Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հարեւանությամբ հատում են սոճու անտառները

Ստեփանավանի «Սոճուտ»  դենդրոպարկի հարեւանությամբ հատում են սոճու անտառները

ԷկոԼուր

ԷկոԼուրն ահազանգ ստացավ, որ Լոռու մարզում`Ստեփանավանի «Սոճուտ»  դենդրոպարկը շրջապատող հատվածներում հատվում են սոճու անտառները: Գարնանը հատվել են հարավ-արեւելյան հատվածների սոճու անտառները, իսկ հիմա հատվում են հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան հատվածների անտառները: «Կտրում են անտառն առանց ամաչելու, ցերեկով եւ սոճիները դուրս են բերում անտառից»,- ասաց ահազանգողը: Ահազանգողի խնդրանքով ԷկոԼուրը չի հրապարակում նրա անուն ազգանունը: Հարցին, թե նա կարող է տրամադրել լուսանկարներ, նա պատասխանեց, որ` ոչ, քանի որ իր անվտանգությունն ապահովված չէ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ  ինքը 2 օր առաջ եղել է այս տարածքում, հանդիպել է դենդրոպարկի աշխատակիցների հետ: «Մենք ունենք պլանավորված սանիտարական հատումներ դենդրոպարկի հարակից տարածքում 200 խմ չափով: Բայց քանի որ դենդրոպարկի հետ կապված անհանգստությունը շատ մեծ է, նաեւ որ շփոթություն չլինի, ես կարգադրել եմ կանգնեցնել հատումները»,-  ասաց Մարտուն Մաթեւոսյանը:

ԷկոԼուրն ուշադրություն է դարձնում, որ սանիտարական հատման ենթակա ծառերը պետք է նշված լինեն հատուկ կնիքով, որի հետքը մնում է ինչպես կոճղի, այնպես էլ ծառի հատված բնի վրա: Խնդրում ենք  անտառի մոնիտորինգով զբաղվող բոլոր անձանց հատումներ հայտնաբերելիս ուշադրություն դարձնել կնիքի առկայության վրա: Քանի որ ներկայումս ակտիվորեն հատվում են անտառները ձմռանն ընդառաջ, խնդրում ենք դիմել մեզ 091  92 12 64 հեռախոսահամարով, կամ գրել մեզ [email protected] հասցեին` նշելով հատումների վայրը:

Սեպտեմբեր 28, 2015 at 14:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր