Ավանում ձուլման տեղամաս կազմակերպելու ՇՄԱԳ հայտին պետք է բացասական եզրակացություն տրվի

Ավանում ձուլման տեղամաս կազմակերպելու ՇՄԱԳ հայտին պետք է բացասական եզրակացություն տրվի

Երևանի Ավան վարչական շրջանում «Քոփփեռ» ՍՊԸ-ի կողմից ձուլման տեղամասի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության հայտին պետք է բացասական եզրակացություն տրվի: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ներկայացնելով բացասական եզրակացություն տալու համար առկա կարևոր հիմնավորումները:

Նամակում մասնավորապես նշված է.

«1. Ձուլման տեղամասն ունենալու է ջրի շրջանառու համակարգ և բետոնե հատակ՝ բացառելով արտադրական հոսքերի ներթափանցումը գրունտային ջրեր։ Այն տեղակայվելու է Ավանի աղի հանքավայրից 600 մ հեռավորության վրա, և եթե  խաթարվի ջրի շրջանառու համակարգը, ապա սննդային կերակրի աղի շերտերը կհայտնվեն աղտոտման ռիսկի տակ: Այս ռիսկը պատշաճ գնահատված չէ հայտում։

2. Ըստ հայտի՝ նախատեսվում է տարեկան 50 կգ (4-րդ  կարգի վտանգավորության թափոն) յուղով պատված լաթերի տեղափոխում քաղաքային աղբավայր։ Ներկայացված թափոնների դասը չնայած համապատասխանում է ՀՀ բնապահպանության նախարարի 25.12.2006թ. N 430-Ն հրամանով հաստատված հավելվածում նշվող  թափոնի ծածկագրին և դասին, սակայն գործնականում այն համոզիչ չէ, քանի որ այդ յուղերը կարող են իրենց մեջ պարունակել նաև շատ ավելի տոքսիկ նյութեր՝ օրինակ վտանգավորության առաջին դասին պատկանող պոլիքլորացված դիֆենիլներ և տերֆենիլներ պարունակող բանեցված տրանսֆորմատորային կամ այլ կարգի յուղեր և ներկայացնել լուրջ ռիսկ շրջակա միջավայրի և մարդու առողջության համար։

3. Ընկերությունը նախատեսում է նաև կազմակերպել բանեցված կապարե կուտակիչների հավաքում և պահեստավորում։ Այդ կարգի կուտակիչները դասվում են վտանգավորության 3-րդ դասին։ Նախատեսվում է միայն չոր կուտակիչների ընդունում, սակայն նախագծում բացակայում են դրանց չորությունը հաստատող փաստարկների հավաստիությունը հաստատող գործընթացների նկարագիրը։ Գործնականում եթե կուտակիչները չլինեն «չոր», ապա կարող են առաջանալ կուտակիչներից թթվահիմնային էլեկտրոլիտների   արտահոսքի ռիսկեր։ Հայտում բացակայում են  այդ արտահոսքերի կանխարգելմանն ուղղված միջոցառումները և դրանց համար պահանջվող արտադրական ջրապահանջի և քանակների հաշվարկները։

4. Հայտում չեն բերվել մետաղագործության արտադրությունում առաջացող ալյումինի օքսիդի և ալյումինի արտադրության մեջ առաջացող էլեկտրազտիչների փոշու և պղնձի խարտվածքի հեռացման կամ տեխնոլոգիական պրոցեսում դրանց օգտագործման  հետ կապված խնդիրների լուծումները։

5. Ըստ հայտի՝ ինչպես խմելու-տնտեսական, այնպես էլ արտադրական կարիքների համար օգտագործվելու է խմելու ջուր քաղաքի ջրմուղու համակարգից: ՀՀ ջրային օրենսգրքի 120-րդ հոդվածի համաձայն՝ խմելու ջրի ստանդարտին համապատասխանող ջրային ռեսուրսների օգտագործումը բնակչության` խմելու, կոմունալ և կենցաղային, առողջապահական կարիքների համար համարվում է առաջնային: Բնակչության համար մատակարարվող խմելու ջրից արտադրական նպատակով օգտագործումը կարող է հանգեցնել բնակչության կարիքների համար խմելու ջրաքանակի նվազեցման: Այս ռիսկը ևս հաշվի չի առնվել»: 

Հիշեցնենք, որ «Քոփփեռ» ՍՊԸ-ի կողմից սեպտեմբերի 16-ին Երևանի Ավան վարչական շրջանում ձուլման տեղամասի աշխատանքների՝ ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումների 4-րդ փուլը չի կայացել1in.am լրատվականի հաղորդավար Գոհար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ լսումները չկայացան պատշաճ իրազեկում չկատարելու հետևանքով:

Սեպտեմբեր 22, 2021 at 10:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր