Հանքարդյունաբերողի կողմից 184 աշխատատեղի ստեղծման ծրագիրը մնացել է թղթի վրա

Հանքարդյունաբերողի կողմից 184 աշխատատեղի ստեղծման ծրագիրը մնացել է թղթի վրա

«Ղարագուլյաններ» ՓԲԸ-ն, որին 2016թ-ից տրամադրվել է ՀՀ Սյունիքի մարզի Վերին Վարդանիձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի կենտրոնական տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը, հանքը չի շահագործել: 2021թ-ի տարեսկզբի դրությամբ ազդակիր Վարդանիձոր բնակավայրի բնակիչները ԷկոԼուրի հետ զրույցում նշեցին, որ հանքի շահագործման մասին տեղյակ չեն: Հանքի չշահագործման մասին նշված է նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակներում ընկերության հրապարակած 2016-2018թթ. հաշվետվություններում:

Ընկերությունը նաև ունի նույն հանքի տարածքում երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն, որի ժամկետը ցանկացել է երկարաձգել 2019թ-ին: Ընկերությունն աշխատանքների չկատարելը բացատրել է նրանով, որ բազմիցս դիմել է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին՝ խնդրելով փոխել 17,53 հա հողատարածքի նպատակային նշանակությունը: Գործընթացի ձգձգման հետևանքով հետաձգվել են շինարարական աշխատանքները ստորգետնյա հանքում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը 2020թ-ի հրամանով մերժել է ընկերության դիմումը պայմանագրային պարտականությունների կատարման խախտման հիմնավորմամբ:

«Ղարագուլյաններ» ՓԲԸ-ին հատկացված հանքավայրի տարածքը կազմում է 209,9 հա, իսկ արդյունահանման տարեկան թույլատրված ծավալը՝ 150 հազար տոննա, շահագործման ժամկետը՝ մինչև 2053թ.։ Հանքի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի համաձայն՝ արդյունահանված հանքաքարը նախատեսվել է վաճառել համապատասխան վերամշակող կազմակերպություններին, իսկ պահանջարկի բացակայության դեպքում՝ հանքաքարը հետագա վերամշակման համար տեղափոխել Կապանի լեռնահարստացման կոմբինատ: Հայտը բնապահպանական փորձաքննության է ներկայացվել 2016թ-ին: Փորձաքննական եզրակացությունը հրապարակված չէ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։ Ըստ էության, այն կորցրել է իր ուժը, քանի որ փորձաքննական եզրակացությամբ նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվել փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի: 

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակներում ընկերության ներկայացրած հաշվետվությունների համաձայն՝ 2016-2018թթ. ընկերությունում զբաղվածների թիվը կազմել է 1 մարդ։ Մինչդեռ Մեղրի խոշորացված համայնքը մեծ հույսեր է ունեցել այս հանքի շահագործման հետ կապված, քանի որ Մեղրի համայնքի 2017-2021թթ. զարգացման հնգամյա ծրագրում նշված է, որ ընկերության աշխատանքի արդյունքում ակնկալվում է 184 նոր աշխատատեղի բացում, ինչը կլուծի բնակչության սոցիալական խնդիրների մի մասը: 

Ընդերքօգտագործման պայմանագրով «Ղարագուլյաններ» ՓԲԸ-ն սոցիալ-տնտեսական պարտավորություններ ունի հանքին ազդակիր համայնքների նկատմամբ: Մասնավորապես, պարտավորվել է ամեն տարի հատկացնել 0,5 միլիոն դրամ մանկապարտեզի և դպրոցների շենքերի վերանորոգման համար,  0,25 միլիոն դրամի օժանդակություն՝ մեկ ուսանողի կիսամյակային վճարի համար, իսկ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մասնակցության համար՝ 0,5 միլիոն դրամ: Բացի այդ, պարտավորություն կար գյուղական միջհամայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման համար խիճ և ավազ տրամադրելու մասով: 2016 և 2017թթ. այս պարտավորություններն ընկերությունը չի կատարել։ 2018թ. Մեղրիի համայնքապետարանին է փոխանցել նշված պարտավորությունները կատարելու համար նախատեսված գումարները միայն նշված տարվա համար:

Մեղրիի համայնքապետարանի կազմակերպական բաժնի պետ Վանիկ Սարգսյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ 2020թ. ընկերությունը սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար Մեղրիի համայնքապետարանին է փոխանցել 1 միլիոն դրամ գումար:

Սոցիալ-տնտեսական պարտավորությունների կատարման հարցը ուղղեցինք նաև հանքին ազդակիր Լեհվազ/Վարդանիձոր բնակավայրերի ներկայացուցիչ Ռաֆիկ Մկրտչյանին: Ֆինանսական փոխանցումների մասին նա տեղյակ չէր, իսկ գյուղական միջհամայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման համար տրամադրվելիք խճի և ավազի մասով ասաց. «Ոչինչ չեն արել»: 

Համայնքի այլընտրանքային զարգացման վերաբերյալ Մեղրիի համայնքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ համայնքում անասնաբուծությունը լիարժեք զարգացած չէ, սակայն արոտավայրերի պակաս էլ չունեն: «Շատ կուզեի, որ անասնաբուծությունը Մեղրի համայնքում այնքան շատ զարգանար, որ արդեն սկսեր հողամասերի հետ կապված մրցակցություն հանքարդյունաբերության հետ: Այդ ժամանակ մենք հանքարդյունաբերողին կարող էինք առաջարկել, որ գյուղատնտեսը մեզ ավելի լուրջ առաջարկ ունի, ավելի շատ գերադասում ենք այն»,- նշեց Վանիկ Սարգսյանը:

Ընկերությունը հողի վարձակալության պայմանագիր է ունեցել Մեղրի համայնքի հետ, որը, ըստ Վանիկ Սարգսյանի, դադարեցրել է:

Հունիս 03, 2021 at 15:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր