

Սիրանույշ Գևորգյան, Էկոլուր
Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) «Հայաստան ծառատունկ» բարեգործական հիմնադրամի (Armenian Tree Project) և «Հայանտառ» պետական ոչ առևտային կազմակերպության հետ համատեղ Լոռու մարզի երեք գյուղական համայքներին կից անտառազուրկ տարածքներում իրականացրել է անտառատնկման աշխատանքներ: Ծրագիրի նպատակը կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումն է Հայաստանում անտառային լադնշաֆտների վերականգման միջոցով:
Այժմ Լոռու մարզի Արջուտ, Քարակերտ, Լեռնանցք գյուղերի հարակից բյուրների լանջերի վրա` ցանկապատված տարածքներում հավասար ուղղահայաց և հորիզանական գծերով երևում են փոքրիկ տնկիները, որոնք միայն 10-15 տարուց անտառ կդառնան:
Ինչպես տեղեկացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանը, այս ծրագիրը սկսվել է 2008 թվականին, սակայն բուն անտառատնկման աշխատանքներն իրականացվել են 2009-ի աշնանը և այս տարվա գարնանը: Ընդամենը երկու սեզոնի ընթացքում ATP-ը և «Հայանտառը» հասցրել են անտառապատել 630 հա տարածք:
«Մենք բավականին գոհ ենք արդյունքներից, 60-90 տոկոս կպչողականություն կա, հուսով ենք, որ անտառը կաճի»,-մայիսի 19-ին ծրագրի արդյունքներին ծանոթանալու նպատակով Լոռու մարզ այցելած լրագրողներին ասաց Բնության համաշխարհային հիմադրամի տնօրեն Կարեն Մանվելյանը` ավելացնելով, որ սա տարածաշրջանային ծրագիր է և իրականացվել է Կովկասի երեք երկրներում` Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում:
Ըստ Մանվելյանի` ծառատունկը դեռ բավարար չէ, անհրաժեշտ է նաև խնամել տնկարկները (խնամքը հիմնականում ներառում է քաղհանը, որպեսզի տնկիները «չխեղդվեն»):
«Մենք որոշ գումարներ կհատկացնենք երկու կազմակերպություններին, որ 1.5 տարի էլ իրենք խնամքը շարունակեն»,-ասում է Մանվելյանը:
Ընտրված տարածքների 230 հա-ի անտառապատումը (պետական սեփականության հողատարածքներում) իրականացրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, իսկ մնացած 400-ը, որ համայնքային հողեր են, իրականացրել է ATP բարեգործական հիմնադրամը:
Անտառապատված տարածքները հիմնականում դեգրադացված արոտավայրեր են եղել, որտեղ երկարատև գյուղատնտեսական օգտագործման` գերարածեցման արդյունքում բուռն զարգացում են ապրել էրոզիոն պրոցեսները:
«Հայանտառ»-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն ու ATP-ի տնօրեն Մհեր Սադոյանը շատ են կարևորում ծրագրի իրականացման ընթացքում Լոռու մարզի գյուղական համայնքների բնակչության ներգրավվածությունը անտառապատման աշխատանքներին` սկսած տնկանյութի աճեցումից, մինչև տնկման և ցանկապատման աշխատանքները:
Անտառատնկաման ժամանակ օգտագործված բոլոր տնկարկները բերվել են ATP-ի Լոռու մարզի Մարգահովիտի տնկարանից:
Ծրագիրի իրականացումը Հայաստանում ֆինանսավորել է Գերմանիայի Շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության ֆեդերալ նախարարությունը` KfW զարգացման բանկի միջոցով` տրամադրելով մոտ 1.5 մլն եվրո: Այս գումարից մոտ 1 մլն 200 000 եվրոն տրամադրվել է ATP-ին, իսկ մոտ 200 000-ը` «Հայանտառ» ՊՈԱԿ-ին:
Մանվելյանն ասում է, որ դոնորի կողմից հետագա ֆինանսավորման դեպքում իրենք նպատակ ունեն իրականացնել նաև ծրագրի երկրորդ փուլը, որը արդեն անտառապատված տարածքների խնամքից բացի կներառի նաև անտառապատում Հայաստանի հարավում:
«Այնտեղ արդեն կլինի անտառավերականգման աշխատանքներ` հիմնական շեշտը կդրվի այն վայրերի վրա, որոնք հազվագյուտ, անհետացող տեսակի կենդանիների ապրելավայրեր են»,-ասում է Մանվելյանը:
Ի դեպ, «Հայանտառի» գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն ասում է, որ Հայաստանում նկատվում է ապօրինի անտառահատումների նվազում:
«Օրինակ, 2003 թվականին «Հայատնառի» ենթակայության տակ գտնվող տարածքներում գրանցվել է 27 հազար ապօրինի ծառահատում, իսկ անցյալ տարի ապօրինի հատված և գրանցված ծառերի թիվը հասել է մոտ 2000-ի»,-ասում է Պետրոսյանը:
Մայիս 24, 2010
