

ԷկոԼուր
«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հունիսի 29-ին Տավուշի մարզի Սևքարի անտառտնտեսությունում՝ Գետաշենի անտառպետության 12-րդ քառակուսում, հայտնաբերեց տասնյակ քամատապալ ծառեր: Մշտադիտարկմանը մասնակցեցին «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԷկոԼուրը:
«Մեր կենտրոնում արբանյակային պատկերներով ունեցել էինք փոփոխություն այս հատվածում: Տեսանք, որ այստեղ քամատապալ ծառեր են: Մեր կողմից ֆիքսված փոփոխությունները կներկայացնենք «Հայանտառ»-ին և գյուղատնտեսության նախարարին:... Եվ նախարարի որոշումով այս ամբողջ ծառերը կհամարակալվեն, կկնքվեն և դուրս կբերվեն անտառից, արդեն դրանով կօժանդակվի, որ այս անտառտնտեսությունում հատատեղը կրճատվի»,- «ԷկոԼուրի» հետ զրույցում հայտնեց «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Արամ Գյուլխասյանը:
ՀՀ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն ասաց, որ ժամանակակից տեխնիկայի բացակայության հետևանքով լուրջ խնդիր է քամուց տապալված ծառերի դուրս բերումը անտառից. «Այս փայտը եթե երկար մնաց, կփչանա, կդառնա ոչ պիտանի օգտագործման համար: Այստեղ կարող է նաև շինափայտ լինել, իսկ դրա կորուստը բավականին մեծ է: Ծառերից ինչ որ կարելի է իրացնել, իրացվում է, իսկ գումարը մտնում է «Հայանտառ» և ծախսվում է մեր կարիքների համար: Այն ծառերը, որոնք հնարավոր չի լինի դուրս բերել, կտրամադրվի ժողովրդին որպես թափուկ»,- ասաց Ռուբեն Պետրոսյանը՝ ավելացնելով, որ տապալված ծառերի տեղում նոր ծառեր տնկելը լուրջ ֆինանսական ներդրում է պահանջում, որը «Հայանտառ» ՊՈԱԿ-ը չի կարող տրամադրել:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Հուլիս 04, 2016 at 15:27