Հանքարդյունաբերությամբ համայնքները չզարգացան. Ինչպե՞ս փրկել դատարկվող գյուղերը

Հանքարդյունաբերությամբ համայնքները չզարգացան. Ինչպե՞ս փրկել դատարկվող գյուղերը

Մեղրիի տարածաշրջանի գյուղերը՝ Լիճքը, Վարդանիձորը, Թխկուտն ու Այգեձորը դատարկվում են: Պատճառը աշխատատեղերի բացակայությունն է, սոցիալ-տնտեսական խնդիրները, ավանդական գյուղատնտեսությունից հրաժարվելը: Վերջին տարիներին Լիճքում փակվեց միջնակարգ դպրոցը:

Լիճք

Այգեձոր

Լիճք

Վարդանիձոր

Վարդանիձոր

Վարդանիձոր

Այս համայնքները գտնվում են Լիճքի պղնձի հանքավայրի, ինչպես նաև Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թխկուտի տեղամասի ազդեցության գոտում: Այս հանքերի շահագործման համար 2012 և 2013 թվականներին ընդերքօգտագործման իրավունք է ստացել «Թաթսթոուն» ՍՊԸ-ն: Ընկերությունը հանքը չի շահագործել: 2020թ. ընկերության համաձայնությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով դադարեցվել է Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թխկուտի տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը, լուծարվել ընկերության ընդերքօգտագործման պայմանագիրը: Թեպետ Լիճքի պղնձի  հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը ուժի մեջ է, սակայն այդ հանքավայրը նույնպես չի շահագործվել: Հանքավայրում իրականացվող լեռնակապիտալ աշխատանքները պարբերաբար դադարեցվում են՝ սկսած 2018 թվականից:

Լիճքում է գտնվում Մեղրի քաղաքի և հարակից բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ սանիտարական գոտին։ Տեղացիներն անհանգստացած են, որ հանքի շահագործման դեպքում ջրի աղբյուրները կաղտոտվեն: Հանքի շահագործման դեմ մեղրեցիներն անգամ բողոքի ակցիաներ են անցկացրել: Նամակ ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարին  «Թաթսթոուն» ՍՊԸ-ի Լիճքի պղնձի հանքավայրի ծրագրին 2015 թ-ին տրված բնապահպանական փորձաքննական դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու պահանջով, որը լուծում չստացավ:

Մեղրի գետի և Զվարագետի աղտոտման մասին նշեց Լիճքի վարչական ներկայացուցիչ Հովհաննես Միրզոյանը: «Հանքի մոտ մեր խմելու երկու գետերն են, միանշանակ աղտոտվելու էին: Բայց օր օրի ապրելը դժվարանում է, բոլորն էլ ուզում են աշխատատեղ լիներ, աշխատեին…», - ասաց նա:

Ըստ Հովհաննես Միրզոյանի՝ «Թաթսթոուն» ընկերությունը Լիճքի հանքի շահագործման համար Լիճքից գնել է 156,16 հա հողատարածք՝ 1 քառակուսի մետրի դիմաց վճարելով 800 դրամ: Ընդերքօգտագործման պայմանագրով հանքի շահագործման համար 10 հա տարածքում նախատեսվում էր 860 հատ ծառի հատում։ Հովհաննես Միրզոյանը նշեց, որ այդ տարածքում թփուտներ են եղել: Որպես փոխհատուցում երկու տարի առաջ ընկերությունը 2000 հատ ծառ է տնկել:

Մինչ համայնքային խոշորացումը ընկերությունը գյուղում սոցիալական ծրագրեր է իրականացրել: «Սոցիալական աջակցության մասով «Թաթսթուոնն» արել է՝ ուսման հարցով կլիներ, թե՝ բժշկական: Մարդիկ դիմել են՝ տվել են, Ամանորին են օգնել, մեր համայնքի լուսավորությունն ամբողջությամբ լեդ լամպերով են փոխել»,- նշեց Հովհաննես Միրզոյանը: Համայնքների խոշորացումից հետո իրականացված ծրագրերի մասին Լիճքի վարչական ղեկավարը քաջատեղյակ չէր: «Խոշորացումից հետո ինչ հարց եղել է քննարկելու, միայն Մեղրիի համայնքապետարանում է եղել: Մինչ խոշորացումը ցանկացած հարց քննարկվում էր այստեղ: Մինչև խոշորանալը ընկերությունը դեռ պայմանագրեր չէր կապել, չէին շահագործում, երբ սկսեց շահագործել, պայմանագրեր կնքվեցին, գումարները գնաց խոշորացված համայնք»,- ասաց Հովհաննես Միրզոյանը:

Նշենք, որ ընդերքօգտագործման պայմանագրով «Թաթսթունը» պարտավորվել է ազդակիր համայնքին տարեկան 440 հազար դրամ տրամադրել սոցիալ-տնտեսական ծրագրերի համար, 375 հազար դրամ՝ մանկապարտեզներում և դպրոցներում աշխատանքներ կատարելու, 250 հազար դրամ դպրոցի համար գրենական պիտույքներ ձեռքբերելու համար: Նախատեսվում էր ստեղծել ընկերության աշխատակիցների տարբեր սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ֆոնդեր՝ ըստ անհրաժեշտության 850 հազար դրամի չափով: Սոցիալապես անապահով ընտանիքներին պետք է ցուցաբերվեր դեղորայքային օգնություն՝ տարեկան 215 հազար դրամի չափով, իսկ սոցիալապես անապահով ընտանիքի 1 ուսանողի ուսման վարձի համար տարեկան տրամադրվեր 750 հազար դրամ։

«Թաթսթոունի» կատարած աջակցության մասին Մեղրիի համայնքապետարանի կազմակերպական բաժնի պետ Վանիկ Սարգսյանը նշեց. «2020թ. համայնքում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի համար ընկերությունը հատկացրել է 3 միլիոն և 2 միլիոն 30 հազար դրամ գումար»: 

«Թաթսթոուն»-ը սոցիալ-տնտեսական պարտավորություններ է ունեցել նաև Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թխկուտի տեղամասի ընդերքօգտագործման պայմանագրով: «ԷկոԼուրի» հետ զրույցում Լեհվազ/Վարդանիձոր բնակավայրերի վարչական ներկայացուցիչ Ռաֆիկ Մկրտչյանը նշեց, որ այդ օժանդակությունների մասին տեղյակ չէ: Այգեձորում դեռ խորհրդային տարիներից ո՛չ մանկապարտեզ է եղել, ո՛չ էլ՝ դպրոց:

Ըստ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) պաշտոնական կայքում հրապարակված ընկերության հաշվետվություների՝  ընկերությունը 2017թ. Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրին հատկացրել է 3 միլիոն դրամ, 2018թ.՝ 12 միլիոն դրամ գումար։ 2016թ-ին Լիճքի գյուղական համայնքին տրամադրել է 400 հազար դրամական արժեքով բանող և մթերատու կով, երեխաներին տրամադրել 157 հազար 640 դրամի քաղցրավենիք։ 2017թ. Մեղրիի համայնքի արտաբյուջետային հաշվին է փոխանցել 2 միլիոն 30 հազար դրամ գումար։ 2018թ. Մեղրիի համայնքի արտաբյուջետային հաշվին է փոխանցել 11 միլիոն 30 հազար դրամ:

Ներկայումս գյուղերում առկախված են մնացել ջրի, անբարեկարգ ճանապարհների հարցերը: ԷկոԼուրի հետ զրույցում Թխկուտի բնակիչները նշեցին. «Մեր ջուրը սարից ինքնահոս է գալիս: Ձմռան ամիսներին էլ սառում է՝ ջուր չի լինում անգամ, որ լվացքի մեքենան աշխատի: Ստիպված ջուրը բերում ենք ներքևից՝ մայրուղու մոտ գտնվող հուշաղբյուրից: Հանքարդյունաբերական ընկերությունները կարող էին գյուղի համայնքային ճանապարհի ասֆալտապատման խնդիրը լուծել կամ էլ ջրի համար խողովակաշարեր կառուցել», - նշեցին բնակիչները:

Լեհվազ/Վարդանիձորի վարչական ղեկավար Ռաֆիկ Մկրտչյանը նշեց, որ ներկայում գյուղացիները զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ ու չրերի վաճառքով: Սակայն այդ ամենը փոքրածավալ եկամուտներ է բերում բնակիչներին:

Գյուղերում առկա գործազրկության, պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից ելնելով, չունենալով աշխատանքի այլընտրանք՝ մարդիկ դեմ չեն հանքերի շահագործմանը: Սակայն հանքերը, ըստ նրանց,  պետք է շահագործվեն բացառապես բնապահպանական բոլոր նորմերի պահպանմամբ:  Հանքարդյունաբերական ընկերությունները պետք է հաշվետու լինեն ազդակիր բնակավայրերի առաջ իրենց գործունեության համար  և կատարեն  ստանձնած պարտավորությունները:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



Մայիս 31, 2021 at 12:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր