

ԷկոԼուր
Սյունիքի մարզի Տանձավեր գյուղը բոլոր կողմերից շրջապատված է անտառով: Նույնիսկ այս տարվա շոգ ամռանն այստեղ խոնավ էր: Խանութներ այստեղ չկան, տրանսպորտը` շաբաթը մեկ է գալիս: Մի խանութ կար, բայց այն ստիպված փակել են, քանի որ ամբողջ գյուղը պարտք էր: Մոտակա բնակավայրը Կապանն է, ուր կարելի է հասնել շատ վատ ճանապարհով: Գյուղն ընդամենը 30 տնտեսություն ունի եւ 100-ից քիչ ավելի բնակիչ: Բայց կա դպրոց, որտեղ սովորում է 9 աշակերտ: «Մենք 110 բնակիչ ունենք… Մի քանի մարդ աշխատում է Գորիսի անտառտնտեսությունում, ոմանք գյուղապետարանում, մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, մեղու ենք պահում… Մՙեր մթերքն ամենամաքուրն է, բայց գնորդ չկա… Մեզ մոտ, իհարկե, ապրելը հերոսություն է»,- ասում է համայնքապետ Արսեն Հարությունյանը ENPI EAST FLEG 2 ծրագրի աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ:
Ինչով կարելի է զբաղվել նման վայրում ենթակառուցվածքների բացակայության պայմաններում, հասկանալի չէ: Հենց Աստված է պատվիրել անտառով զբաղվել: Անտառն օգտագործվում է Գորիսի անտառտնտեսության կողմից: Անտառ գնել բնակիչները չեն կարող եւ վստահեցնում են, որ օգտագործում են միայն թափուկ: Գորիսի անտառտնտեսության տնօրենն էլ վստահեցրեց, որ այստեղ թափուկ կա, ինչքան ուզես: «Մեր պլանը տարեկան 1400 խմ է: Մենք լրացուցիչ հատումներ չենք իրականացնում: Այստեղ թափված փայտը շատ է: Մարդիկ այն օգտագործում են: Անշուշտ, մենք խստորեն չենք հաշվում, բայց վստահեցնում եմ, որ դա անտառի հաշվին չէ: Պարզապես գյուղերում մարդ չի մնացել: Իսկ ով մնացել է, ծերեր են, միայնակ մարդիկ, ովքեր քիչ են փայտ օգտագործում: Գյուղը միջին հաշվով ավելի քիչ է փայտ օգտագործում, քան առաջ: Մենք համագործակցում ենք գյուղապետերի, մարզպետարանի հետ, որպեսզի կազմենք անապահովների եւ ծերերի ցուցակ, որոնց անհրաժեշտ է 8 խմ թափուկը: Բայց իրականում, թափուկն ավելի շատ է»,- ասում է Գորիսի անտառտնտեսության տնօրեն Արմեն Իշխանյանը:
Հարցին, թե ինչպես է իրականացվում անտառվերականգնումը, կան արդյոք նոր անտառտնկումներ, նա պատասխանեց. «Ես պետք է ասեմ, որ առանց տնկարանի անտառվերականգնում, հենց այնպես կտրել անտառը անտառապահների համար շատ տհաճ է: Դա կարող են հաստատել բոլոր պրոֆեսիոնալները: Տնկարաններն անհրաժեշտ են: Ժամանակին տնկված բոլոր սոճիները Գորիսի տնկարանից էին: Տալիս էին մինչեւ 1 000 000 տնկի ամբողջ շրջանի համար: Բայց տնկարանը միջոցներ է պահանջում, իսկ միջոցներ չկան: Ամեն ինչ կա` տարածք, ջուր, միջոցներ չկան»:
Հասկանալի չէ, թե ինչի հաշվին է Տանձավերում անտառը նման լավ վիճակում այն դեպքում, երբ այլ անտառամերձ համայնքներում անտառն աչքի առաջ փոխվում է: Մարդիկ, ովքեր անտառն օգտագործել են որպես վառելիք, այժմ դրանից զրկվել են, օրինակ, Լոռու մարզի Եղեգնուտ գյուղը: 2010թ-ին ENPI EAST FLEG 1 ծրագրի աշխատանքային խումբը եղավ անտառում, երբ ամեն երկրորդ տղամարդը գործ ուներ անտառի հետ, հատում էին, կամ դուրս էին բերում անտառը: Գյուղական ճանապարհներին մշտապես կանգնած էին փայտով բարձված մի քանի մեքենաներ: Հիմա ոչ անտառ, ոչ մեքենա: Եղեգնուտում նույնիսկ պլանային հատումների հատատեղի չկա: Ապա որտե՞ղ է այդ անտառը, որը, ինչպես ասում են պաշտոնյաները, հրաշալի տեմպերով վերականգնվում է:
«5 տարի առաջ մենք անտառ ունեինք, հիմա արդեն չկա: Մենք ունեինք եւ բոխի, եւ տանձենի, եւ կաղնի: Այսօր ոչինչ չկա: Հատված վայրերում ինչ-որ բան աճում է, բայց դա անտառ չէ. մենք չենք կարող այն օգտագործել նույնիսկ որպես վառելիք: Դրանք պարզապես շիվեր են, որոնք աճում են ու ծածկում ճանապարհները, քանի որ ոչ ոք դրանք չի կրտում, դրանցով ոչ ոք չի զբաղվում: Շիվի հաստությունը 7 սմ-ից ոչ ավելի է»,- ասում է Եղեգնուտի համայնքապետ Միշա Հովհաննիսյանը:
Հանդիպմանը մասնակցող Գուգարքի անտառտնտեսության ներկայացուցիչները կարծում են, որ անտառի ամենամեծ խնդիրը «Հայանտառ» կազմակերպության ցածր կարգավիճակն է, որը թույլ չի տալիս նորմալ հարցեր լուծել: «Եղեգնուտ գյուղում մենք չենք աշխատում: Մեր տարածքները հիմնականում Վահագնիում են, բայց այնտեղ էլ մնացել են բարձրադիր վայրերում: Մեծ դժվարություններ կան հատումների համար տեղի ընտրության հարցում: Անտառի սահմանը բարձրացել է: Իհարկե, անտառը կարող է տալ այլ արտադրանք էլ` հատապտուղներ, վայրի պտուղներ, մեղվանոցներ, բայց մեզանից միայն փայտ են պահանջում»,- ասացին նրանք:
Նույնը մենք լսեցինք նաեւ Գառգառ գյուղում: «Անտառի սահմանը կտրուկ բարձրացել է: Եւ ավելի ու ավելի դժվար է դարձել թափուկ հավաքելը»:
Հարցեր են մնում, թե ով միջոցներ կտրամադրի անտառվերականգնման համար, ով այլընտրանք կգտնի բնակիչների համար, որոնց համար անտառը միակ էներգետիկ ռեսուրսն է, եւ վերջապես, ում պետք կլինի անտառը, երբ բոլոր անտառամերձ համայնքները դատարկվեն:
Տանձավեր գյուղ
![]() |
|
|
![]() |
|
|
Սեպտեմբեր 08, 2015 at 16:19


