

ԱրմԻնֆո
40 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանում ներդրվում է գիհու անտառների վերականգնման փորձը: Առաջին 7 հազար տնկիները տնկվել են Սյունիքի մարզում` ՄԱԿ ԶԾ կլիմայի փոփոխման հետևանքներին լեռնանտառային էկոհամակարգերի հարմարեցման մակարդակի բարձրացման ծրագրի շրջանակներում:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պատմել է ծրագրի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանը, մասնագետները ծրագրում են վերականգնել Կապանի անտառտնտեսության 20 հազ տարածություն: «Վերջին 30-40 տարիների ընթացքում Հայաստանում գիհու անտառներ չեն տնկվել, քանի որ գիհին չի համարվում արժեքավոր փայտատեսակ: Միևնույն ժամանակ այն մեծ դեր է կատարում էկոհամակարգի պահպանման գործում, քանի որ աճում է էրոզիայի ենթարկված բնահողի վրա, իսկ տարիների ընթացքում բարենպաստ պայմաններ է ստեղծում այլ տեսակի անտառի աճի համար», - նշել է նա: Փորձնական ծրագրի շրջանակներում տնկվել է ընդամենը 7 հազար գիհու տնկի: «Տվյալ պահի դրությամբ մենք անց ենք կացնում արմատակալման դիտարկում: Առաջին արդյունքներն այնքան էլ բարձր չեն, սակայն մենք, միևնույն է, նախատեսում ենք շարունակել անտառի վերականգնման աշխատանքները: Մենք հույսեր ենք կապում աշնանային սերմնացանի հետ, ճիշտ է, թե որքանով այն իրեն կարդարացնի, մենք կիմանանք միայն մեկ-մեկուկես տարի անց, քանի որ գիհու սերմերը ծածկված են կոշտ թաղանթով, և աճում են որոշակի պայմանների պահպանման դեպքում», - նշել է Տեր-Զաքարյանը:
Ինչպես նշվել է, ծրագրի իրագործման համար ընտրված Կապանի անտառտնտեսության տարածքները 2006 թվականին տուժել են անտառային հրդեհի հետևանքով: «Այրված անտառը Գեղի գետի ափին է: Վտանգն այն է, որ եթե գիհու անտառը չվերականգնվի, ապա քարաթափման ժամանակ քարերը մշտապես կընկնեն գետի մեջ: Նշեմ, որ գիհուց բացի ծրագրի շրջանակներում կտնկվեն կաղնի ու ընկուզենի, որոնք նույնպես աճել են Կապանի անտառտնտեսության տվյալ տեղամասերում», - հաղորդել է Ա.Տեր-Զաքարյանը:
Ավելացնենք, որ ՄԱԿ ԶԾ կլիմայի փոփոխման հետևանքներին լեռնանտառային էկոհամակարգերի հարմարեցման մակարդակի բարձրացման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 900 հազար դոլար: Ծրագիրը ֆինանսավորում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը:
Սեպտեմբեր 28, 2010
