Ինչպե՞ս գոյատևել ձմռանը. Գեղարքունիքի մարզ (Լուսանկարներ)

Ինչպե՞ս գոյատևել ձմռանը. Գեղարքունիքի մարզ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզը գտնվում է ծովի մակարդակից 1500-2000մ բարձրության վրա: Խիստ կլիմայի պատճառով ձմռանը մարդիկ պատրաստվում են դեռ ամռանը եւ փայտ են կուտակում: Տարեկան ընտանիքը ծախսում է 20 խորանարդ մետրից ոչ պակաս փայտ: Գազով շատ քչերն են ջեռուցում:

ENPI EAST FLEG 2 ծրագրի փորձագիտական խումբն անտառամերձ համայնքների հետ հանդիպման նպատակով եղավ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում և Ճամբարակ քաղաքում:

«Մեր գյուղում մոտ 1000 բնակչություն կա: Էստեղ մարդիկ չեն ապրում, հազիվ կարողանում են ծերը ծերին հասցնեն, որ գոյատևեն»: Ահա այսպես ներկայացրեց  Այգուտ գյուղի վիճակը գյուղապետ Մխիթար Կարապետյանը:

Անտառամերձ Այգուտում բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Հողագործությունն այստեղ զարգացած չէ, քանի որ համայնքը չունի ոռոգման համակարգ: Մեծ խնդիր է նաև խմելու ջուրը. մաշված և հին ջրագծի պատճառով գյուղը չի կարողանում խմելու ջուր ստանալ: Բնակչության 90 տոկոսը գործազուրկ է: Եկամտի միակ աղբյուր հանդիսացող անասնապահությունն այսօր արդեն ձեռնտու չէ կաթի մթերման գնի անկման պատճառով: Նախկին 150-180 դրամի փոխարեն այսօր գյուղացուց կաթը վերցնում են  100-105 դրամով: Գյուղը գտնվում է սողանքային գոտում: Տների կեսը սողանքներից արդեն փլվել են: Գյուղում առկա արտագաղթի պատճառներից մեկը նաև սա է: Այգուտում գալիք ձմռան հետ միասին եղած խնդիրներին ավելանում է նաև նորը՝ վառելափայտի հայթայթման խնդիրը:

Որպես անտառամերձ գյուղ` Այգուտի բնակիչներին տարեկան հասնում է 8 խմ անվճար թափուկ: Սակայն Ճամբարակի անտառտնտեսության գլխավոր անտառապետ Կարեն Գրիգորյանի խոսքով՝ անտառում թափուկ այլևս չկա: «Այգուտ գյուղը մտնում է Գետիկի անտառպետության մեջ: Այստեղ 2011 թվից մինչև հիմա թափուկ չկա, հատատեղից էնքան թափուկ չի առաջանում, որ էս մարդիկ տանեն վառեն, էնպիսի տեղերում է մնացել, որ մարդիկ չեն կարող գնան, հավաքեն…Հրաման են տվել ու նստել են, արդեն թշնամի ենք էս ժողովրդի համար մենք», - ասաց Կարեն Գրիգորյանը:

Այգուտում գազաֆիկացված է ընդամենը 10 տոկոսը, քանի որ գյուղում գազի ներքին ցանց չկա: Ճամբարակի անտառտնտեսության գլխավոր անտառապետի կարծիքով՝ եթե անգամ ամբողջ գյուղը գազաֆիկացվի, գյուղացին գազը օգտագործելու է միայն սուրճ կամ ճաշ եփելու համար: «Տունը ոչ մեկը գազով չի տաքացնելու, որովհետև սեփական տունը տաքացնելու համար ամսական 150.000 դրամ է պետք, բայց գյուղացին աշխատանք չունի, - ասաց Կարեն Գրիգորյանը և հավալեց, - մի գյուղացին տարեկան 20 խմ-ից պակաս չի վառում…Ըսենց չի լինի, մի բան պետքա` գազը զեղչի, մի բան «Հայանտառ»-ը, որ գյուղացին տարվա մի մասը գազ վառի, մի մասը փայտ, ուրիշ ելք ես չեմ տեսնում»:

Գյուղապետ Մխիթար Կարապետյանի կարծիքով՝ գյուղը ոտքի կանգնեցնելու միակ ճանապարհը ներդրումներն են, որոնք այսօր չկան: «Գյուղի վիճակը այն ժամանակ էր լավ, երբ «Էյ Թի Փի»-ն այստեղ մինի տնկարաններ էր բացել: Ինքը սերմը տալիս էր, մարդիկ տնկին աճեցնում էին, տալիս էին իրենց: Մեր ամենածաղկուն ժամանակներն էին, ժողովուրդը աշխատում էր, ձեռները փող կար, իսկ հիմա էսքան նստած մարդուց որ հիմա ասես, գրպանիցդ 1000 դրամ հանի, հնարավոր է, որ երկու հոգու գրպանում լինի էդ 1000 դրամը», - ասաց գյուղապետ Մխիթար Կարապետյանը:

«Մենք գոյատևում ենք, չենք ապրում, առաջ փող կար, հիմա մի թոշակի վրա ենք նստած...մեզ փողա պետք, որ վարկերը տանք...դրսում երեխեն որ ծնվումա, հաշվին արդեն մի քանի միլիոն կա, իսկ մերը որ ծնվումա, արդեն էդքան պարտք ունի», - իրենց ծանր սոցիալական վիճակից բողոքեցին Այգուտի բնակիչները:

Ի տարբերություն Այգուտ գյուղի հարևան Ճամբարակ քաղաքը չի համարվում անտառամերձ, հետևաբար տեղի բնակիչները չունեն անգամ այդ 8 խմ անվճար թափուկից օգտվելու հնարավորությունը: Ճամբարակի խիստ բնակլիմայական պայմանները քաղաքապետ Յուրա Ավալյանը այսպես նկարագրեց՝ ճամբարակում լինում է մեղմ ձմեռ և խիստ ձմեռ:  «Քաղաքն ունի 6574 բնակիչ, գազաֆիկացված է քաղաքի 85 տոկոսը, բայց գազով շատ քիչ են տաքացնում: Սեփական տներն ավելի շատ են, քան բնակարանները, փայտով և աթարով ենք ջեռուցում: Տարեկան միջինը անհրաժեշտ է 8-10 խմ վառելափայտ:  Մարդիկ գնում են վառելափայտը, 15000 դրամ արժի մեկ խորանարդ մետրը, իսկ տարեկան ջեռուցելու համար անհրաժեշտ է 120-130 հազար դրամ», - ասաց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը: Իր կարծիքով՝ որպես սահմանամերձ քաղաք Ճամբարակի զարգացման հիմնական խթանն այն կլինի, եթե քաղաքը ազատվի բիզնես դաշտի հարկերից:

 Նա նշեց, որ բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, սակայն այստեղ նույնպես առկա է կաթի մթերման խնդիրը: «Այստեղ կաթի արտադրությունը բավականին շատ է, հնարավոր չի, որ բնակիչը ինքնուրույն իրացնի իր կաթը: Շուկա չկա, որ վաճառենք», - նշեց քաղաքապետը: Քաղաքում գտնվող «Աշտարակ կաթ» ընկերության արտադրամասը այս տարի 1 լիտր կաթը վերցնում է ընդամենը 110 դրամով այն դեպքում, երբ անցյալ տարի վերցնում էր 180 դրամով: Տեղի բնակչի խոսքով՝ արդեն 5 ամիս էլ փողը չի վճարել:

Հարցին՝ ինչ տեմպ ունի արտագաղթը, Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանեց՝ ընտիր: «Արտագաղթը շատ է, մարդիկ գնում են, որովհետև փող չկա, մնացած երիտասարդների 90 տոկոսն էլ ժամկետային զինծառայողներ են: Աշխատանք չկա, ստիպված գնում են սահման», - ասաց Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակիցը:

Այգուտ գյուղ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճամբարակ քաղաք
 
 
 
 
 
 
 
 
 

Սեպտեմբեր 30, 2015 at 15:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր