձերը չեն մշակում», - հավելեց համայնքապետը: Նա նշեց, որ թեպետ ՓՀԷԿ-ի ղեկավարության կողմից էական ներդրումներ համայնքի համար չեն արվել, այնուամենայնիվ, ինքը գոհ է, քանի որ բոլոր աշխատողները համայնքից են: Նրա խոսքով՝ ՓՀԷԿ-ում Լիճքից աշխատում է 6-7 բնակիչ՝ ամսեկան 60-80 հազար դրամ աշխատավարձով: 

Բացի գործող փոքր ՀԷԿ-ից համայնքի տարածքում կառուցման փուլում է գտնվում ևս մեկը: Համայանքապետի խոսքով՝ երկրորդ ՓՀԷԿ-ը նույնպես չի խանգարելու ոռոգմանը, քանի որ գետի այդ հատվածից իրենք չեն օգտվում: Չնայած դրան, այդ ՓՀԷԿ-ի ղեկավարության կողմից համայնքին ժամանակին տրամադրվել է 5 միլիոն դրամ գումար՝ խմելու և ոռոգման ջրի խողովակատարը փոխելու համար: Հովհաննես Միրզոյանը նաև հայտնեց, որ իրենք չունեն ջրօգտագործողների ընկերություն, ոռոգման ջրի հարցը կարգավորում է համայնքապետարանը, ոռոգումն ինքնահոս է, և ջրի վարձ բնակիչները չեն վճարում: «Մենք ջրի խնդիր ընդհանրապես չունենք», - եզրափակեց Լիճքի համայնքապետը:


Հունվար 28, 2016 at 15:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր