Տեղի բնակչության համար անտառից թափուկի դուրսբերումն անվճար կլինի

Տեղի բնակչության համար անտառից թափուկի դուրսբերումն անվճար կլինի

ԷկոԼուր - «Հայանտառ» ՊՈԱԿ-ից պաշտոնական կայք

«Հայանտառ»ՊՈԱԿ-ը ներկայացրել է անտառամերձ բնակավայրերի ընտանիքների կողմից ոչ արտադրական նպատակով օգտագործվող թափուկ վառելափայտի` անտառից անվճար դուրսբերման մասին կառավարության որոշման նախագիծը: 

Այժմ անտառից մեկ խորանարդ մետր թափուկի` բնական ճանապարհով ընկած ծառերի/ճյուղերի, դուրսբերումը սահմանված է 1200 դրամ: Առանց այդ վճարումը կատարելու թափուկի դուրսբերումը համարվում է ապօրինի անտառօգտագործում: 

Հաշվի առնելով անտառամերձ համայնքների բնակչության սոցիալական խնդիրները, սակավահող տարածքների ու գյուղատնտեսության համար անբարենպաստ հողերի առկայությունը, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի եւ գազի բարձր սակագները`«Հայանտառ» ՊՈԱԿ-ը տեղի բնակչությանը հնարավորություն  է ընձեռում անվճար օգտագործել թափուկ փայտանյութը: Յուրաքանչյուր տնային տնտեսության համար, կախված տվյալ անտառտնտեսությունում թափուկի առկայությունից, կնախատեսվի տարեկան որոշակի քանակության խորանարդ մետր թափուկ, որը վաճառքի ենթակա չէ: Միաժամանակ հսկողություն կսահմանվի թափուկ վառելափայտի բացթողման գործընթացի նկատմամբ: 

«Հայանտառ»ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Մաթեւոսյանի հավաստմամբ, «Որոշման ուժի մեջ մտնելը կնպաստի անտառամերձ բնակչության կողմից անտառօգտագործման օրինականացմանը, ապօրինի հատումների եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաեւ անտառի տարբեր հիվանդությունների կանխարգելմանը եւ սանիտարական վիճակի բարելավմանը»:

Հանրապետության անտառամերձ տարբեր համայնքներում կազմակերպված հանրային քննարկումների արդյունքում նախագիծը դրական արձագանք է ստացել համայնքների, տեղական իշխանությունների եւ ՀԿ-ների կողմից: Շահագրգիռ նախարարությունների կարծիքը ստանալուց հետո նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը:

Այս հարցը քննարկվում է դեռ անցյալ տարվանից: Ինչպես հայտարարել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, անտառում բավականաչափ թափուկ է առաջանում` տարեկան մոտավորապես 240 000խմ, սակայն այն դժվար հասանելի է:

Սեպտեմբեր 27, 2011 at 14:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր