

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել «ՀՀ Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի փաթեթը:
Օրինագծով նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահների 506 և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող տեսուչների 345 հաստիքների կրճատում՝ նրանց փոխարեն ստեղծելով 1217 հաստիքային միավորից կազմված Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն, որը կգործի 24 ժամյա ռեժիմով։
«Ներկայում անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացվում է պահպանություն իրակացնող աշխատակիցների միջոցով, որոնք ունեն ցածր սոցիալական պաշտպանվածություն, տեխնիկական սակավ հագեցվածություն և լիազորություններ (ծառայողական զենք կրելու իրավունք), աշխատում են աշխատանքային օրենսգրքով սահմանված հնգօրյա և 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով (09։00-18։00), ունեն տեխնիկական ցածր զինվածություն, ինչի արդյունքում հնարավոր չի լինում լիարժեք ապահովել տարածքների պատշաճ պահպանությունը: Վերլուծության արդյունքներով պարզ է դառնում, որ իրավախախտները, օգտվելով վերոնշյալ օրենսդրական կարգավորումներից, անտառխախտումները հիմնականում իրականացնում են ոչ աշխատանքային օրերին և ժամերին», - նշված է փաստաթղթի հիմնավորման մեջ։
Ըստ օրինագծի՝ նոր ծառայության ստեղծումը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը։
Օրինագծով տարանջատվել են անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները: Շրջակա միջավայրի պահպանության ծառայությանը վերապահվում է բացառապես անտառների պահպանության գործառույթը՝ հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացում։ Պաշտպանության գործառույթը վերապահվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ծառայողներին 16% պարգևատրման ֆոնդ նախատեսելու պարագայում ծառայությանն անհրաժեշտ կլինի 5 միլիարդ 365 միլիոն դրամ գումար, իսկ ծառայողին տեխնիկական վերազինմամբ ապահովելու համար՝ 4 միլիարդ 580 միլիոն դրամ գումար, որից 2 միլիարդ 570 միլիոն դրամ գումարը նախատեսվում է ձեռք բերել միջազգային ծրագրերի միջոցով:
Նոր ծառայության ստեղծմամբ ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է տնտեսել 1 միլիարդ 403 միլիոն դրամ, որից 823 միլիոն 932 հազարը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 506 հաստիքների կրճատման հաշվին, իսկ 578 միլիոնն 418 հազարը՝ ԲՀՊՏ-ների 345 հաստիքների։
Մայիս 18, 2023 at 14:05