

ԷկոԼուր
«Հայանտառը» եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը անտառային սեկտորում նախաձեռնում են ներդրումային բիզնես-ծրագիր: Նման ծրագրի հիմք է ընտրվել Տավուշի մարզը: Էությունն այն է, որ բիզնեսը պետք է ներկայացնի պլան, թե ինչ քանակությամբ փայտանյութ է պահանջվում, ինչպես նաեւ ենթադրվող ներդրումները` այդ քանակությամբ փայտանյութը վերամշակելու համար:
Նշենք, որ մինչ օրս անտառտնտեսություններում իրականացվում են միայն սանիտարական հատումներ, որոնք ամեն տարի պլանով իջեցվում են ամեն անտառտնտեսության համար: Արդյունաբերական հատումներ չեն ծրագրվում. դրանք կազմում են սանիտարական հատումներից որոշակի ծավալ` որոշ գնահատականներով մինչեւ 20%: Իսկ իրականում արտադրական հատումների տակ գնում է ամենալավ անտառը, թանկ փայտանյութը` կաղնի, հաճարենի, բոխի: «ԷկոԼուր»-ի հարցին` չե՞ք կարծում, որ պլանային արդյունաբերական հատումների արդյունքում մենք ընդհանրապես կկորցնենք անտառը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանն ասաց, որ այդ ծրագրի հիմնական նպատակն է բիզնեսը բերել օրենքի շրջանակ:
Իրավիճակը պարզելու համար մենք մեկնեցինք Տավուշի մարզ: «Մենք արդյունաբերական նշանակության անտառներ չունենք: Իսկ ինչ վերաբերվում է սանիտարական հատումներին, ապա անտառային համայնքներից 5-6 կմ շառավղով տարածքում չի մնացել անտառ, որից կարելի է արդյունաբերական փայտանյութ ստանալ»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցը: Նրա խոսքերով` հասանելi անտառն արդեն վերջացել է: Անտառի հետեւից պետք է գնալ այնտեղ, որտեղ ճանապարհներ չկան, որտեղ անտառն աճում է զառիվեր լանջերին: «Միայն այնտեղ է անտառ մնացել»,- ասում է նա: Եթե ճանապարհներ գցեն, ապա, իհարկե, կսկսեն ավելի շատ անտառ կտրել:
Իսկ որքա՞ն անտառ է հատվում Տավուշում: Միայն Իջեւանի անտառտնտեսությունում փայտով տաքանում է 8 հազար ընտանիք: Բացի Իջեւանից Տավուշում կա եւս 3 անտառտնտեսություն` Արծվաբերդի, Սեւքարի եւ Նոյեմբերյանի: Դրանք, անկասկած, շատ ավելի նշանակալից են թեկուզ եւ նրա համար, որ այդ տնտեսություններից յուրաքանչյուրում հատումների պլանը 3 անգամ գերազանցում է Իջեւանի անտառտնտեսության պլանը:
Եթե հաշվենք, որ ամեն ընտանիք տարեկան վառում է 10-15 խորանարդ մետր փայտ, ապա ստացվում է, որ Իջեւանի անտառտնտեսությունում վառվում է ամենաքիչը 80 հազար խորանարդ մետր, իսկ մնացած երեք անտառտնտեսություններում եւս 240 հազար խորանարդ մետր անտառ: Նրանց պետք է ավելացնել արդունաբերական փայտանյութի այն 20 տոկոսը` մոտ 70 հազար խորանարդ մետր, որոնք ուղարկվում են փայտամշակման ձեռնարկություններ: Այսինքն, միայն Տավուշում հատվում է մոտ 400 հազար խորանարդ մետր փայտ:
Թվերն, իհարկե, մոտավոր են, քանի որ խոսքն անօրինական հատումների մասին է: Անօրինական հատումների դեմ պայքարել չի ստացվում: Մենք լուսանկարեցինք փայտով լի բեռնատար, որը երկար ժամանակ մեր առջեւից էր ընթանում ձնով ծածկված մայրուղով: Բեռնատարն ու մենք անցանք ոստիկանական պահակակետի մոտով, որտեղ ոստիկանները սուրճ էին խմում: Մարզից փայտ դուրս տանող բեռնատարի նկատմամբ ոչ մի ռեակցիա ոստիկանները չցուցաբերեցին, չստուգեցին փաստաթղթերի առկայությունը, օրինակ, թե հատումների թույլտվությունը որեորոդ անգամն է օգտագործվել:
Ինչ վերաբերվում է բիզնես ծրագրերի տեսքով հատումները օրինականացնելու առաջարկությանը, այսինքն, գործնականորեն դրանք տասնյակ անգամ ավելացնելուն, ապա այդ առաջարկությունը նոր չէ: Բացառված չէ, որ դա գալիս է Համաշխարհային բանկից, որի փորձագետները կարծում են, որ ավելի լավ է օրինականացնել անօրինական հատումները` որոշելով փայտանյութի իրական պահանջը եւ հենց այդ ծավալը մտցնելով հատումների տարեկան պլանի մեջ: Փորձը ցույց է տալիս է, որ նման առաջարկություններ Համաշխարհային բանկը անում է` ելնելով կոմերցիոն շահերից, այլ շահեր, օրինակ` անտառի պահպանումը կամ տեղի բնակչության շահերը, Համաշխարհային բանկին չեն հետաքրքրում: Այսպես, Համաշխարհային բանկի փորձագետների առաջարկությամբ հաստատվել են Դիլիջանի եւ Սեւանի ազգային պարկերի մենեջմենթ-պլանները, ինչի արդյունքում ազգային պարկերից ոչինչ չի մնացել` միայն ֆինանսապես հաջողակ ռեստորաններ եւ հյուրանոցներ վարձակալված տարածքներում, կամ 50 եւ ավելի տարի վարձակալման ժամկետով զավթված տարածքներ: Այդ ամենը ձեւակերպվեց լավ կազմված բիզնես ծրագրերով: Հիմա էլ անցել են անտառին: Անտառամերձ համայնքներում ոչ ոք չի կասկածում, որ օլիգարխները գործի կանցնեն: Հասարակ բնակիչներին ուղղակի անտառ չեն թողնի: «Մենք կհեռանանք, իսկ այստեղ կմնան բիզնեսն ու վարձու բանվորները»,- մեզ ասում են անտառամերձ համայնքների բնակիչները: Նրանք կարծում են, որ նման ծրագիրն անհրաժեշտ է նրանց, ովքեր մտադիր են հասնել անմատչելի անտառներին: «Ահա դրա համար նրանց փող է պետք, որպեսզի ճանապարհներ գցեն եւ անտառը հատեն, որին այժմ դեռ չեն կարողանում հասնել: Իրենք ծախսեր չեն անի, կվերցնեն վարկային գումարները»:
Նրանք, ովքեր ասում են, որ անտառը հատման կարիք ունի, գիտեն, որ անտառի պահպանման համար ավելի լավ է նրան ձեռք չտալ, ինչպես դա արվում է արեւմտյան անտառներում: Խորհրդային տարիներին անտառը կտրում էին, որովհետեւ փայտ էր հարկավոր: Բայց այն ժամանակ էլ Հայաստանում անտառը խնայում էին, չէին օգտագործում արդյունաբերության համար: Անտառի համար Սիբիր էին գնում: «Այն ժամանակ էկոլոգիա բառը չկար, բայց անտառը պահպանում էին: Այժմ էկոլոգիան կա, բայց անտառ չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Վազաշեն գյուղի բնակիչ, նախկին անտառապահ:
Մարտ 02, 2011
