

Հայաստանը նախատեսում է վերանայել «Էմերալդ» թեկնածու տարածքները։ ««Էմերալդ» ցանցի վերանայումը ինքնանպատակ քարտեզագրում չէ, այն պետք է ապահովի պահպանվող տեսակների և կենսամիջավայրերի գիտականորեն հիմնավորված, կառավարելի և հանրային վստահություն ունեցող տարածքային պաշտպանություն»,- ասաց Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ալիկ Բադալյանը` «Քաղաքացիական հասարակության օրակարգը՝ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) նախաշեմին» աշխատաժողովի ժամանակ։ Աշխատաժողովը կազմակերպել էր «էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ։
1989թ․«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվեցիայի (Բեռնի կոնվենցիա) պայմանավորվող կողմերը նախաձեռնեցին Եվրոպայի բնական միջավայրի պահպանության մի առանձնահատուկ միջոց՝ «Էմերալդ ցանցի» (Զմրուխտե ցանցի) ստեղծումը։ Այն էկոլոգիական ցանց է՝ կազմված բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներից։ Սրանք կենսական նշանակություն ունեցող տարածքներ են, որոնք ունեն ներուժ շահեկան իրավիճակում պահպանելու և վերականգնելու տեսակները և բնական միջավայրը: Հայաստանն Էմերալդ ցանցում իր տարածքներն ունենալու համար Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի կողմից ընդունման համար ներկայացրել է թեկնածու տարածքներ: 2016թ. Հայաստանն առաջարկել է 23 էմերալդ թեկնածու տարածք, որոնք ընդգրկել են 1.033.719,5 հա տարածք, կամ երկրի տարածքի 34,7%-ը: Արդեն մի քանի տարի է՝ տեղի է ունենում այդ տարածքների վերանայման գործընթաց:
«Էմերալդ» թեկնածու տարածքները դիտարկվում են որպես Հայաստանի կենսաբազմազանության 2026-2030թթ. գործողությունների ծրագրի 3-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ թիրախների իրականացման կարևոր գործիք։
Միջազգային «Էմերալդ» ցանցը (Զմրուխտե ցանցը) գործում է Բեռնի կոնվենցիայի ներքո։ Սա էկոլոգիական ցանց է՝ կազմված բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներից։
Հայաստանը «Էմերալդ» ցանցում իր տարածքներն ունենալու համար Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի կողմից ընդունման համար ներկայացրել է թեկնածու տարածքներ:
2016թ. Հայաստանն առաջարկել է 23 «էմերալդ» թեկնածու տարածք՝ 1.033.719,5 հեկտար կամ երկրի 34,8%-ը: Սակայն արդեն մի քանի տարի է՝ տեղի է ունենում այդ տարածքների վերանայման գործընթաց:
«Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի (EU4Environment) ծրագրի» շրջանակում Համաշխարհային բանկը պատրաստել է «Հայաստանում Էմերալդ ցանցի
թեկնածու տարածքների վերանայման առաջարկություններ», ըստ որոնց առաջարկվում է 30 թեկնածու տարածք 23-ի փոխարեն, որոնց ընդհանուր տարածքը կկազմի 707,739.22 հեկտար կամ երկրի 23.8%-ը։
««Էմերալդ» տարածքների վերանայումը պետք է դիտարկվի որպես կենսաբազմազանության պահպանության որակի բարձրացման գործընթաց, այլ ոչ թե որևէ մեկ առանձին շահի կամ դիրքորոշման սպասարկում։ COP17-ի համատեքստում սա նաև հնարավորություն է ցույց տալու, որ Հայաստանը միջազգային պարտավորությունները կապում է ներպետական գործնական բարեփոխումների հետ։
Վերանայումը պետք է ապահովի պահպանվող տեսակների և կենսամիջավայրերի գիտականորեն հիմնավորված, կառավարելի և հանրային վստահություն ունեցող տարածքային պաշտպանություն։ Հիմնական գաղափարն է դիտարկել «Էմերալդ» տարածքները որպես տարածքային պահպանության և մասնակցային կառավարման գործիք։ Թվերը կարևոր են, բայց վերջնական նպատակը տարածքների որակն ու պահպանության արդյունավետությունն է։ Եվ վերանայման առաջարկը չի դիտարկվում որպես վերջնական պետական որոշում, այն քննարկման, ճշգրտման և շահագրգիռ կողմերի դիրքորոշումների համադրման նյութ է։ Այն պետք է կառուցվի ոչ թե միայն քարտեզային համընկնումների, այլ տեսակների, կենսամիջավայրերի, իրավական ռեժիմների և շահագրգիռ կողմերի դիրքորոշումների համադրության վրա», - ասաց Ալիկ Բադալյանը։
Նա ներկայացրեց «Էմերալդ» տարածքների կապը 2026-2030թթ. ազգային թիրախների հետ՝ նշելով, որ 3-րդ թիրախը տարածքային պահպանության հիմքն է, 28-30-րդ թիրախները՝ դրա սոցիալական և կառավարման հենարանը։
Ալիկ Բադալյանն ասաց, որ «Էմերալդ» տարածքների ձևավորմամբ հստակ կսահմանվեն պահպանության ենթակա տեսակների և կենսամիջավայրերի տարածքային կարիքները, կճշգրտվեն պահպանության առումով ոչ էական կամ կառավարման տեսանկյունից խնդրահարույց հատվածները։
2026-2030թթ. կենսաբազմազանության պահպանման գործողությունների թիրախներին համահունչ նախատեսվում է․
- Էմերեալդ թեկնածու տարածքների գիտական վերանայում՝ թիրախային տեսակների, կենսամիջավայրերի, բավարարության ցուցանիշների հստակեցում
- GIS և սահմանների՝ տարածական տվյալների, համընկնումների ճշգրտում, կենսամիջավայրերի քարտեզագրում
- հանրային քննարկումներ, ՀԿ-ների, համայնքների, գիտական կառույցների հետ, առաջարկների ամփոփում
- իրավական և կառավարման կապ ԲՀՊՏ-ների, OECM-ների, կառավարման պլանների և պահպանության ռեժիմների միջև
- մշտադիտարկում, տեսակների և կենսամիջավայրերի վիճակի պարբերական գնահատում։
«Վերանայման գործընթացը հնարավոր է առաջ տանել միայն քննարկումների և փաստարկված դիրքորոշումների հիման վրա։ Մոտեցումը հետևյալն է՝ սկզբում համեմատաբար ցածր հակասականություն ունեցող տարածքների մասով քննարկումներ, ապա՝ ավելի բարդ հարցերի փաստարկված և առանձին դիտարկում։ Այս գործընթացը պետք է լինի ոչ միայն մասնագիտական, այլև հասարակության կողմից հասկանալի և ընդունելի։ Սա նշանակում է ոչ միայն տեղեկացնել, այլև լսել, փաստարկված պատասխանել և հնարավորինս ներառել տեղական ու քաղաքացիական փորձը», - ասաց Ալիկ Բադալյանը։
Նա շեշտեց՝ «Էմերալդ ցանցը» կարող է դառնալ Հայաստանի 2030թ. կենսաբազմազանության օրակարգի կարևոր հենարան, եթե այն զարգանա՝
- գիտականորեն հիմնավորված և թարմացված տվյալներով
- ազգային իրավական և կառավարման գործիքների հետ ներդաշնակ
- հանրային վստահություն ստեղծող, թափանցիկ և ներառական ընթացակարգով։
Ալիկ Բադալյանն ասաց, որ ՀՀ ազգային օրենսդրությամբ «էմերալդ» տարածքները սահմանված ռեժիմներ չունեն, սակայն վերանայումից հետո կա նպատակ կազմելու այդ տարածքների կառավարման պլանները․ «Արդյունավետ պահպանում առանց կառավարման պլանների հնարավոր չէ, և երբ կլինի հստակ գոտիավորումը վերանայված սահմաններով, այդ ժամանակ կմշակվեն կառավարման պլանները»։
Հոդվածը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:
Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:
Հուլիս 24, 2026 at 12:16
