Նահատակ պոչամբարի հարևանությամբ բնակվող Դանիելյանների ընտանիքը նոր տուն ունի, բայց չի կարողանում տեղափոխվել

Նահատակ պոչամբարի հարևանությամբ բնակվող Դանիելյանների ընտանիքը նոր տուն ունի, բայց չի կարողանում տեղափոխվել

ԷկոԼուր

Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի Նահատակ պոչամբարի հարևանությամբ բնակվող Դանիելյանների ընտանիքը նոր տուն ունի։ ԷկոԼուրի հետ զրույցում Հարություն Դանիելյանը նշեց, որ Նահատակի պոչամբարը շահագործող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն գնել է իր տունը, իսկ վճարված գումարով իրենք գյուղում գտնվող մեկ այլ տուն են գնել։ 

«Ես եմ գտել տունը՝ գյուղի վերջում, սարերի վրա։ Պոչամբարից մոտ մեկ կմ հեռու է։ Ոչ բաղնիք կա, ոչ զուգարան, պետք է ամեն ինչ սարքվի։ Մինչև հիմա տանտերը միջին է։ Պետք է գնար Ռուսաստան, կոմբինատը գումարը ուշացրեց, ընկանք էս կառանտինի բերանը, չգնաց։ Ամբողջ գործարքն արված է։ Կոմբինատն ինձ վճարել է 6000 դոլար։ Ասել է, թե այսքան կարող եմ վճարել։ Ես էլ ստիպված, այնքան է, թե այստեղից գնամ, համաձայնվեցի։ Տան ամբողջ առքուվաճառքի գործարքն ավարտված է։ Հիմա սպասում ենք, որ ինքնաթիռ լինի, նախկին տանտերը գնա», - ասաց Հարություն Դանիելյանը։  

Ըստ Դանիելյանի՝ նոր տունը ձեռք է բերել 7000 դոլարով։ Որքան էլ կոմբինատից իր տան համար նույնքան գումար է պահանջել, չեն համաձայնել։ «Ասացի՝ այդ դեպքում իմ տան մատերիալը կքանդեմ, կվաճառեմ, իմ հազար դոլարը կդզեմ, էդ մարդկանց կտամ։ Ասացին՝ հարց չկա: Հիմա էլ ասում են, թե տունն իմն է, ոչ մի բան չպետք է քանդես։ Ես ուզում էի գոմը քանդել, տանել, հին բան է։ Սկզբից դա էլ չէին թողնում։ Իրենց ինչի՞ն է պետք ժանգոտած տրուբեն կամ կոտրած չափարը։ Իսկ ինձ պետք է, որ տանեմ վերևը, օգտագործեմ։ Բայց ես քանդելու եմ։ Վերջում, իհարկե, տեղի տվեցին», - ասաց Դանիելյանը։  

Դանիելյանի խոսքով, օրեր առաջ իրենց են այցելել «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ՝ պահանջելով ազատել արդեն կոմբինատին պատկանող տունը: «Ասեցին, թե քեզ մի քանի օր ժամանակ, դուրս արի։ Բայց ես հիմա չեմ կարող գնալ։ Ժամանակ խնդրեցի։ Հիմա 15 օր ժամանակ են տվել»,- ասաց նա։ 

Անդրադառնալով ընկերության կողմից կոմբինատում աշխատանքի տեղավորելու նախկին խոստումներին՝ Դանիելյանն ասաց, որ այդ հարցով չի հետաքրքվել․  «Երևի չի էլ լինի, չենք խոսել, որովհետև հարաբերությունները լավ չեն հիմա»։

Մինչ գյուղում տուն գտնելը, կոմբինատը Դանիելյանների ընտանիքին առաջարկել էր տեղափոխվել Շամլուղում գտնվող ընկերությանը պատկանող բնակարաններից որևէ մեկը․ «Շամլուղում բաց հանքեր ունեն։ Գետնի տակին տրաքացնում են, տները ճաքում են, փլվում։ Ստիպված առել են այդ տները։ Առաջարկում էին վերանորոգել, մեզ տալ մի տուն։ Բայց այն ավելի վատ տեղ է, քան այստեղ։ Դրա համար չգնացի։ Դա նույնն է, թե ինչ-որ մեկին իմ՝ պոչամբարի հարևանությամբ գտնվող տունը առաջարկեին»,- նշեց Դանիելյանը։  

Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 25-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «SOS Մեծ Այրում» շարժման անդամները Մեծ Այրում գյուղում կազմակերպել էին հանրային պահանջի արշավ՝ ի պաշտպանություն Նահատակի պոչամբարի կողքին բնակվող Դանիելյանների ընտանիքի: «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն արձագանքել էր և Դանիելյանի բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ընտանիքին առաջարկել Ախթալայում կամ Շամլուղում ձեռնարկությանը պատկանող այլ համարժեք բնակարաններ։ 

Լուսանկարը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից

Ապրիլ 03, 2020 at 19:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր