23 համայնք մասհանում կստանա ընդերքօգտագործողների վճարած ռոյալթիից

23 համայնք մասհանում կստանա ընդերքօգտագործողների վճարած ռոյալթիից

Սույն թվականի օգոստոսի 12-ին գործադիրը հավանություն տվեց ընդերքօգտագործողների վճարած ռոյալթիից ազդակիր համայնքներին 2%-ի չափով մասհանում կատարելու մասին օրենսդրական փաթեթի նախագծին:

Օրենսդրական փոփոխությամբ ռոյալթիից մասհանումը պետք է բաշխվի տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի և Հայաստանում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքների միջև` 50/50 հարաբերակցությամբ։ 
ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց. «Առաջարկվող բարեփոխմամբ կներդրվի ընդերքօգտագործման ոլորտից ստացված եկամուտների արդարացի վերաբաշխման հայեցակարգը: Նախագծով առաջարկվում է հանքարդյունաբերության ոլորտում ռոյալթի վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների 2 տոկոսը ուղղել տվյալ ազդակիր համայնքներին: Նոր 2 տոկոսի մասին չէ խոսքը, այլ արդեն վճարված 2 տոկոսից մասհանման մասին է խոսքը: …Նախագծով առաջարկվում է համայնքին հնարավորություն տալ բաշխված համայնքային ռոյալթին ուղղել լրացուցիչ բնապահպանական ծախսերին և այլ կապիտալ ծախսերին, ինչպես նաև սահմանել համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիի ծախսերի մասով հաշվետվության լրացուցիչ առանձին հրապարակում՝ ապահովելու համար բաշխված ռոյալթիների օգտագործման թափանցիկությունը: …Նախագիծը քննարկվել է նաև քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների կողմից, արժանացել է հավանության»:

«Նախորդ տարվա կարգավորումների սահմաններում խոսքը մոտ 700 միլիոն դրամի մասին է: Եթե հաշվի առնենք, որ մենք ընդհանուր առմամբ ռոյալթիների համակարգը վերանայելու գործընթացի մեջ ենք, և հաշվի առնելով, որ մետաղների գները կանխատեսումներով շարունակաբար բարձրանալու են, այդ գումարը նույնիսկ նախորդ տարվա չափանիշներով փոքր չէ: Համայնքները կարող են այդ գումարներով իրենց սուբվենցիոն հնարավորություններն ընդլայնել: 23 համայնքի մասին է խոսքը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ռոյալթին բնօգտագործման վճարի տեսակ է, որը վճարվում է ՀՀ պետական բյուջե՝ մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար։

ՀՀ ԱԺ կողմից օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2023թ-ի հունվարի 1-ից:

Օգոստոս 12, 2021 at 15:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր