Բնության հատուկ պահպանվող տարածքների փոխանցումը Անտառային պետական կոմիտեին զուրկ է մասնագիտական հիմնավորումից

Բնության հատուկ պահպանվող տարածքների փոխանցումը Անտառային պետական կոմիտեին զուրկ է մասնագիտական  հիմնավորումից

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի» վերաբերյալ կարծիքների հրապարակումը: Հայեցակարգի համաձայն նախատեսվում է անտառտնտեսություններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները միավորել մեկ միասնական մարմնի ներքո: Ներկայացնում ենք «Կայուն Կովկաս» ծրագրի (SCOPE) ազգային համակարգող Արմեն Գևորգյանի կարծիքը.

«Ընդհանուր առմամբ, Հայեցակարգում ներկայացվածառաջարկը՝ վերանայել Հայանտառի կարգավիճակը և վերակազմակերպել այն Կոմիտեի, ընդունելի է: Այն կարող է նպաստել ոլորտի որոշ խնդիրների լուծմանը՝ մասնավորապես ֆինանսական, ինպես նաև իրավունքների և պատասխանատվությունների բարձրացման տեսանկյունից:

Սակայն ոլորտի այլ կարևոր խնդիրներ՝ մասնավորապես ապօրինի անտառհատումների, ոլորտի տնտեսական արդյունավետության, բնակչության վառելափայտի ապահովման և բազմաթիվ բնապահպանական խնդիրներ չեն կարող լուծվել միայն ոլորտի կառավարման կառուցվածքային բարեփոխման /նույնիսկ եթե այն հիմնավորված է/ արդյունքում:

Փաստաթղթում չեն ներկայացված անտառային ոլորտի առկա մարտահրավերների լուծմանն ուղղված ռազմավարական մոտեցումներ և մեխանիզմներ: Առաջարկվող Կոմիտեի  ներքո ԲՀՊՏ-երի համակարգի որոշ մասի միացումը հիմնավորված չէ, ավելին, տրված առաջարկները կարող են վատթարացնել թե անտառային ոլորտի, և թե ԲՀՊՏ-երի համակարգի ներկա վիճակը: Բերված «միասնական դաշտ»-ի ապահովման դեկլարատիվ ցանկությունը հիմնավորված չէ ոչ բնապահպանական, ոչ տնտեսական և ոչ էլ սոցիալական խնդիրների վերլուծությամբ`որոնց որպես կայուն անտառկառավարման սկզբունքներ հղում է  արվում Հայեցակարգում:

ԲՀՊՏ-երը կազմում են ՀՀ Էմերալդ ցանցի բաղկացուցիչ մասը և զբաղեցնում ՀՀ տարածքի շուրջ 13.8% (ներառյալ լեռնամարգագետնային, ալպյան, տափաստանային, կիսաանապատային, ջրային և այլ էկոհամակարգեր): Այսինքն ավելին, քան ամբողջ անտառային հողերը միասին վերցրած, շուրջ 11.2%: Կոմիտեի կազմում ընդգրկելու նպատակով առաջարկվող ԲՀՊՏ-երից շատերը  իրականացնում են ոչ թե անտառկառավարման բնորոշ գործառույթներ /մասնավորապես «Սևան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Արգելոցապարկային համալիր»-ում ընդգրկված շատ տարածքներ և այլն/, այլ կոչված են ապահովելու հիմնականում կենսաբազմազանության պահպանության և էկոհամակարգային ծառայությունների ապահովման, ինչպես նաև տարածքների ինտեգրված կառավարման համապարփակ գործառույթների  իրականացումը:

Ուստի ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից անտառային տարածքների 25%-ի կառավարման  և անտառկառավարման իրավասությունների կրկնության փաստարկի  հիման վրա ԲՀՊՏ-երի մասնատումը և մի մասի փոխանցումը Կոմիտեին՝ զուրկ է մասնագիտական  հիմնավորումից: Առավել ևս, որ Հայեցակարգում առաջարկված  ԲՀՊՏ-երի ցանկում  միայն  անտառների առկայության փաստն է և ոչ թե տարածքների նպատակային   և գործառույթների նույնականությունը /ընդ որում առաջարկվածներից  շատերում անտառներ չկան կամ դրանք չեն հիմնական էկոհամակարգերը/: Դրանց միավորումը մեկ կառույցում կհանգեցնի անտառային ոլորտի խնդիրների մեխանիկական փոխանցմանը դեպի ԲՀՊՏ – ներ և ընդհակառակը:

ՀՀ Բնապահպանության նախարարության կառույցների  բնապահպանական գործառույթների  ինստիտուցիոնալ փորձառությունը ձևավորվել է երկար տարիների և բազմաթիվ ծրագրերի իրականացման ընթացքում և այն չի կարող փոխանցվել բոլորովին այլ գործառույթ իրականացնող և նմանատիպ փորձառություն չունեցող կառույցի, որի համար տնտեսական արդյունավետությունն է կառավարման հիմնական ցուցանիշ: Իսկ բնապահպանությունը չի հետապնդում զուտ տնտեսական նպատակներ, այն ի զորու չէ և կոչված չէ լուծել  սոցիալ-տնտեսական համազգային խնդիրներ (կարող է միայն նպաստել դրանց լուծմանը):

Այն փաստարկը, որ Հանրապետության բնապահպանության նախարարությունն անտառների կառավարման գործառույթներ է իրականացնում անտառտարածքների 25%-ի վրա, միաժամանակ կատարելով բնապահպանական վերահսկողության գործառույթներ, վիճելի է նաև ներկայումս տեսչական /մասնավորապես բնապահպանական պետական տեսչության/ մարմինների ինստիտուցիոնալ վերակազմավորման համտեքստում:     

Վիճելի է նաև Անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության և  բնապահպանական վերահսկողության իրավասությունների խնդրահարույց հարաբերակցության փաստարկը՝ քանի որ բնապահպանական ընդհանուր վերահսկողությունը պետք է իր մեջ ներառի նաև անտառների նկատմամբ վերահսկողությունը: Եվ եթե ներկայումս օրենքով այդպես չէ, ուրեմն այստեղ խնդիրը օրենսդրական է և այս հարցի հետ կապված պետք է համապատասխան փոփոխություն անել անտառային օրենսգրքում և ոչ թե իրավական սխալին համապատասխանեցնել ոլորտի ինստիտուցիոնալ կառուցվածքը:

Անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության  գործառույթը միասնական բնապահպանական վերահսկողության մաս է կազմում: Եվ եթե խոսք է գնում «միասնական դաշտի» մասին, ապա պետք է խոսել բնապահպանական  վերահսկողության միասնականության մասին:

Իսկ Անտառների կառավարման նպատակով կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը /որին կողմնակից ենք /որի մեջ ԲՀՊՏ-երը չեն մտնում՝ բոլորովին այլ գործառույթ իրականացնելու պատճառով/ բխում է անտառային ոլորտում միասնական քաղաքականության մշակումն ու իրականացումը ապահովելու համար, որին զուգընթաց պետք է կարգավորել նաև բնապահպանական  վերահսկողության միասնականության հարցը:

Ավելին, «Անտառային պետական ծառայություն» գոյություն չունի, որպեսզի իրականացնի անտառային օրենսգրքում նշված անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողությունը: Դրա ստեղծման ֆինանսական, տնտեսական, վարչակազմակերպչական և այլն նպատակահարմարության որևէ հիմնավորում փաստաթղթում չի տրված, և հստակ չէ դրա ապագա արդյունավետության հեռանկարը:

Փաստաթղթի տարբեր առաջարկներ կրում են զուտ դեկլարատիվ բնույթ, ինչպես օրինակ.               

ա/ Իրականացնել փայտանյութի վաճառքի գնային ճկուն քաղաքականություն - ինչն էր խանգարում մինչև այժմ այն կիրառել, ինչ կապ ունի այն կառուցվածքային փոփոխությունների հետ, ինչպես պետք է այն իրականացնել, որոնք են մոտեցումները և այլն,

բ/ անտառային տարածքներում կազմակերպել հանգիստ և էկոտուրիզմ,ներդնել և զարգացնել էկոհամակարգային ծառայությունները – այս հարցերը կարևորվել են դեռևս տարիներ առաջ, սակայն չեն իրականացվել:

Հայեցակարգում այս և այլ շատ առաջարկներ կրում են իրագործելիության տեսակետից չհիմնավորված հերթապահ կրկնության բնույթ:

ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ (որոշ առաջնային գործողություններ)

Ներկայումս անտառային ոլորտի քաղաքականության կարճաժամկետ /5 տարվա կտրվածքով/ գերխնդիրն է արագորեն նվազեցնել երկրում վառելափայտի պահանջարկը: Դրա համար առաջարկվում է.

  1.      Փայտանյութի ներկրման հարկային և մաքսային արտոնությունների սահմանում,   ներկրումը տնտեսապես խրախուսելու նպատակով (արտահանման ոչ բարենպաստ ռեժիմի կիրարկում),
  2.      Ներկրվելիք փայտանյութի վրա հիմնվող բիզնեսի տեսակներին (բնափայտի վաճառք, վերամշակում և արտադրանքի իրացում) և աշխատատեղերի ստեղծմանը պետական նախնական աջակցություն,
  3.       Համայնքներում  այլընտրանքային էներգակիրների ներդրման (արևային, հողմային, բուսական և այլն) և էներգախնայողության բարձրացման ծրագրերի իրականացում,
  4.      Համայնքների տարածքներում վառելափայտի արտադրման նպատակով արագաճ ծառատեսակներից անտառպլանտացիաների հիմնման շուտափույթ ծրագրերի իրականացում,
  5.      Անտառամերձ համայնքներում փոքր բիզնեսի խրախուսում (պետական աջակցություն և սուբսիդավորում, ներդրումների խրախուսում, արտոնյալ վարկեր, շրջանառու բնապահպանական ֆոնդեր և այլն), հարկերից ազատում»:

Նոյեմբեր 02, 2017 at 17:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր