Շիրակի և Արագածոտնի 10 համայնքում էրոզիայի դեմ պայքարելու են անտառատնկման միջոցով

Շիրակի և Արագածոտնի 10 համայնքում էրոզիայի դեմ պայքարելու են անտառատնկման միջոցով

ԷկոԼուր

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում` 15 հեկտար տարածքում, իրականացվել է ծառատունկ և բիոինժեներական աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի բաղադրիչներից «Ինտեգրված էրոզիայի վերահսկողությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Ծրագրի նպատակը գյուղական համայնքներում էրոզիայի կանխարգելումն է։ Ախատանքների ընթացքին հոկտեմբերի 17-ին հետևեցին ծրագրի պատասխանատուները, ՀՀ նախարարությունների, Շիրակի տեղական ինքնակառավարման մարմինների, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, ոլորտում աշխատող այլ միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրագրողներ:

«Եթե Էրոզիայի խնդիրը չլուծվի ժամանակի ընթացքում, կարող է աղետալի հետևանքներ ունենալ համայնքների գյուղատնտեսության վրա: Մենք այս տարածքում հակաէրոզիոն միջոցառումներից մեկն ենք իրականացնում ` անտառվերականգնում: 15 հեկտարի վրա տնկում ենք սոճի, կաղնի, միաժամանակ նաև այն տեսակները, որոնք պտղատու են` վայրի տանձ, խնձոր»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քարսթեն Շուլցը: Նա կարևորեց, որ նման միջոցառումներ իրականացվեն նաև համայնքի նախաձեռնությամբ: «Համայնքը պետք է պատրաստ լինի իր արոտավայրերը, իր համայնքի հողերն ավելի լավ կառավարելուն և տարիների ընթացքում սեփական միջոցներով նման նախաձեռնություններ կյանքի կոչելուն»,- ասաց Քարսթեն Շուլցը` նշելով, որ ծրագիրը տևելու է մինչև 2019 թ-ի ավարտը:

Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նորա Անալակյանը նշեց. «Այս ծրագիրը եզակի ծրագրերից է, որտեղ համադրված են համայնքային զարգացումն ու բնապահպանությունը: Այսօր ծրագրի բոլոր դժվարությունները գրեթե հաղթահարված են, և մինչև տարեվերջ պետք է ընդհանուր 155 հա տարածքում ծառատունկ իրականացվի»:
Մեծ Մանթաշից բացի Էրոզիայի կանխագելման նպատակով անտառների հիմնման աշխատանքներ են իրականացվում նաև Շիրակի մարզի Սարալանջ, Փոքր Մանթաշ, Նահապետավան և Հառիճ համայնքների շուրջ 65 հա ընդհանուր մակերեսով տարածքներում:

Ընդհանուր անտառատնկման աշխատանքներ պետք է իրականացվեն Շիրակի և Արագածոտնի մարզերի 10 համայնքների 155 հա հողատարածքներում:



Հոկտեմբեր 18, 2017 at 18:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր