ԴԻՄՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

ԴԻՄՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

ԷկոԼուր

2010թ. հունիսի 15-ին՝ Երեւանի Օրհուս կենտրոնում, տեղի ունեցավ «Գեգամետ պլյուս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր  Գասպարյանի, ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքների ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի, ընկերության այլ ներկայացուցիչների հետ  էկոլոգիական հասարակայնության աշխատանքային հանդիպումը: Հասարակայնության կողմից մասնակցեցին «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը, Հանրային խորհրդի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի կոլեգիայի անդամ, 1982-1991թթ. «Սեւան» ազգային պարկի տնօրեն Գագիկ Սուխուդյանը, փորձագետ-հիդրոլոգ Քնարիկ Հովհաննիսյանը, «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեց Սեւանի ավազանում վերամշակող արտադրության նախագիծը:

Խոսքը Շորժայի դունիտ-պերիդոտիտային հանքավայրի մասին է, որն արդեն երկու տարի է՝ շահագործում է վերոնշյալ ընկերությունը: Շորժայում գործարան կառուցելու մասին ընկերությունը հայտարարեց 2008թ. նոյեմբերին: 2010թ. մարտին «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը հայտնաբերեց, որ ձեռնարկությունն ակտիվորեն կառուցվում է, եւ որ կատարվում է հումքի բաց վերամշակում: Նշենք, որ շինարարությունը սկսվել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձագիտական եզրակացության բացակայության պայմաններում: Նախարարությունը մերժել էր նախագիծը` հղում անելով «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի վրա: Օրենքի 10-րդ հոդվածն արգելում է հանքանյութերի վերամշակման գործունեություն Սեւանի ավազանում: Նշենք նաեւ, որ ապրիլի 28-ին հայտարարված հասարակական լսումներում Շորժայում չեն մասնակցել ո՛չ հասարակայնության, ո՛չ «Սեւան» ազգային պարկի ներկայացուցիչները:

Տեղեկատվությունը տարածվեց «ԷկոԼուր»-ի թեժ գծով  եւ մամուլով: 2010թ. հունիսի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ով ձեռնարկության համասեփականատերերից մեկն է, «ԷկոԼուր»-ին հայտնեց, որ ձեռնարկությունը էկոլոգիապես մաքուր է, եւ որ ընկերությունը պատրաստ է ապացույցներ ներկայացնել: Մտքերի փոխանակումը տեղի ունեցավ հունիսի 15-ին:

Նախագծի վերաբերյալ ընկերության հիմնական փաստարկները հետեւյալն էին`

1. գործարանը վերամշակող ձեռնարկություն չէ, քանի որ տեղի է ունենում միայն մանրացում եւ գրավիտացիոն տեսակավորում, իսկ այդ գործընթացները, Վ. Գասպարյանի խոսքերով, վերամշակման գործընթացի մեջ չեն մտնում

2. ձեռնարկությունը թափոն չի ունենալու, քանի որ ապարի մնացած մանրացված մասը ձեռնարկատերերը մտադիր են շաղ տալ Սեւանի ափերին` որպես «մաքրող զտիչ», ակադեմիկոս Գրիգորյանի բացատրելով` ապարը որձաքար է՝ քրոմի եւ ալյումինի օքսիդների խառնուրդով, որոնք չեն քայքայվում շրջակա միջավայրում եւ սուլֆիդներ չեն պարունակում

3. «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը չի խախտվում, քանի որ օրենքում արգելվում է հանքանյութի վերամշակումը, այլ ոչ ապարի, հանքավայրի պարունակությունը, Վ. Գասպարյանի խոսքերով, ոչ թե հանքանյութ է, այլ ապար:

4. ձեռնարկությունը թույլ կտա ստեղծել 300 աշխատատեղ, ինչը տարածաշրջանի համար կարեւոր սոցիալական աջակցություն է:

Արդեն իսկ կառուցված մասնաշենքի եւ ապարը բաց եղանակով մշակելու վերաբերյալ Վ. Գասպարյանը հայտնեց, որ դա գործարանի մասնաշենք չէ, այլ հին սարքավորում, որը փակել են միջանցքերով՝ առաջացող փոշին որսալու համար: Իսկ ինչ վերաբերվում է բաց եղանակով մշակմանը, ապա նրա խոսքերով` մանրացված հանքանյութը մնացել է դեռ վաղ ժամանակներից, երբ այնտեղ աշխատել է հրադիմացկուն աղյուսի արտադրության փորձարարական ձեռնարկություն:

Նախագծի դեմ հասարակայնության փաստարկները հետեւյալն էին`

1. «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որը արգելում է հանքանյութի վերամշակման գործունեություն Սեւանի ավազանում, ուղղակիորեն վերաբերվում է տվյալ ձեռնարկությանը, քանի որ մանրացումը եւ գրավիտացիոն տեսակավորումը վերամշակման ընթացքի արտադրական փուլի մաս են կազմում

2. փաստարկը, որ դա հանքանյութ չէ, այլ ապար, պարզապես բառերի փոխարինում է, քանի որ oրենքի արգելքը վերաբերվում է հանքանյութի վերամշակման գործունեությանը

3. ապարի մի մասը, որն ընկերությունը Սեւանի համար «էկոլոգիական զտիչ» է համարում, կարող է վտանգ ներկայացնել Սեւանի ջրահավաք ավազանի համար, քանի որ այն արդյունահանվել է բնական էկոհամակարգից, մանրացվել է տեսակավորման գործընթացում, պարունակում է ծանր եւ տոքսիկ տարրեր, եւ, ըստ էության,  թափոն է, հնարավոր ռիսկերի վերաբերյալ եզրակացություն պետք է տան անկախ փորձագետները

4. խախտվել է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը, քանի որ հանքավայրի շահագործումը ոչնչացնում է Արեգունի լեռնաշղթան, որը լճի էկոհամակարգի եւ լանդշաֆտի անբաժանելի մասն է

5. խախտվել է Լանշաֆտների պահպանման Եվրոպայի կոնվենցիայի դրույթը, որը Հայաստանը վավերացրել է 2003թ.

6. անհրաժեշտ է անկախ գնահատական, թե որքանով է նախագիծը համապատասխանում «Հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքին», («Սեւան» ազգային պարկի ազդեցության գոտի), որքան է համապատասխաում «Կենդանական աշխարհի պահպանման մասին» ՀՀ օրենքին, «Կենսաբազմազնության պահպանման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, ՀՀ Ջրային օրենսգրքին:

Հաշվի առնելով Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման ազգային ռազմավարական առաջնահերթությունը, ինչպես նաեւ այն, որ Սեւանի ավազանում «Գեգամետ պլյուս»  ընկերության գործունեությունը չի համապատասխանում ազգային օրենսդրության դրույթներին, չի անցել հասարակական լսումներ, շինարարություն է ծավալելու շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության եզրակացության բացակայության պայմաններում` առաջարկում ենք`
• մինչեւ տվյալ նախագծի փաստաթղթերի նոր փաթեթը քննելը կազմակերպել ընդլայնված հասարակական լսումներ
• գնահատման համար նախագիծը ներկայացնել անկախ փորձագետների
• կանգնեցնել շարունակվող շինարարությունը մինչեւ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության եզրակացության ստանալը:

«ԷկոԼուր»-ի դիմումին միանում են հանդիպման մասնակիցներ Գագիկ Սուխուդյանը եւ Քնարիկ Հովհաննիսյանը:

Հուլիս 06, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր