Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը սկսում են նոր համագործակցություն։
Սույն թվականի հունիսի 11-ին ՀՀ Լոռու մարզի Դսեղ բնակավայրում WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը և Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ WWF-Հայաստանն Էկոպարեկային ծառայությունը կհամագործակցեն անտառային էկոհամակարգերի, բնության հատուկ պահպանող տարածքների պաշտպանության հարցում։
WWF-Հայաստանը կնպաստի նորաստեղծ էկոպարեկային ծառայության կարողությունների զարգացմանը։ Այս նպատակով «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակում WWF-Հայաստանը էկոպարեկային ծառայությանը նվիրաբերեց 3 ամենագնաց մեքենա՝ համալրված հակահրդեհային սարքավորումներով։ Տեղում ցուցադրվեց մեքենաների աշխատանքը։ WWF-Հայաստանն Էկոպարեկային ծառայությանը նվիրաբերելու է նաև հակահրդեհային սարքավորումներ և իրականացնելու է անձնակազմի վերապատրաստում։
«էկոպարեկային ծառայության հիմնմամբ մենք ձևավորում ենք էկոհամակարգերի պահպանության նոր կարողություն։ Այս մեքենաների նվիրաբերումն այդ կարողության ուժեղացման առաջին արձագանքն է։ Վստահ ենք, որ այս համակարգը կբարձրացնի մեր անտառների պահպանության մակարդակը։ Հույս ունեմ, որ միջազգային գործընկերների աջակցությամբ կկայացնենք էկոպարեկային ծառայությունը և կունենանք շարունակական համագործակցություն», - ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Տարածաշրջանում մենք ունենք ամենափոքր անտառածածկ տարածքը, և սա ավելի է ընդգծում անտառների, բուսական, կենդանական աշխարհի պահպանման անհրաժեշտությունը», - նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը։
«Մեր մարզի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկը տուրիզմն է։ Այս միջոցառումը կապված է մեր բնության պահպանման հետ, և մենք պարտավոր ենք պահպանել այն մեր սերունդների համար», - ասաց Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։
WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ համագործակցության նպատակն է աջակցել ինչպես անտառային, բնության հատուկ պահպանվող տարածքների, այդպես էլ համայնքային հողերի պահպանությանը։ «Կենդանին չի տարբերում՝ հողն անտառային է, թե՝ համայնքային։ Մեր մոտեցումն է պահպանել այդ բոլոր տարածքները։ Մենք շատ ենք խոսում ապօրինի անտառհատումների մասին, բայց հրդեհներն ավելի մեծ կորուստներ են բերում։ Երկուսի դեմ էլ պետք է պայքարել», - ասաց Կարեն Մանվելյանը։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի նպատակն է Հայաստանի լեռնային էկոհամակարգերում բնական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման միջոցով ապահովել գյուղական բնակչության կենսապայմանները։ Լեռնային գյուղական համայնքներում զարգացնելով բնութահեն տուրիզմը և դրա հետ կապակցված արժեշղթաները՝ ծրագիրը ներմուծելու է բնական պաշարների կայուն օգտագործման տնտեսական խթաններ և նպաստելու է կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացմանը։
LILA ծրագիրը լրացնում է WWF-Հայաստանի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» ծրագրին, որի շնորհիվ համայնքներն ակտիվորեն ներգրավվում են էկոլոգիական միջանցքների ձևավորման և պահպանման մեջ: Էկոմիջանցների ծրագրի շրջանակներում համայնքներում ստեղծվում են բնապահպանական ինստիտուտներ, որոնց շնորհիվ համայնքները կպահպանեն իրենց բնությունը և դրանով իսկ եկամուտներ կգեներացնեն։ Համայնքները կիրականացնեն իրենց տարածքի թիրախային կենդանիների մշտադիտարկում, կկանխեն ապօրինի գործունեությունը։
«Մեր նպատակն է իրականացնել նաև համայնքային պահպանություն, որը նոր մոտեցում է։ Ստեղծվում են համայնքահեն բնապահպանական կառույցներ։ Եթե մենք ուզում ենք ունենալ կայուն արդյունք, ուզում ենք, որպեսզի մեր գործը շարունակվի, պետք է տեղում ունենանք կառույց, որը կփոխի նաև մտածելակերպ։ Դրանք մեր գործընկեր կազմակերպություններն են, որոնց սկզբնական փուլում տրամադրում ենք տեխնիկական և ֆինանսական աջակցություն, որպեսզի նրանք ձեռք բերեն կարողություն՝ իրենց ուժերով իրականացնելու բնապահպանություն», - ասաց LILA ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը։
«Համայնքային կառույցը պետք է համագործակցի էկոպարեկային ծառայության հետ։ Այդ տարածքները պետք է պահպանվեն համագործակցության արդյունքում», - հավելեց Կարեն Մանվելյանը։
LILA ծրագիրն ուղղված է նաև կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման ու հարմարվողականության բարձրացմանը։ Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին նշեց, որ կլիմայական գործոնը միշտ պետք է հաշվի առնել։
«Մենք վերջերս Հայաստանում ականատես եղանք ջրհեղեղների։ Ի պատասխան ՀՀ կառավարության ահազանգին, Շվեյցարիան որոշեց աջակցել։ Մեր ինժեներների խումբը Հայաստանի պետական մարմինների գործընկերների հետ աշխատեց աղետի գոտում և ներկայացրեց հաշվետվություն՝ կապված կարիքների հետ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք պատրաստ ենք վերականգնել 3 կամուրջ մարդկանց համար։ Պետությունը նաև խնդրել է, որ աջակցենք մեքենաների համար նախատեսված կամուրջի կառուցման ինժեներական աշխատանքների հարցում, որպեսզի այն լինի ստանդարտներին համապատասխան։ Այս կամուրջները կարևոր են մարդկանց և մեքենաների անվտանգ տեղափոխման համար, ինչպես նաև տուրիզմի զարգացման համար։ Մենք հավատացած ենք, որ այս տարածաշրջանում բնապահպանությունը և տնտեսական կայուն գործունեության ծավալումը տուրիզմի միջոցով շատ կարևոր է և հավատացած ենք, որ մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ։ Դրա համար առաջիկա 9 տարվա ընթացքում կիրականացնենք 4․5 միլիոն շվեյցարական ֆրանկի ներդրում», - ասաց Ուրսուլա Լաուբլին՝ դրական գնահատելով ծրագրի շրջանակում իրականացվող բազմակողմ համագործակցությունը։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» 7-ամյա ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը օժանդակում և փոխլրացվում է «Հարավայում Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով և իրականացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան գրասենյակը (Հայաստանում՝ WWF-Հայաստան):
Հունիս 13, 2024 at 15:25