

«COP17-ի առանցքային ուղերձը մեկն է. պահպանելով կենսաբազմազանությունը՝ մենք երաշխավորում ենք մեր ապագա անվտանգությունը։ COP17-ի արդյունքում ընդունված որոշումները պետք է վերածվեն պետական գործողությունների։ Շատ կարևոր է, որ, որպես նախագահող երկիր, գտնենք այն եզրերը, որոնց միջոցով բոլոր կողմերը կգան ընդհանուր հայտարարի»։
Այս մասին հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ալիկ Բադալյանը՝ «Քաղաքացիական հասարակության օրակարգը՝ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախաշեմին» աշխատաժողովի ժամանակ։ Աշխատաժողովը կազմակերպել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ։
COP17-ը կանցկացվի Երևանում սույն թվականի հոկտեմբերի 19-30-ին։ Նույն օրերին Երևանում կանցկացվի նաև Կենսաբազմազանության կոնվենցիայի Կենսաբանական անվտանգության մասին Կարթագենայի արձանագրության կողմերի 12-րդ հանդիպումը (CP-MOP-12) և Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին Նագոյայի արձանագրության կողմերի 6-րդ հանդիպումը (NP-MOP-6): Ակնկալվում է, որ COP17-ը կունենա շուրջ 20.000 մասնակից։
COP17-ին Հայաստանում քննարկվելու է 51 փաստաթուղթ, որոնցից ամենակարևորը Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջին Գլոբալ վերանայումն է (Global Review)։ Ակնկալվում է, որ COP17-ը կվերածի այս վերանայման արդյունքները գործնական ուղեցույցների՝ մինչև 2030 թվականը գլոբալ հավակնությունների արագացված իրականացումն ապահովելու համար։ «Արդյո՞ք աշխարհը ճիշտ ուղու վրա է՝ հասնելու Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի 2030 թվականի համար սահմանված թիրախներին։ Սա է COP17-ի գլխավոր հարցը։ Եվ համաժողովի շրջանակում առաջին անգամ պետք է անցկացվի գլոբալ վերանայումը, կգնահատվի՝ ինչ առաջընթաց կա, ինչ քաղաքական և ֆինանսական բացեր կան։ Ըստ այդմ, Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի թիրախները գուցե վերանայման կարիք ունենան», - ասաց Ալիկ Բադալյանը։
Նա ներկայացրեց COP17-ի չորս հիմնական առաջնահերթությունները․
1․ Գլոբալ վերանայում՝ իրականացման առաջընթաց և հաշվետվողականություն
2․ Ֆինանսներ և թվային գենետիկական հաջորդականության տվյալներ՝ ֆինանսավորում, Cali Fund և օգուտների բաշխում
3․ Մասնակիցներ՝ բնիկ ժողովուրդներ, համայնքներ և շահառուներ
4․ Սիներգիա՝ կենսաբազմազանություն, կլիմա, հողեր, ջուր
Ալիկ Բադալյանը ներկայացրեց նաև COP17-ին Հայաստանի 4 նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ դրանք դեռ նախնական են։
«Մենք ունենք հնարավորություն ոչ միայն հյուրընկալելու COP17-ը, այլ նաև ցույց տալու, որ Հայաստանը կարող է առաջարկել գործնական, համարձակ և մասնակցային բնապահպանական օրակարգ», - ասաց Ալիկ Բադալյանը` ներկայացնելով Հայաստանի նախաձեռնությունները։
Հայաստանի նախաձեռնություն 1-ն է՝ «Yerevan Tech for Nature Hub»։ Նպատակն է հավաքագրել կենսաբազմազանության մասին որակյալ տվյալներ, որոնք կօգնեն իրականացնել ավելի թիրախավորված ծրագրեր։ Այստեղ կարևորվում է արհեստական բանականությունը և տվյալների վերլուծությունը, շրջակա միջավայրի ԴՆԹ-ն, կենսաակուստիկ մոնիթորինգը, հեռահար զոնդավորումը և արբանյակային տվյալները, քաղաքացիական գիտությունը և բաց տվյալները, հաշվետվողականության որակի բարձրացումը։
Հայաստանի նախաձեռնություն 2-ն է՝ «Global OECMs Platform to achieve 30x30»/ «30×30 նպատակին հասնելու համար OECM-ների (պահպանության այլ արդյունավետ տարածքահեն միջոցառումների) համաշխարհային հարթակ»։ 30×30 գլոբալ նպատակը Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի 3-րդ թիրախն է։ «Մենք մեր առջև նպատակ ենք դրել ոչ միայն ընդլայնել հատուկ պահպանվող տարածքները, այլ նաև բարձրացնել պահպանման և կառավարման որակը։ Հայաստանի համար սա հնարավորություն է տարածքային պահպանությունը կապելու համայնքների, լանդշաֆտների և ավանդական գիտելիքի հետ», - ասաց Ալիկ Բադալյանը։
Հայաստանի նախաձեռնություն 3-ն է՝ «Yerevan Call / Coalition on Positive Incentives for Biodiversity»։ Այն վերաբերում է Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի 18-րդ և 19-րդ թիրախներին, որոնք սահմանում են կարևոր ֆինանսական և տնտեսական պարտավորություններ՝ ուղղված կենսաբազմազանության պահպանմանը։ «700 միլիարդ դոլլարի տարեկան ֆինանսավորման բացը պահանջում է նոր գործընկերություններ և դրական խթաններ։ Այս նախաձեռնությամբ կողմերին կոչ ենք անում լրացնել այդ բացը և բաշխել ֆինանսներն ըստ կարիքների հավասար ու ճիշտ։ Նպատակն է բնությանը վնասող խթաններից անցում կատարել բնության համար դրական ներդրումների և տնտեսական լուծումների», - նշեց Ալիկ Բադալյանը։
Հայաստանի նախաձեռնություն 4-ը՝ «Yerevan Dialogue on Mountain and Freshwater Biodiversity», վերաբերում է լեռնային և քաղցրահամ ջրերի կենսաբազմազանությանը։ «Բանակցությունները տանելու ենք հիմնականում այս նախաձեռնության շուրջ։ Այստեղ Սևանա լճի օրինակն ենք վերցնելու։ Նպատակն է ցույց տալ, որ լեռնային էկոհամակարգերն ու քաղցրահամ ջրերը կենսաբազմազանության և համայնքների կենսագործունեության հիմքն են։ Այս համատեքստում Հայաստանը կարող է հանդես գալ գործնական, էկոհամակարգային մոտեցմամբ՝ Սևանա լիճը դարձնելով միջազգային երկխոսության խորհրդանիշ», - ասաց Ալիկ Բադալյանը։
Բանախոսը նաև ներկայացրեց, թե ինչպես կարող է քաղաքացիական հասարակությունը ներգրավվել COP17-ի գործընթացներին։ Մինչև COP17-ը նախատեսված են հանրային քննարկումներ, առաջարկներ։ COP17-ի ընթացքում քաղհասարակությունը կարող է կազմակերպել կողմնակի միջոցառումներ, իրականացնել դիտորդություն, իսկ COP17-ից հետո՝ մոնիթորինգ, հանրային վերահսկում և ապահովել հաշվետվողականություն։
«Որպես COP17-ի արդյունք ակնկալվում է, որ գլոբալ վերանայման գործընթացը կխթանի գործնական գործողությունների իրականացումը, իսկ ֆինանսավորման և տվյալների մեխանիզմները կդառնան առավել հստակ ու արդյունավետ։ COP17-ից հետո կձևավորվեն շարունակական ազգային համագործակցության և գործընկերության կայուն հարթակներ»,- ասաց Ալիկ Բադալյանը։
Հայաստանը Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 196 կողմ երկրներից է։ Վավերացրել է նաև կոնվենցիայի Կարթագենայի և Նագոյայի արձանագրությունները։
Հայաստանը աշխարհում կենսաբազմազանության 36 թեժ կետերից է։ Այստեղ հանդիպում են 3800 տեսակ անոթավոր բույս, 428 տեսակ ջրիմուռ, 399 տեսակ մամուռ, 4500 տեսակ սունկ, 464 տեսակ քարաքոս, 549 տեսակ ողնաշարավոր, 17200 տեսակ անողնաշարավոր, 500 տեսակ Էնդեմիկ կենդանի (ֆաունայի 3%-ը) և 144 տեսակ Էնդեմիկ բույս (ֆլորայի 3,8%-ը)։ Հայաստանն ունի 3 պետական արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 233 բնության հուշարձան։
Հայաստանի կենսաբազմազանության պահպանության նպատակներն ու թիրախներն ամրագրված են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի՝ «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N100-Լ հրամանում։
Հոդվածը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:
Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:
Հուլիս 08, 2026 at 16:57
