Դադարեցվել է «Թաթսթոուն» ՍՊԸ-ին տրված Լիճքի պղնձի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը

Դադարեցվել է «Թաթսթոուն» ՍՊԸ-ին տրված Լիճքի պղնձի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի 2021թ. մայիսի 12-ի 729-Ա հրամանով դադարեցվել է «Թաթսթոուն» ՍՊԸ-ին տրված Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը: Ուժը կորցրած է ճանաչվել 2013թ. տրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը ու լեռնահատկացման ակտը, լուծարվել ընդերքօգտագործման պայմանագիրը: Ընկերությունը ընդերքօգտագործման թույլտվությունը ստացել էր 2013թ-ին մինչև 2028թ. ժամկետով:

Որպես ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման պատճառ հրամանում նշվում է հանքավայրում արդյունահանման աշխատանքներ չիրականացնելը, ինչպես նաև 2020թ. դրությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի և մշտադիտարկումների մասով ընկերության ապառքները՝ համապատասխանաբար 100 հազար 490 և 250 հազար դրամի չափով:  

Վերոնշյալ խախտումների վերաբերյալ «Թաթսթոուն» ՍՊԸ-ին 2020թ. մարտին տրվել է գրավոր զգուշացում 90-օրյա ժամկետում խախտումերը վերացնելու պահանջով: Ընկերությունը խախտումները մասամբ է վերացրել: Վերջինս կատարել է պահանջվող վճարումները, դրանց վճարման հանձնարարականները ներկայացրել լիազոր մարմնին, սակայն արդյունահանում չի իրականացրել:

Նշենք, որ հանքավայրում իրականացվող լեռնակապիտալ աշխատանքները դադարեցվել են 2018 թվականից:

Հարց է առաջանում, թե ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման դեպքում որ մարմինն է վերականգնելու «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից իրականացված լեռնակապիտալ աշխատանքների արդյունքում խախտված հողատարածքները: Ընկերությանը հատկացված ընդերքի տեղամասի մակերեսը կազմում է 26.1 հա: Ազդակիր Լիճք բնակավայրի վարչական ներկայացուցիչ Հովհաննես Միրզոյանի համաձայն՝ «Թաթսթոուն» ընկերությունը Լիճքի հանքի շահագործման համար Լիճքից գնել է 156,16 հա հողատարածք:

Հունիս 04, 2021 at 16:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր