

Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքում կրկին կոնֆլիկտներ են առաջացել` պայմանավորված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից «Մետալ Գոլդ» ընկերությանը՝ Գլաձորի բազմամետաղային հանքավայրում 3 տարի ժամկետով արդյունաբերական նպատակով երկրաբանական հետազոտության թույլտվության տրամադրմամբ:
«Մետալ Գոլդ»-ը Գլաձոր համայնքից թույլտվություն ստանալու նպատակով հանրային լսում էր նախատեսում անցկացնել, թեպետ ըստ ընկերության ծրագրի, աշխատանքները կրելու էին զուտ գրասենյակային և համակարգչային բնույթ և դաշտային աշխատանքների հետ որևէ առնչություն չէին ունենալու։ 2021թ. մայիսի 11-ին Գլաձոր համայնքի բնակիչները թույլ չտվեցին հանրային լսումների անցկացումը:
Ներկայումս համայնքում տեղի են ունենում տարբեր հանդիպումներ և քննարկումներ: ԷկոԼուրի թիմը մասնակցեց նմանատիպ քննարկումներից մեկին, որը, ինչպես և ավելի վաղ հայտարարվել էր, նվիրված էր այդ տարածքի էկոլոգիական անվտանգությանը: Հանդիպման ընթացքում ծագեցին կոնֆլիկտային իրավիճակներ, քանի որ զբաղվածության խնդիր ունեցող երիտասարդների մի մասն ընկերությունից ստացել էր աշխատատեղեր ստեղծելու խոստումներ: Նրանք կոնֆլիկտի մեջ մտան տեղի այն բնակիչների հետ, ովքեր դեմ էին համայնքում հանքագործների ցանկացած տեսակի գործունեությանը:
Հիշեցնենք, որ Գլաձոր համայնքի բնակչությունը դեմ է հանքավայրի շահագործմանը, հետախուզական աշխատանքների իրականացմանը, իսկ համայնքի ավագանին հավատարիմ է իր՝ 2019թ. ապրիլի 29-ին ընդունած «Գլաձոր համայնքը էկոտնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» թիվ 44 որոշմանը: Հանրագրով Գլաձոր համայնքի կազմի մեջ մտնող Գլաձոր, Վերնաշեն և Գետափ գյուղերի 2152 բնակիչներ խնդրել և պահանջել են արգելել և ապագայում բացառել Գլաձոր համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքների իրականացումը:
Որպես հանքարդյունաբերությանն այլընտրանք՝ տեղի բնակիչներն իրենց համայնքի զարգացումը տեսնում են գյուղատնտեսության, գինեգործության և տուրիզմի մեջ: Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանն ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ Կորեկի ձոր կոչվող տարածքում ջրամբարաշինության ծրագիր է քննարկվում: «Այդ ծրագրի իրականացման դեպքում Մալիշկայում, Վերնաշենում և Գլաձորում 800-900 հա ոռոգելի կդառնա»,- ասաց նա:
ԷկոԼուրի թիմը կարծում է.
- Չնայած ընկերության ծրագրում ընդգծվում է, որ իրականացվելու են գրասենյակային աշխատանքներ, սակայն ընկերությունը նախատեսում է անցկացնել դաշտային աշխատանք և համայնքից ուսումնասիրության համար վերցնել 10 000 խմ փորձանմուշ: Դաշտային աշխատանքների անցկացումը պահանջում է բնապահպանական փորձաքննության անցկացում, ինչի համար անհրաժեշտ է համայնքում նախնական լսումների անցկացումը համայնքի համաձայնությունը ստանալու համար: Այսինքն՝ ներկայացված ծրագրում կան հակասություններ:
- Ծրագրում բացակայում է գործունեության հետևանքների՝ բնապահպանական մասի նկարագրությունը, ուստի հնարավոր չէ գնահատել հետազոտման ենթակա տարածքներում առկա ՀՀ կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, ստորգետնյա աղբյուրների, Արփա, Եղեգիս, Գրաֆ, Մալիշկա և հանքավայրի տարածքով հոսող Կորեկի–ձոր գետերի վրա Ծրագրի գործունեության հնարավոր ազդեցությունները։ Հնարավոր չէ նաև տալ եզրակացություն դրանց վրա բացասական ազդեցության կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսվող միջոցառումների մասին։
- Ուսումնասիրվող տարածքի կենտրոնական մասը գտնվում է «Եղեգնաձոր» պետական արգելավայր հատուկ պահպանվող տարածքի անմիջական սահմանագծից մոտ 650 մետր հեռավորության վրա, սակայն բնության հատուկ պահպանվող տարածքի վրա ազդեցությունը նույնպես գնահատված չէ։
- Ներկայացված աշխատանքային Ծրագրից հետևում է, որ ուսումնասիրությունները կատարվելու են հանքավայրի՝ հետագա շահագործման նպատակով /որպես օրինակ ունենալով նախկինում ոսկու կորզման նպատակ հետապնդող Ընկերության նկրտումները/: Այստեղ ակնառու է բնական պաշարների արդյունավետ, համալիր և բանական օգտագործման սկզբունքի խախտման միտումը։
- ՏԻՄ մարմինները հողհատկացում չեն կատարել երկրաբանահետախուզական աշխատանքների համար /այդ ոլորտում դատաիրավական գործընթացները դեռևս գտնվում են ընթացքի մեջ/։
Օգոստոս 11, 2021 at 17:22
