ԻՋԵՎԱՆՅԱՆ ԾԱՌԱՀԱՏՈՂՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌԵԼ ԵՆ 577, 500 ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

ԻՋԵՎԱՆՅԱՆ ԾԱՌԱՀԱՏՈՂՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌԵԼ ԵՆ 577, 500 ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

Գագիկ Աղբալյան, Իջեւանի «Օրհուս» բնապահպանության տեղեկատվության հասարակական կենտրոնի համակարգող, ԷկոԼուրի համար

Փետրվարի 21-ին Իջեւանի «Օրհուս» բնապահպանության տեղեկատվության հասարակական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչների միջեւ: «Իջեւանի ապօրինի ծառահատումները` ամենաթողության ահազանգ» խորագիրը կրող կլոր սեղանի ընթացքում քննարկվեց օրեր առաջ Իջեւանի քաղաքի ծայրամասում, անտառամերձ տարածքում` Անտառամիջյան փողոցում, կատարված բարբարոսությունը` ըստ պաշտոնական տվյալների` 21 ծառերի հատումը: Ինչպես հայտարարեց ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետի տեղակալ Ստեփան Վարդանյանը, 21 ծառից 11 հատը եղել է ղաժի, 9 հատը` բոխի եւ 1 հատը` կաղնի: Հատված ծառերի սակագինը կազմում է 192 հազար 500 դրամ, իսկ պետությանը պատճառած վնասը` 577 հազար 500 դրամ: Քննարկմանը հրավիրված կողմերից ներկայացուցիչ չէր ուղարկել միայն ոստիկանության Իջեւանի բաժինը, որը երկու օր առաջ Իջեւանի «Օրհուս» ԲՏՀԿ համակարգողին տեղեկացրել էր, որ սպասում են բնապահպանական տեսչության եզրակացությանը. եթե վնասի չափը գերազանցի 400 հազար դրամը, ապա հարուցված գործը կդառնա քրեական` վարչականի փոխարեն:

Քննարկմանը ներկա ՀԿ-ների ղեկավարներից Գեղեցիկ Գուլակյանը («Պրոգրես» ՀԿ) եւ Արմեն Շահնազարյանը («Երիտասարդ Տավուշ» ՀԿ) պարզաբանումներ խնդրեցին «Հայանտառ» ՊՈԱԿ Իջեւանի անտառտնտեսություն մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Արթուր Գաբրիելյանից եւ ավագ անտառապետ Վարդան Առուստամյանից: Վերջինս տեղեկացրեց, որ անտառում վերահսկում միշտ է իրականացվում` չնայած դժվարություններին` «անտառապահը ամենախոցելի խավն է հանդիսանում»: Նրա խոսքով` մեկ անտառապահը վերահսկում է մոտ հազար հեկտար տարածք: «Եթե հասարակական կառույցները մեզ հետ համագործակցեն, մեզ օգնեն, շնորհակալ կլինենք,-ասաց ավագ անտառապետը:-Իսկ եթե փորձենք մեղավոր փնտրել, մեկ է` գործին չի օգնելու, անտառահատումները շարունակվելու են: Չնայած էդ տարածքը համայնքային պատկանելություն ունի, բայց մեզ համար կապ չունի, մեզ նույնպես մտահոգում է վերջին դեպքը: Մենք եղել ենք տարածքում, եւ ակնհայտ է, որ ծառերը հատվել են ոչ արտադրական նպատակով: Բնականաբար կտրվել են վառելանյութի համար»: Արթուր Գաբրիելյանն էլ ասաց, թե հեշտ է ամեն ինչ անտառտնտեսության աշխատողի վրա բարդել, այնինչ 25 հազար հեկտար անտառային տարածքը թողնված է ընդամենը 30 անտառապահի վերահսկողությանը:

Կոնկրետ Անտառամիջյան փողոցում կատարված ծառահատման առնչությամբ ներկաները կարծում էին, որ դա կարող էին կատարած լինել նաեւ հարակից տարածքում ապրող մարդիկ: Այնտեղ ընտանիքներ կան ապրող: Իջեւանի քաղաքապետարանի կոմունալ հարցերով գլխավոր մասնագետ Սահակ Մանուչարյանն էլ ավելացրեց, որ բնակչությունը սովորաբար պետական կառույցներին չի աջակցում խախտումների դեպքում, չի ահազանգում: Հատկապես նման տարածքները, որոնք հեռու են քաղաքի կենտրոնական հատվածներից, մարդաշատ չեն, դժվար վերահսկելի են իրենց համար: «Կոնկրետ այդ հատվածում, հարեւանությամբ մարդիկ են ապրում, եւ ցավալի է, որ չեն ահազանգել` այն դեպքում, երբ ծառերը հատվել են բենզասղոցով, այսինքն` հատողները չէին կարող ծածուկ աշխատել, ձայն լսվել է»,-ասաց: Ս. Մանուչարյանը նաեւ հավասիացրեց, որ նշված տարածքը համայնքային սեփականության է պատկանում, ոչ թե` մասնավոր, ինչպես հաղորդել են լրատվամիջոցները: «Այդ տարածքը ժամանակին պատկանել է Գանձաքար համայնքին, իսկ 2005թ. տրվել է Իջեւանին,-ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:-Այն, որ գրված է, թե դա մասնավոր տարածք է, պատկանում է Իջեւանի քաղաքապետին, չի համապատասխանում իրականությանը: Կադաստրային քարտեզում այն համայնքային տարածք է: Իսկ հոդվածում նշված ցանկապատն արել են մարդիկ, ովքեր ժամանակին այդ տարածքում այգեգործություն են կատարել»: Հասարակական սեկտորի ներկայացուցիչները հայտնեցին իրենց մտահոգությունը բնական պաշարների դեմ իրականացվող ապօրինությունների առնչությամբ: «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանը նշեց.«Ես տեղյակ եմ, որ շատ դեպքերում անտառապահը գումար է վերցնում եւ թույլատրում ծառ հատել»: Այս մտքին չհամաձայնեցին անտառտնտեսության ներկայացուցիչները, ասելով, որ մարդիկ սկսել են տեսանելի վայրերում էլ ծառ կտրել, որովհետեւ ֆինանսապես ծանր վիճակում են հայտնվել: Իրենք էլ, նրանց խոսքով, նույնիսկ սանիտարական հատումների ժամանակ իրազեկում են բնակչությանը, որպեսզի վերջիններս իմանան եւ օգտվեն ռեսուրսներից օրինականորեն: Անտառապահները տեղեկացրին, որ միայն Իջեւանի անտառտնտեսության սպասարկող տարածքում 8 հազար տնտեսություն փայտ է վառում: Իսկ իրենք տարեկան ունենք 2000 խմ սանիտարական հատումներ կատարելու իրավունք  կամ պլան: «Թափուկներն ու սանիտարական հատում պահանջող ծառերը բնակչությանն ենք տալիս 1 խմ գինը 1200 դրամով, բայց, մեր կարծիքով, ավելի լավ է այդ գինն ավելի նվազեցնեն սահմանամերձ գոտիների բնակիչների համար»,-ասացին անտառապահները, իրենց խոսքը հիմնավորելով այն բանով, որ մարդիկ կան շատ դեպքում դա էլ ի վիճակի չեն վճարելու: «Եթե գումարենք տրանսպորտի, վառելիքի գումարը, կկազմի մոտ 50 հազար դրամ,-նշեցին:-Օրինակ թոշակառուն պետք է 3 ամսվա թոշակը կուտակի, որ կարողանա թափուկ տանի անտառից: Կարծում ենք, որ նույնիսկ պետք է թափուկ հանելը խրախուսվի»: Չնայած դրան, գյուղեր էլ կան, որոնց տարածքում թափուկ չի մնացել, ամբողջը հանել են: «Երիտասարդ Տավուշ» ՀԿ նախագահ Արմեն Շահնազարյանի դիտարկմանը, թե ապօրինի ծառահատումնների թիվը մեծացել է, անտառտնտեսության ներկայացուցիչները հերքեցին, ասելով, որ հակառակը, «վերահսկողության ուժեղացման արդյունքում դրանց թիվը կրճատվել է»: Նրանք պնդեցին, որ դրան կնպաստի նաեւ օրենքի փոփոխությունն այն մասին, որ եթե ներկայումս ապօրինի անտառահատման վնասի չափը 400 հազար դրամ կազմելու դեպքում է գործը համարվում քրական, ապա նոր ընդունվելիք օրենքով, որը քննարկման փուլում է, այդ շեմն իջեցվելու է մինչեւ 200 հազար դրամ: Սա, ըստ անտառապահների, կզսպի խախտում կատարողների գործողությունները: «Մի ժամանակ  ութ ծառ էին կտրում, բայց գործը վարչական էր համարվում, որովհետեւ շեմը 600 հազարն էր, իսկ հիմա կիմանան, որ 2-3 ծառ հատելն էլ բավական է, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց Վարդան Առուստամյանը :

Խնդիրների քննարկումից հետո Իջեւանի «Օրհուս» կենտրոնի կողմից եղավ համագործակցության առաջարկ: Կողմերը պայմանավորվեցին, բացի տեղեկատվության տրամադրումն ու վերահսկումը, գարնանը կամավորների, ուսանողների եւ բարձր դասարանցիների ուժերը միավորել տարածաշրջանի անտառածածկ տարածքներում ծառատունկի իրականացմանը: Ամեն տարի, անտառտնտեսության աշխատակաիցների հավաստիացմամբ, դա կատարում են իրենք` անտառապահները: Այս անգամ նրանց կմիանան նաեւ վերոնշյալ ուժերը:

Մարտ 01, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր