«Երևան պարկի հատվածում՝ 150 հեկտար տարածքում, ունենք կանաչապատման, անտառտնկման մեծ ծրագիր, և այդտեղ ունենք ծրագիր Կենդանաբանական այգին տեղափոխելու, նոր ֆորմատով կենդանիներին ավելի լավ, ավելի բաց պայմաններում պահելու, որովհետև մեր ունեցած Կենդանաբանական այգու պայմանները դա մեզ թույլ չեն տալիս», - հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու սույն թվականի ապրիլի 4-ի նիստում։
Նա նշեց, որ Երևանում նախատեսվում են կանաչապատման, անտառտնկման նոր ծրագրեր։ «Նորքի լանջին հայտնաբերել ենք 9 հեկտար, որը դառնալու է կանաչապատ գոտի։ Այս պահի դրությամբ անտառտնկման աշխատանքներ ունենք Եռաբլուրում, Սարալանջում, Համալիրի մոտ։ Բոլոր հին սրճարանները քանդվում են ու հնարավորինս ընդլայնվում են կանաչ գոտիները, որովհետև միջին երևանցու համար ունենք ընդամենը 4 քմ կանաչ տարածք, իսկ մինիմալ ստանդարտը, լավագույն հաշվարկներով, 8 քմ է։ Դա նշանակում է, որ Երևանում պետք է կրկնակի ավելացնենք կանաչապատման ծավալները», - ասաց Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ համաձայն Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի՝ Երևանի ռազմավարական նպատակներից է 2022 թվականի համար բաց կանաչ տարածքների հարաբերակցությունը մեկ բնակչի հաշվով հասցնել 8․5 քմ-ից ավելի տարածքի, իսկ 2030 թվականի համար՝ 10 քմ-ից ավելի: Մինչդեռ Երևանի գլխավոր հատակագծով այդ մակերեսը սահմանվել էր 17 քմ: Երևանում ներկայում մեկ շնչին բաժին է ընկնում շուրջ 8 քմ կանաչ տարածք, իսկ Կենտրոն վարչական շրջանին՝ 3 քմ։
Ապրիլ 04, 2023 at 16:05