

ԷկոԼուր
«Անհրաժեշտ է գործող ՓՀԷԿ-երի ջրառի և էկոթողքերի կետերում տեղադրել ջրաչափման առցանց ավտոմատ կառավարման համակարգ/եր` մասնավոր ներդրումների, միջազգային ֆինանսավորող կազմակերպությունների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին»: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգ»-ում, որը գործադիրը հավանության արժանացրեց 2016թ-ի դեկտեմբերի 29-ին, և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը 6 ամսվա ընթացքում պետք է ներկայացնի Հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ:
Հիշեցնենք, որ ջրաչափերի վերաբերյալ առաջարկը մշակվել է ԷկոԼուրի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ 2014-2016թթ. ՄԱԶԾ/ԳԷՀ-ի աջակցությամբ իրականացված «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում և ընդգրկվել է ՀՀ բնապահպանության նախարարության ՝ ՓՀԷԿ-երի առողջացման ծրագրում:
Ծրագրի մյուս առաջարկությունն էլ վերաբերում էր ՓՀԷԿ-երի սարքավորումների արդիականացմանը:
Հայեցակարգում նշված է, որ Հայաստանի ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումների կիրառման համար չկան ազգային ստանդարտներ և տեխնիկական պահանջներ: ՓՀԷԿ-երի զգալի մասը տեղադրում է չարտոնագրված, համեմատաբար էժան սարքավորումներ, ինչը հանգեցնում է հանրապետության հիդրոէներգետիկ ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործմանը: ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները ապահովելու հարցը ներկայումս գտնվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգման դաշտում: 2015 թվականին ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովին առաջարկվել է տեխնիկական պահանջներ սահմանել նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումների նկատմամբ` միջազգային ստանդարտների ընդունմամբ:
2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիա է արտադրել 173 փոքր ՀԷԿ, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 312 ՄՎտ, իսկ Էլեկտրական էներգիայի գնահատված միջին տարեկան օգտակար առաքումը՝ 830 մլն.կվտժ:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հունվար 09, 2017 at 16:39
