«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն Քարաբերդի ոսկու հանքավայրում երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային լսումներ է կազմակերպում

«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն Քարաբերդի ոսկու հանքավայրում երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային լսումներ է կազմակերպում

«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն նախատեսում է Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել: Նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսումները նշանակված են 2022թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 13:00-ին, Լոռու մարզի Փամբակ համայնքի ղեկավարի նստավայրում (գյուղ Փամբակ, 1-ին փողոց, 23 շենք): Այս մասին տեղեկանում ենք Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայքից:

Ըստ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նախագծի՝ հանքավայրի հարավային թևում շարունակվում է թիվ 3 հանքային մարմինը (շահագործվող) իր բազմաթիվ ճյուղավորումներով, որոնք ևս ենթակա են ուսումնասիրման՝ Կենտրոնական տեղամասի պաշարների վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելու և նոր պաշարներ շահագործման մեջ ընդգրկելու համար:

Ընկերությունը տվյալ տարածքներում նախատեսվում է կատարել երկրաֆիզիկական աշխատանքներ, երկրաքիմիական նմուշարկում և հետազոտություններ, մակերեսային բնական և արհեստական մերկացումների նմուշարկում, մինչև 100 մ խորությամբ հետախուզական հորատանցքերի անցում ու նմուշարկում: «Հիդրոթերմալ փոփոխված ապարների հզոր գոտիներում ակոսի միջին երկարությունը նախատեսվում է 1-2 մ: Ակոսային նմուշարկման կենթարկվեն արհեստական (ճանապարհներ) և բնական մերկացումները, ինչպես նաև նախկինում անցած հետախուզաառուները: Նախատեսվող հորատման աշխատանքների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 1000 գծ.մ, շուրջ 10-15 հորատանցք»,- նշված է ընկերության կողմից ներկայացված փաստաթղթում:     

«Նախատեսվում է երկրաբանահետախուզական աշխատանքներն իրականացնել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի պահանջներին համապատասխան: Ընդերքի օգտագործման ընթացքում անհրաժեշտ է պահպանել ընդերքի պահպանության համար սահմանված նորմերն ու կանոնները: Երկրաբանական ուսումնասիրությունների համար ընդգրկվող տարածքի վրա բացակայում է անտառային գոտին և չկան բնակելի շինություններ: Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար նախատեսվում է ճանապարհների պարբերական ջրման աշխատանքներ»,- նշված է նախագծում:  

Նշենք, որ ընկերությունը սույն թվականի նոյեմբերի 4-ին Փամբակ գյուղում Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում 2022-2025թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու, կենտրոնական տեղամասի արդյունահանման նախագծի ժամկետն երկարացնելու ու հանքահարստացուցիչ ֆաբրիկա կառուցելու վերաբերյալ մեկ այլ քննարկում էր նախաձեռնել: Տեղի բնակիչները, սակայն, այդ լսումները տապալեցին: Բնակիչները տարիներ շարունակ ահազանգում են հանքավայրի հասցրած վնասների մասին՝ բարձրաձայնելով բերքի չորացման, հանքում պայթեցումների հետևանքով գյուղի արոտների վրա փոշու տարածման խնդրի մասին:

Դեկտեմբեր 09, 2022 at 15:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր