«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն մեկնարկել է «Համայնք և սոցիալ-էկոլոգիական մարտահրավերներ» խորագրով տեսանյութերի շարքի ցուցադրում, որոնց մեջ արծարծված են ՀՀ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 6 խոցելի համայնքներում առկա սոցիալ-էկոլոգիական խնդիրները: Համայնքների բնակիչները, փորձագետները, ակտիվիստները խոսում են այլընտրանքային կանաչ տնտեսության զարգացման հեռանկարների մասին, ինչպես է հնարավոր համատեղ ջանքերով նպաստել համայնքների այլընտրանքային և կայուն զարգացմանը, ինչպես է կարելի բարձրացնել բիզնեսի ու պետության պատասխանատվությունը համայնքների նկատմամբ, ինչ անել, որպեսզի երիտասարդությունը չհեռանա համայնքից և ակտիվորեն կառուցի իր հարազատ համայնքի ապագան: Տեսանյութերը նկարահանվում են «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում:
Առաջին տեսանյութում ներկայացվել են Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում առկա սոցիալական, բնապահպանական ու տնտեսական խնդիրները: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն այս տեսանյութում անդրադարձել է Ախթալա խոշորացված համայնքի աղտոտվածության խնդիրներին, համայնքի զարգացման ծրագրում սոցիալ-էկոլոգիական բաղադրիչ ներդնելու անհրաժեշտությանը՝ համայնքում էկոլոգիական ռիսկերի բացահայտման ու նվազեցման և կանաչ տնտեսության զարգացման նպատակով: Ծրագրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը շեշտել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ տեղի բնակիչների իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության մասին:
Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործըներությամբ:
«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Փետրվար 23, 2022 at 14:29