Ինչ եղանակով է ռեկուլտիվացվելու «Նահատակի» պոչամբարը, հանրային լսում Ախթալայում 

Ինչ եղանակով է ռեկուլտիվացվելու «Նահատակի» պոչամբարը, հանրային լսում Ախթալայում 

Փետրվարի 9-ին Ախթալայում տեղի ունեցավ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Նահատակի պոչամբարի ռեկուլտիվացման ՇՄԱԳ հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը: Առաջին քննարկումը տեղի էր ունեցել դեռևս 2020թ. օգոստոսին:

Հանրային քննարկմանը ներկա էին Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանը, «Ախթալայի ԼՀԿ»-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը, պոչամբարի ռեկուլտիվացման հայտի հեղինակ «Ակունք-Ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Յուրի Պապինյանը, Ալավերդու «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, «Ակունք-Ֆիրմա»-ի և ՇՄ նախարարության այլ ներկայացուցիչներ: Համայնքի բնակիչներ քննարկմանը ներկա չէին: 

«Ակունք-Ֆիրմա»-ի իրականացրած հաշվարկի համաձայն՝ Նահատակի պոչամբարի ամբողջական ռեկուլտիվացիան կտևի 2,4 տարի:  Պոչամբարի ռեկուլտիվացիայի համար երկու տարբերակ է առաջարկվել: Ըստ «Ակունք-Ֆիրմա»-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանի՝ երկու տարբերակի դեպքում էլ այն կընթանա երկու փուլով: «Առաջին տարբերակի առաջին փուլը լեռնատեխնիկական ռեկուլտիվացիան է, երկրորդը՝ կենսաբանական ռեկուլտիվացիան, որի դեպքում պոչամբարի մակերեսը նախատեսվում է ևս 20 սմ հողի բերրի շերտով ծածկել: Կիրականցվի ցանք տեղին հատուկ բուսականությամբ»,- նշեց նա: Երկրորդ տարբերակի դեպքում առաջարկվում է հողի փոխարեն հիդրոցանք կատարել: «Ստեղծվում է արհեստական կոմպոստ, դրանով ամրացնում են մակերեսը, կանաչապատում: Հիդրոցանքը երկու շաբաթում միանգամից կանաչում է: Նախատեսել ենք այս տարբերակը, քանի որ հիմա հողեր չեն վաճառվում: Բայց մեզ կոմբինատի ղեկավարությունն ասել է, որ ճանապարհաշինարարական աշխատանքներ են տարվել, և կարող ենք հողի բերրի շերտն օգտագործել պոչամբարի ռեկուլտիվացիայի համար», - նշեց Հովհաննես Նիկողոսյանը:  

 Յուրի Պապինյանն իր հերթին նշեց, որ Լոռու մարզպետարանն առաջարկել էր, «Նահատակի» պոչամբարի ռեկուլտիվացիան իրականացնելիս, հենվել «Նազիկ» պոչամբարի ռեկուլտիվացիայի փորձի վրա: «Այդ տարբերակը փորձարկված է: Ռեկուլտիվացիայից հետո տարածքում ցանել են ոչ բերքատու ծառեր և նրանք բավական հաջող աճում են»,- նշեց նա: Օլեգ Դուլգարյանը նկատեց, որ «Նազիկ» պոչամբարի ռեկուլտիվացիայի փորձը բնավ հաջող չէ: «Տեղեկատվություն ունեմ, որ առկա է թափոնակույտերի քարտեզագրում, ըստ որի՝ «Նազիկը» ենթակա է վերառեկուլտիվացման: Անգամ անզեն աչքով երևում է, որ հողը դեղին է, թափոնները դուրս են գալիս, անձրևաջրերի հետ են խառնվում: Ըստ պետական դիտարկումների՝  Նազիկ պոչամբարն անորակ կամ սխալ են ռեկուլտիվացրել»,- նշեց Օլեգ Դուլգարյանը: Արձագանքելով վերջինիս՝ Յուրի Պապինյանը նշեց. «Դա առաջարկներից մեկն էր: Մի քանի տարբերակներ կան. քննարկումներից ու հաշվարկներից հետո կընտրվի լավագույն տարբերակը»:

Դիմելով Ախթալայի համայքնապետ Արկադի Թամազյանին՝ Օլեգ Դուլգարյանն ասաց, որ հաջորդ հանրային լսումներին պետք է փորձել ներգրավել նաև համայնքի բնակիչներին. «Պետք է ապահովել համայնքի բնակիչների մասնակցությունը: Այս հարցում շահագրգիռ են ազդակիր համայնքի բնակիչները: Գուցե իրենք էլ առաջարկություններ ունենան նախագծի վերաբերյալ»,- ասաց նա: 

Ներկայում Նահատակի պոչամբարում որոշակի աշխատանքներ են տարվում: Ըստ Օլեգ Դուլգարյանի՝ դա ոչ թե ռեկուլտիվացիա է, այլ պատնեշների բարձրացում, որպեսզի հնարավոր լինի պոչամբարը շահագործել:  Օլեգ Դուլգարյանը ընկերության ներկայացուցիչներից հետաքրքվեց, թե չեն խանգարելու այդ աշխատանքները պոչամբարի հետագա ռեկուլտիվացմանը: Սամվել Խաչատրյանն արձագանքեց. «Շերտ-շերտ չորացնելով առաջ ենք գնալու: Միաժամանակ երկու հարց ենք լուծում. պոչերն այսօր տանում ենք բացհանքը, բարձրացնում ենք, ռելիեֆը վերականգնում: Բացահանքի դատարկ տարածքը բարձրացնում ենք, երկու ռեկուլտիվացիա ենք անում մի նախագծով»: Մինչդեռ «Ակունք-Ֆիրմա»-ի ներկայացուցիչը նշեց, որ միաժամանակյա ռեկուլտիվացիան և շահագործումը տեխնիկապես հնարավոր չէ իրագործել և ռիսկեր է պարունակում: 

Հանդիպումից հետո ԷկոԼուրի հետ զրույցում Օլեգ Դուլգարյանը նշեց, որ պոչամբարի ռեկուլտիվացման հայտի վերաբերյալ իր հիմնական մտահոգությունը վերաբերում է ռեկուլտիվացիայի մեթոդաբանությանը, ֆինանսական միջոցներին և ռեկուլտիվացիայից հետո տեղի ունեցող բնապահապանական ու առողջապահական ռիսկերը վերացնելուն: «Մեր առաջարկներն ուղարկել ենք, բայց դրանք դեռևս չեն ընդունվել, կամ ընկերությունը տեղյակ չէ այդ առաջարկությունների մասին: Ռեկուլտիվացիան պետք է իրականանա այնպիսի միջոցառումներով, որոնք պետք է նվազեցնեն ռիսկերը, այդ թվում՝ սոցիալական և առողջապահական մասով: Միջոցառումները պետք է ուղղվեն բնակչության արդեն ստացված առողջապահական և բնապահպանական վնասների փոխհատուցմանը»,- ասաց նա:

 



Փետրվար 15, 2021 at 17:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր