ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Սյունյաց Երկիր

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը ամփոփեց ՀՀ կառավարության կողմից տրամադրված 14 մլն դոլար կայունացման վարկի շրջանակներում հակաճգնաժամային ներդրումային ծրագրի իրականացման միջանկյալ արդյունքները:

Հիշեցնենք, որ կապված անցյալ տարվա սուր ճգնաժամային երեւույթների հետ, որի հետեւանքով Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը նկատելիորեն տուժեց միջազգային շուկայում հումքի գների կտրուկ անկման հետեւանքով, ՀՀ կառավարությունը 2009թ. հունիսին, լեռնահանքային արդյունաբերությունը խթանելու նպատակով որոշում կայացրեց ( Որոշում՝ 719-A) հանքարդյունաբերական երեք ընկերությունների` «Զանգեզուր մայնինգ»-ին, «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ին եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին բյուջետային վարկ տրամադրելու վերաբերյալ: «ԱՊՄԿ»-ին տրամադրվեց 14մլն. դոլար վարկ` մարման չորս տարի ժամկետով եւ LIBOR +8% դրույքաչափով` ինքնարժեքի իջեցման եւ արտադրության մրցունակության բարձրացման նպատակով:

Ինչպես հաղորդեցին Հայաստանում GeoProMining-ի մամուլի ծառայությունից, որին պատկանում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը», ծրագիրը նախատեսում է համակարգված մոտեցում, այդ թվում, կապիտալ ներդրումների իրականացում` ուղղված արտադրության արդիականացմանը, միջին օղակի աշխատակիցների որակավորման բարձրացում, ինչպես նաեւ ձեռնարկության կազմակերպչական կառուցվածքի փոփոխություններ: Ներդրումային ծրագիրը ներառում է հանքավայրի տեխնիկական վերազինումը եւ ֆաբրիկայի վերակառուցումը:

Այսպիսով, 2009թ. աշնանը հանրապետություն բերվեցին «ԲԵԼԱԶ» մակնիշի 55 տոննա կարողությամբ հինգ ինքնաթափեր, որոնք արդեն շահագործվում են: Ձեռք բերվեցին նաեւ «ԲԵԼԱԶ» մակնիշի անվավոր բեռնիչներ, երկու անվավոր տրակտորներ եւ մեկ տրակտոր` բուլդոզերային եւ փխրեցնող սարքավորումներով: Կոմբինատը ձեռք բերեց նաեւ Caterpiller 345 CL, որը ներկայումս փոխադրման ընթացքում է: Լեռնահանքային արդյունաբերության սարքավորումների ձեռք բերումը կոմբինատի հակաճգնաժամային ծրագրի մի մասն է կազմում, այն ուղղված է արդունահանման ծավալների բարձրացմանը եւ հանքավայրի արդյունավետ շահագործմանը:

Ծրագրի շրջանակներում, ինչպես նշեցին մամուլի ծառայությությունից, 2009թ. նոյեմբերին ընկերությունը ձեռք բերեց եվրոպական արտադրության Metso Minerals նոր ֆլոտացիոն սարքավորում, որը համապատասխանում է անհրաժեշտ բոլոր տեխնիկական պահանջներին: Ֆլոտացիոն սարքավորումը կտեղադրվի կոմբինատի նոր կառուցված մասնաշենքում, որտեղ պլանավորվում է տեղադրել լրացուցիչ հզորություններ արտադրողականության աճը ապահովելու համար:

2009թ. օգոստոսին GeoProMining-ը միջազգային «Մեխանոբր» ընկերությանը հանձնարարեց մշակել կոմբինատի վերակառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը: Վերակառուցման նախագիծը պատրաստ կլինի 2010թ. դեկտեմբերին: Նախագծի հիմքում դրվում է նոր կոմբինատի կառուցման եւ գործող ձեռնարկության նորացման համալիր մոտեցումը, որը ներառում է արդյունավետ տեխնոլոգիաների մշակում, ժամանակակից նախագծակոնստրուկտորական լուծումների կիրառում եւ բարձր տեխնիկատնտեսական ցուցանիշներ ունեցող տեխնոլոգիական սարքավորումների ներդրում: Նախագծողը իր կողմից առաջարկել է նոր տեխնոլոգիաների կիրառում, որի իրականացումը թույլ կտա իջեցնել արտադրանքի ինքնարժեքը եւ ավելացնել խտանյութի ստացումը: Արդյունքում արտադրության ծավալները կաճեն, խտանյութի ստացումը կավելանա 2-3%-ով, եւ առնվազն 10%-ով կնվազեն արտադրության ծախսերը:

Դրա հետ մեկտեղ, «Մեխանոբր» ինստիտուտը պայմանագիր է կնքել Հայաստանի լեռնամետալուրգիայի ինստիտուտի հետ նախագծի իրականացման գործում համագործակցության վերաբերյալ:

Բացի այդ, 2010թ. հունիսին կոմբինատը կսկսի երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի իրականացումը, որի արդյունքում հանքաքարի պաշարները հանքավայրում կավելանան մինչեւ 160 մլն. տոննա:

2010թ. առաջին կիսամյակում ընկերությունը գերակատարեց մակաբացման աշխատանքների ծավալները, վերջին 20 տարիների ընթացքում այն հասցնելով ռեկորդային ծավալների: Նախատեսվում է իրականացնել 2 200 000 խորանարդ մետր մակաբացման աշխատանքներ, ինչը նշանակալի չափով կբարձրացնի հանքի մշակման արդյունավետությունը:

2010թ. 6 ամիսների ընթացքում, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2009թ. երկրորդ կիսամյակի մշակման ծավալների համեմատ պղնձի խտանյութի արտադրությունը ավելացրեց՝ 12,29%, եւ մոլիբդենի խտանյութինը՝ 2.4%-ով: Արտադրության ծավալները կազմեցին 15,159 տոննա պղնձի եւ 254 տոննա մոլիբդենի խտանյութ:

Ներկայումս ընկերությունը շարունակում է ներդրումային ծրագրերի հերթական փուլերի իրականացումը:

2009թ. դեկտեմբերից ընկերությունը սկսել է կատարել վարկի գումարի մարման վճարումները: Ընկերությունը պլանավորում է վարկի գումարներն ամբողջությամբ յուրացնել 2010թ.: Վերակառուցման ծրագիրը նախատեսում է հավելյալ ներդրումներ:

«Գեոպրոմայնինգ» խմբի Հայաստանյան ներկայացուցչության մամլո ծառայություն

Օգոստոս 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր