Քաղաքացիական հասարակությունն ընդդեմ Ամուլսարի ծրագրի. Մաս 3

Քաղաքացիական հասարակությունն ընդդեմ Ամուլսարի ծրագրի. Մաս 3

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Բեռնի կոնվենցիայի քարտուղարությանն է ներկայացրել իր դիրքորոշումը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների բողոքի առնչությամբ, որում նշված է.

«Հարգելի գործընկերներ,

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն իր հարգանքներն է հղում Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիայի քարտուղարությանը և հայտնում իր երախտագիտությունը համաշխարհային բնության պահպանման գործում երկրներին համախմբելու շուրջ ամուր համագործակցության և ունեցած ներդրման համար:

Ինչ վերաբերվում է Անդրեյ Ռալեֆի բողոքին՝ ներկայացված «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի, «CEE Bankwatch» ցանցի անունից, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այդ հարցը մեր օրակարգում է:

2008թ.՝ Բեռնի կոնվենցիայի ստորագրումից և վավերացումից ի վեր, Հայաստանն աշխատել է Էմերալդ ցանցի հիմնադրման ուղղությամբ՝ Բեռնի կոնվենցիայի 4-րդ բանաձևի (1994թ.) և 6-րդ բանաձևի (1998թ.) համաձայն: Համապատասխանաբար, 2017թ. Կոնվենցիայի քարտուղարություն ներկայացվել է Էմերալդ ցանցի թեկնածու տարածքների նոր ցանկը Հայաստանի Հանրապետության համար (վերբեռնված է այստեղ):

Ներկայացված թեկնածու տարածքների ցանկը մշակվել է մասնագետների և փորձագետների համատեղ ջանքերով, ընդ որում, առաջարկվել է և´ ընդլայնել նախկինում ներկայացված տարածքների սահմանները, և´ ներառել նոր տարածքներ: Արդյունքում, թեկնածու տարածքների նոր ցանկը կազմել է ավելի քան 1 միլիոն հա տարածք ունեցող 23 պոտենցիալ տարածք, որը կազմում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի 34,7%-ը` ներառյալ «Ջերմուկ տարածքը», «Սևան» ազգային պարկը, «Գորհայք» տարածքը և այլ տարածքներ, որտեղ ընթանում են խոշոր արդյունաբերական և տնտեսական աշխատանքներ:

Թեկնածու տարածքների վերոնշյալ ցանկը պաշտոնապես համաձայնեցված չէր ո՛չ Շրջակա միջավայրի նախարարության (նախկին Բնապահպանության նախարարություն) հետ, ոչ էլ շրջանառվել էր համապատասխան այլ պետական գերատեսչական մարմինների հետ նախքան Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն ներկայացնելը: Մենք ներկայումս հետաքննում ենք այս ընթացակարգային խախտումը և հաջորդաբար միջոցներ կձեռնարկենք դրա լուծման ուղղությամբ:

Կցանկանայի նշել նաև, որ մի շարք փորձագետներ և մասնագետներ, ովքեր մասնակցում էին թեկնածու տարածքների մշակման նախագծին, պայմանագրային կերպով ներգրավված էին որպես «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի ոսկու հանքավայրի ՇՄԱԳ-ի մշակման փորձագետներ: Այս հանգամանքը ենթակա է հետագա հետաքննության նախարարության կողմից և, հնարավոր է, որ նաև այլ համապատասխան մարմինների կողմից:

Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև այն փաստը, որ Կոնվենցիայի շրջանակներում կազմակերպված տարբեր միջոցառումների ընթացքում քննարկվել է Էմերալդ ցանցի թեկնածու տարածքների վերանայման հարցը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է նախկինում ներկայացված ցուցակի վերանայում և օպտիմալացում:

Թեկնածու տարածքներին առնչվող ապացուցողական, ստույգ և համապատասխան տվյալներ ապահովելու համար պահանջվում են լրացուցիչ ծավալուն դաշտային աշխատանքներ: Նշված գործողություններն իրականացնելուց հետո Շրջակա միջավայրի նախարարությունը կներկայացնի և պաշտոնապես Կոնվենցիայի քարտուղարությանը կփոխանցի Էմերալդ ցանցի թեկնածու տարածքների օպտիմալացված ցուցակը:

Թույլ տվեք ևս մեկ անգամ կրկնել, որ մենք հավատարիմ ենք Բեռնի կոնվենցիայով ստանձնած մեր պարտավորություններին և պատրաստ ենք տրամադրել ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն այս խնդրի վերաբերյալ»:

Պետք է նշել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության դիրքորոշումը  քննարկվել է սեպտեմբերի 15-16-ին տեղի ունենած Բեռնի կոնվենցիայի բյուրոյի 2-րդ նիստի ընթացքում:

Անկասկած, Հայաստանի կառավարությունը, հայտնվելով բարդ քաղաքական և տնտեսական իրավիճակում, ելք է փնտրում և գտնում այն Ամուլսարի ծրագրի մեջ ներդրումներում: Դրա հետ մեկտեղ հաշվի չի առնում, որ Ամուլսարի ծրագրի ջատագովներն ընդհանուր ոչինչ չունեն պետական շահի հետ, եվրոպական համայնքի հետ ինտեգրման համար վերցրած ուղղության հետ, վերցված միջազգային պարտավորությունների կատարման հետ:

Կառավարությունը պետք է գիտակցի, որ ինչ գին էլ չունենա Ամուլսարի ծրագիրը, այդ գումարները շատ փոքր են նավթային և գազային գումարների համեմատ, և Ամուլսարի ծրագրի առևտրայնացումը չի բերի ոչ քաղաքական, ոչ տնտեսական օգուտ: Ընդհակառակը, մենք պետք է կողմնորոշվենք դեպի եվրոպական առաջնահերթություններ, դեպի միջազգային հարթակում պատասխանատու մասնակիցի վարկանիշը: Միայն այս դաշտում ձեռք բերելով քաղաքական կշիռ և հավանականություն՝ աջակցություն կստանանք եվրոպական համայնքի կողմից, այլ ոչ առանձին անխանց խմբի կողմից, որոնք հետաքրքրված են միայն շահույթ ստանալու մեջ:

Մարտ 29, 2021 at 18:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր