

hy.armradio.am, Նունե Ավետիսյան
Երևանի քաղաքապետարանն ունի շատ խնդիրներ՝ կապված վարձակալած հողատարածքների հետ։ Մայրաքաղաքի այգիների 90 տոկոսից ավելին տրված են վարձակալության։ Այս մասին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։ Հատկապես, Երևանի սրտում գտնվող տարածքներ, որոնք բարեկարգված չեն։
Կանաչապատման ոլորտում առկա տարածքային խնդիրները․ Այն տարածքներում, որտեղ առկա չէ ոռոգման համակարգ, կանաչապատման գործընթաց չեն իրականացվում։ Այս մասին հայտարարեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանը՝ «Էկոլուր»-ում անցկացված «Կանաչ գոտի․ իրավիճակի և հեռանկարների գնահատում» թեմայով կլոր սեղանի ժամանակ։
Նրա փոխանցմամբ՝ այս տրամաբանությամբ, 2024թ․-ին հիմնվել է Ծիծեռնակաբերդի, Սարալանջի, Եռաբլուրի և այլ համայնքապատկան տարածքներում անտառտնկարկներ։ Իսկ 2025թ․-ին նախատեսում են Երևան մուտք գործող հատվածներում, օրինակ՝ Աշտարակի խճուղում։
«Կազմակերպության կողմից մշակվել, նախապատրաստման փուլում են գտնվում մի շարք ծրագրեր։ Մասնավորապես, Աշտարակի խճուղում՝ Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հատման հանգույցում, 4-5 հա նոր կանաչ տարածքի հիմնման, Դավթաշեն վարչական շրջանում դպրոցների միջնամասում նոր այգու հիմնման, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնի 40-ամյակի այգում կանաչապատման աշխատանքների վերահիմնման, ինչպես նաև քաղաքապետարանի, մեր կազմակերպության համար շատ մեծ, կարևոր ծրագիր է Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Մյասնիկյան և Լվովյան փողոցների միջնամասում, որը սկսվում է Գայի պողոտայից մինչև Կենդանաբանական այգին։ Շուրջ 25 հեկտարի վրա իրականացնել քաղաքային անտառ, որը ունենալու է նաև սպորտային ուղղվածություն, որտեղ լինելու են հեծանվուղիներ, վոլեյբոլի, թենիսի կորտեր, ջրակասկադ, ջրավազաններ մեծ պրոյեկտ է լինելու»։
Այսուհանդերձ, կանաչապատման աշխատանքների ծավալը չի գոհացնում նաև ՀՈԱԿ-ի մասնագետներին։ Խալաթյանն ասում է, որ բացի ոռոգման հարցից, լուրջ խնդիրներ կան վարձակալական հողերի հետ կապված, որտեղ ՀՈԱԿ-ի մասնագետներն իրավունք չունեն աշխատանքներ իրականացնելու։
«Ինչ վերաբերում է վարձակալած այգիներին, Երևանի գերակշիռ մեծամասնությունը՝ 90 և ավել տոկոս, վարձակալված է: Այգիները վարձակալված են մոտ 90 տարով, չեմ ասում՝ 50 տարով: Կոնսերվատորիայի հարևանությամբ գտնվող այգին, պուրակը 5 ենթավարձակալ ունի։ 1-ին ենթավարձակալը մահացել է, 2-րդը կորած է, 3-րդին գտել ենք, բայց ինքն էլ ասում է՝ հանձնել եմ 4-րդին, 4-րդը՝ 5-րդին: Այսինքն՝ մենք ունենք շատ լուրջ խնդիրներ՝ պայմանավորված վարձակալությամբ: Ո՞ր այգին ասեմ՝ Սիրահարների այգին վարձակալած է, Անգլիական այգին, Հաղթանակի զբոսայգու գերակշիռ մեծամասնությունը վարձակալած է»։
Մյուս կողմից էլ կան տարածքներ, որոնք սեփականաշնորհված են, բայց մատնված անտարբերության։
«Իսակովի պողոտային հարող մայթային հատվածը սեփական է, էնտեղ նաև հուշարձան կա։ Հուշարձանը միայն սեփական չէ, կողքի հատվածները, բոլոր հարթ տարածքները՝ դեպի Ամերիկայի դեսպանատուն տանող ճանապարհին, բոլորը սեփական են», - ասաց Խալաթյանը։
Իրավաբան Նազելի Վարդանյանն արձագանքեց՝ ինչու չեն դադարեցվում վարձակալական պայմանագրերը, եթե կան ակնհայտ պայմագրային խախտումներ։
«Նույն Կոմիտասի արձանի կողքի տույաները, ես նկարեցի, տեղադրեցի Ֆեյսբուքյան էջ և այլն, կեսը չորացել էր: Հիմա դուք տեսաք, որ այնտեղ քանդել են ու էդ տույաները չորացել են, ինչի՞ չդադարացրեցիք էդ վարձակալության պայմանագիրը: Թողեցիք որ վերավարձակալեն»:
Քաղաքապետարանի ներկայացուցիչները դժավարացան պատասխանել իրավական բնույթի հարցերին՝ նշելով, որ պայամանագրում վարձակալի պարտավորությունների մասին լղոզված է գրված և սովորաբար դատական գործընթացներում քաղաքապետարանը չի հաղթում։
Ամեն դեպքում վարձակալական հողերի մասով, հատկապես, եթե վարձակալը բարեխղճորեն չի կատարել պայմանագրային կետերը, քննարկմանը ներկա մասնագետներն այն կարծիքին են, որ քաղաքապետարանը պետք է խզի պայքամագրերը և տասնյակ տարիներով չսպասի մինչև վարձակալության ժամկետի ավարտը։ Այս խնդիրների մասին բարձրաձայնվում է երկար տարիներ, սակայն դեռևս լուծում չեն ստանում։
Ապրիլ 15, 2025 at 16:28